ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ
02.09.2023 09:00

Սիրելի՛ հայրենակիցներ.
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։
Բազմաթիվ զրկանքների, զոհողությունների ու աշխարհասփյուռ հայության միաբանության շնորհիվ մենք կարողացանք ձեռք բերել Անկախությունը։ Փաստորեն, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ազատ ու անկախ Արցախի Հանրապետության ծնունդը բոլորիս տառապանքների արդարացումը եղավ։
Ցավոք, այսօր խարխլված են մեր պետականության հիմքերը, և մենք միասին խիզախում ենք պատվով ու հավատով դիմակայել թշնամու բոլոր սպառնալիքներին։ Ու արցախցիներիս համար դժվարագույն այս ժամանակահատվածում կոչ եմ անում լինել միաբան ու ամրակուռ առավել քան երբևէ՝ գիտակցելով, որ Միասնության ծնունդը Հաղթանակն է։
Հայրենակիցնե՛ր, մենք, դուք, բոլորս պարտավոր ենք այլևս չսխալվելու, մենք չհաջողելու իրավունք չունենք։ Քանզի պարտավորված ենք մեր հայրենանվեր նախնիների, մեր սուրբ նահատակների գործի շարունակողը լինել և նրանց արյամբ սրբացած հողն անձնվիրաբար պաշտպանել։
Գլուխ խոնարհելով հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների անմար հիշատակի առաջ՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության պետական անկախության առթիվ։
Լինենք մեր գործի նվիրյալը, արարենք, ստեղծենք մնայուն արժեքներ՝ շենացնելով Արցախը։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter