Հայրենասիրությունն ընդդեմ բոլոր դժվարությունների
31.08.2023 16:41

Արցախի պաշարման 261-րդ օրը Հակոբջանյանները դիմավորում են ինչպես միշտ՝ անտրտունջ։ Բազմանդամ ընտանիքը կենսական նշանակության ապրանքների պակաս շատ է զգում, սակայն դեռևս կարողանում է դիմակայել, լուծումներ գտնել։

Մինչ 44-օրյա պատերազմը Վլադիմիր Հակոբջանյանն Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն էր։ Երանությամբ է հիշում, թե ինչպես էին տարիներ շարունակ մի քանի վագոն-տնակից բաղկացած դպրոցում կազմակերպում դասապրոցեսը։  Վերջին տարիներին կառուցվեց նորակառույց, միջազգային նորմերին համապատասխան դպրոցական շենք։ Ամեն մի դժվարություն հաղթահարված էր, իսկ  դպրոցի հարակից տարածքում վեր խոյացած խաչքարը տեղանքի հայկականության խոսուն վկան…

Այս ամենը, սակայն, այլ իրականության մեջ էր։ Այսօր պայքարն օրվա ապրուստն ապահովելն է դարձել, ու Վլադիմիր և Նոյեմ Հակոբջանյանները, որոնց հարկի տակ 4 զավակ է հասակ առնում, ճգնաժամային իրավիճակը դեռևս կարողանում են հաղթահարել աշխատասիրության ու համառության շնորհիվ։

- Մեր ընտանիքն ավանդաբար սննդի, հիգիենայի պարագաների և այլ խնամքի միջոցների պահեստավորած պաշարներ միշտ էլ ունեցել է,  44-օրյայից հետո՝ առավել ևս։ Այդ ամենը խնայողաբար օգտագործելով, դեռևս կարողանում ենք կազմակերպել մեր կենցաղը։ Հաց ինքներս էինք թխում թոնրում։ Հիմա ալյուրի խնդիր ունենք և հացը կտրոնով ենք գնում։ Ամառվա այս ամիսներին սննդային բաժնում մեծ տեղ է հատկացվում մեր բանջարանոցում աճեցրած տարատեսակ բանջարեղենին։ Այգում ունենք մրգերի, հատապտուղների որոշակի տեսակներ, սակայն դրանք չեն կարող փոխարինել երեխաների ամենասիրելի քաղցրեղենին։ Մեծապես օգնել է նաև կտրոնային համակարգով տրամադրված սնունդը,- ասում է Վլադիմիր Հակոբջանյանը։

-Մեր և մեր հասակակիցների կյանքը մի իսկական պայքար է հենց ծնված օրից,- նկատում է տանտիկինը,- ու ամենասարսափելին այն է, որ չգիտենք որտեղ է մեր տառապանքների շղթայի վերջին օղակը։ Երեխաների բազմաթիվ ինչուներ անպատասխան են մնում, հաճախ զգացմունքներս տեղին են տալիս, սակայն աշխատում եմ, որպեսզի երեխաները չնկատեն։ Փոքրիկներս սիրով են արձագանքում բանջարանոցում օգնելու հարցում, իրենց ձեռքերով հավաքում բերքը։  Հիմա էլ ժամանակն է, որպեսզի ձմեռվա համար պաշար ամբարենք, սակայն բուսական յուղի, աղի, շաքարավազի պակասության հետևանքով չեմ կարողանում որևէ բան ձեռնարկել։

Առջևում նոր ուսումնականն է։ Հակոբջանյանները, ինչպես և բազմաթիվ արցախցիներ, տարատեսակ խնդիրների են բախվում՝ հագուստ, գրենական պիտույքներ գտնելը շատ դժվար է, մանավանդ,  երբ կտրված է տրանսպորտային հաղորդակցությունը մայրաքաղաքի հետ։

-Նոր ուսումնականին պատրաստվել ենք շատ սուղ միջոցներով։ Երեխաները կկրեն նախորդ տարվա հագուստը, պայուսակները՝ նույնպես։ Տետրերի որոշակի քանակ ունենք։ Դպրոցում, պարզ է, բուֆետ չի գործելու, տանն էլ քաղցրավենիք չկա։

Խոսելով վերջին օրերին Արցախում, մասնավորապես Ասկերանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, Վլադիմիր Հակոբջանյանը նշեց, որ, չնայած բոլորիս ամենամեծ խնդիրը հանապազօրյա հացն է, սակայն այն թշնամու ձեռքից ստանալը դավաճանություն կհամարի։

-Ուրախ և հպարտ եմ, որ արցախցիներս միակամ ենք այս հարցի շուրջ՝ ժամանակավոր ստամոքսի խնդիր չպետք է լուծվի։ Կա միայն մի ճանապարհ, դա Բերձորի (Լաչինի) միջանցքն է:

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter