ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ԱՄԵՆՈՒՐ
24.12.2023 13:03

Ամեն անգամ սիրտդ խանդավառությամբ է լցվում, երբ լավ լուրեր ես լսում Հայաստանում սովորող արցախցի մեր երեխաների հաջողութունների մասին, իսկ երբ դրա մասին տեղեկացնում են Արցախի կրթօջախներում դասավանդող իրենց ուսուցիչները, կրկնապատկվում է ուրախությունդ․ուրեմն մեր ուսուցիչները շարունակում են հետևել իրենց սաներին, ապրել նրանցով և հպարտանալ բոլոր ձեռքբերումներով։Երբ Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրանտ Շեկյանը տեղեկացրեց իր լավագույն աշակերտներից մեկի՝ 8-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Պողոսյանի հաղթանակի մասին, նրա ձայնում հուզմունքի ելևէջներ կային։ Ակնհայտ էր, որ ուսուցիչը հպարտ է իր սանի համար։ Լուսինեն միշտ էլ աչքի էր ընկնում սպորտի հանդեպ մեծ սիրով և ուներ տվյալներ այդ բնագավառում առաջ գնալու և հաջողություններ ունենալու համար։ Նպատակասլաց էր, զուսպ, համարձակ ու պատասխանատու․․․Լուսինեն այսօր սովորում է Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում։ Աղջիկն այստեղ անմիջապես աչքի ընկավ սպրոտային իր պատրաստվածությամբ և օրերս մասնակցեց դպրոցում կազմակերպված բասկետբոլի ներդպրոցական խաղին՝ ճանաչվելով լավագույն հարձակվող աշակերտ։ Արժանանալով պատվոգրի՝ Լուսինեի հպարտությանը չափ չկար․ չէ՞ որ այդպիսով բարձր է պահում Արցախի և հարազատ դպրոցի պատիվը։ Սովորելով մի կրթօջախում, որ կրում է 2016 թվականի Արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Օնիկ Գրիգորյանի անունը, Լուսինեն ու իր հասակակիցները ձգտել են միշտ բարձր պահել հերոս քաջորդու անունը և լինել նրա արժանի հետնորդը։ Եվ այդ օրինակելի դաստիարակության համար պարտավոր են նախևառաջ իրենց ուսուցիչներին։Համոզված ենք՝ Լուսինեի աչքերում ծվարած թախիծն ու կարոտը մի օր անպայման կվերանան, քանզի աղջիկը գիտի՝ կվերադառնա հարազատ բնօրրան․․․Իսկ մինչ այդ՝ կշարունակի հաջողություններ ունենալ սիրած սպորտաձևում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter