ՀԱՂԹԱՐՇԱՎՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
28.12.2023 11:41 |
Ասկերանի շրջանի աշակերտների հաղթարշավները շարունակվում են։ Դրանք արձանագրվում են ոչ միայն կրթության բնագավառում, այլ նաև մարզական աշխարհում։ Այս անգամ արցախցիներիս հպարտության հույզեր պարգևեց Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Արթուր Շահբազյանը։ Դպրոցի աշակերտները միշտ էլ առաջնակարգ տեղեր են զբաղեցրել առարկայական օլիմպիադաներում, մշակութային և մարզական միջոցառումներում։ Արթուր Շահբազյանը դպրոցի հաջող հանդես եկող պատանի շախմատիստներից է, ով մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սովորում էր դպրոցի 10-րդ Ա դասարանում: Բռնի տեղահանումից հետո Արթուրի ընտանիքը ժամանակավորապես հաստատվեց Էջմիածնում: Նոր կրթօջախում Արթուրը մասնակցել է իմաստուն խաղի մի շարք մրցումների՝ հասնելով լուրջ հաջողությունների: Դեկտեմբերի 27-ին շախմատի Վաղարշապատի համայնքի բաց առաջնությունում՝ որին մասնակցում էր 30 շախմատիստ, նորագյուղցի պատանին գրավել է մրցանակային 2-րդ տեղը և պարգևատրվել պատվոգրով ու գավաթով: Այժմ Արթուրը պատրաստվում է մասնակցել շախմատի Արմավիրի մարզային առաջնությանը, որը կկայանա դեկտեմբերի 29-ին: Հաջողություն և հաստատակմություն ենք մաղթում մեր հայրենակցին իմաստուն խաղի բնագավառում, քանզի այսօր քան երբևէ մեզանից յուրաքանչյուրը պարտավորված և դատապարտաված է միմիայն հաղթանակներ արձանագրելու։Տեղին եմ համարում արձանագրել, որ Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անունը կրող միջնակարգ դպրոցի բազմավաստակ ուսուցիչ Վանյա Պետրոսյանն անմնացորդ սեր ու նվիրվածութուն է սերմանել իր սանիկների մեջ՝ իմաստուն խաղի նկատմամբ, ովքեր այժմ սփռված լինելով աշխարհով մեկ բաձր են պահում հարազատ ծննդավայրի և Հայրենիքի անունը։ Առհավատչյան՝ մեկ այլ սանիկի՝ Գևորգ Բալայանի հաղթանակն է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Նովոալեքսանդրովսկի շրջանի շախմատի մրցությունում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |