ԽԱՆՑՔԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԳԱՎԱՌՈՒՄ |
26.12.2023 12:59 |
Արցախից բռնի տեղահանված Լիլիա Առաքելյանը հարազատ Խանցք գյուղից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին, իսկ հաջորդ օրը՝ մինուճար աղջկա, փեսայի և յոթ անչափահաս թոռների հետ բռնել է գաղթի ճանապարհը։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին էր հողին հանձնել ծերունի հորը։ Արտասուքն աչքերում, հայրենիքի կորստյան ցավը սրտում, Լիլիային միայն թոռնիկներն էին ապրելու ուժ տալիս․ հանուն նրանց պետք է ամուր լինի, իսկ փոքրիկների փրկության ճանապարհը դեպի Մայր Հայաստան տանող կյանքի ճանապարհն էր, որը փակ էր շուրջ ինը ամիս։ Վերջին ամիսների զրկանքները, մեկ օրյա սարսափելի պատերազմն ու սեպտեմբերի 25-ի մահաբեր պայթյունը հալումաշ էին արել կյանքի բազում դժվարություններ հաղթահարած խանցքեցի կնոջը․․․ 48 ժամ ճանապարհ անցավ բազմանդամ ընտանիքը։ Ինչպես պատմում է տիկին Լիլիան, իսկական դժոխքի միջով անցան․ երեխաները կիսասոված, հոգնած, մեծերը՝ անորոշ մտքերի մեջ․ ախր չգիտեին՝ ինչպե՞ս կդասավորվի իրենց ապագան։ Թոռնիկները՝ Լիան, Սվետլանան, Արևիկը, Ռոզան, Մարատը, Վլադիմիրը, Նարինեն, որոնք շատ էին սիրում տատիկին, ստիպում էին նրան ժպտալ ու չլացել այլևս․․․Իրենց հետ բացարձակ ոչինչ չէին վերցրել․ չհասցրին։ Ողջ ճանապարհին սիրասուն տատիկը մեկ րոպե անգամ աչք չփակեց, հանկարծ բան չպատահի, իսկ Հակարիի կամուրջն անցնելու պահին, մտածեց, թե սիրտն ահա կանգ կառնի ու սարսուռներով պատվեց, երբ թշնամու ինքնահավան դեմքերը տեսավ։Անցան, թեթևացած շունչ քաշեց․․․Վերջապես հասան Գորիս, որտեղ նրանց դիմավորեց փեսայի ընկերը ու տուն տարավ։ Հոգեհարազատ և սրտացավ ընտանիքում երկու օր մնալուց հետո՝ ընտանիքը շարժվեց առաջ ու ժամանակավոր բնակություն հաստատեց Գավառ քաղաքում։ Արդեն երեք ամիս է, ինչ Խանցքից տեղափոխված ընտանիքն ապրում է այստեղ։ Տիկին Լիլիայի խոսքով՝ աշխարհի ամենաբարի ու սիրառատ մարդիկ են Գավառում ապրում։ -Մենք արժանացանք մի այնպիսի ջերմ վերաբերմունքի, որ ասես մեր գյուղում լինեինք։ Ոչ մի անգամ չզգացինք, որ օտար ենք այստեղ։ Անչափ հոգատար և ուշադիր են մեր հանդեպ քաղաքապետարանի աշխատակազմը, գավառցիները։ Երբ եկանք ու վարձեցինք այս բնակարանը, անմիջապես սկսեցին օգնել մեզ՝ ցուցաբերելով նախևառաջ բարոյահոգեբանական աջակցություն, ապա սնունդ, հիգիենայի պարագաներ ու անհրաժեշտ կահույք։ Իհարկե, մեր հարազատ գյուղն անփոխարինելի ու անգնահատելի է, սակայն ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե այստեղ չհանդիպեինք բարի մարդկանց,-ասում է արցախցի կինը և ավելացնում,-ամեն գիշեր, երազիս մեջ մեր գյուղն եմ տեսնում, մեր գերեզմաններն ու սրբավայրերը։ Չեմ կարողանում համակերպվել, որ կորցրել ենք Արցախը։ Հույս ու հավատ ունեմ, որ կվերադառնանք։ Ախր, ինչպե՞ս կարելի է անհայրենիք մնալ, ախր կարոտից հալումաշ ենք լինում․․․Մեր զրույցի ընթացքում տիկին Լիլիան ժենգյալով հաց էր թխում և հիշում այն երանելի օրերը, երբ ընկերների ու հարևանների հետ գյուղում գեղեցիկ միջոցառումներ էին կազմակերպում։ Նրանց հյուրասեր սեղանները պատվում էին անարատ ու բնական ուտեստներով, որոնցով այնքա՜ն հպարտանում էին աշխատասեր ու հյուրասեր խանցքեցիները․․․Փոքրիկները (ավագ թոռնիկը տանը չէր) ուշադիր լսում էին տատի պատմածները, մտովի վերադառնում գյուղ ու կարոտում իրենց տունը, դպրոցն ու ընկերներին․․․ Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |