ՈՐ ԲՈԼՈՐՆ ԻՄԱՆԱՆ, ՈՐ ՀԻՇԵՆ ՀԱՎԵՐԺ |
17.12.2023 13:09 |
Ուշ երեկոյան հաղորդագրություն ստացա․ Ասկերան քաղաքի երիտասարդ Նելսոն Սարգսյանն էր գրում։ Ու սիրտս փառավորվեց հպարտությունից, երբ իմացա տղայի ցանկության մասին։ Ընկերոջ՝ նահատակված հերոս Տիգրան Ավանեսյանի կենսագրությունն էր ուղարկել ու ցանկանում էր, որ այն տեղադրվի <<Բերդի>> էջում․ որ բոլորն իմանան, որ հիշեն հավերժ․․․ Այդ պահին իմ առջև կանգնեց Տիգրանն իր ողջ էությամբ․ բարձրահասակ, գեղեցկադեմ, համեստ, իսկ որքա՜ն խորունկ աչքեր ուներ․․․ Աղջկաս համադասարանցին էր․ մտովի մտաբերեցի Տիգրանի երեխա ժամանակից մինչև երիտասարդ տարիքն ունեցած ժամանակահատվածը, ապա անմիջապես հիշեցի 2020 թվականը։ Մարտական ընկերների հետ դիրքերից մեկ օրով հանգստի էր եկել՝ հոգնատանջ դեմքով էր, անասելի փոշու մեջ կորած։ Այնպես էր ստացվել, որ Ասկերանի նկուղներից մեկում պատսպարվել էինք նաև մի քանի կանայք և մայրական հոգատարությամբ էինք վերաբերվում մեր զինվորներին։ Երանի այդ օրերին․ հայրենիքում էինք, թեկուզ այն արյամբ էր շաղախվում։ Ուշ երեկո էր, մեր այն հարցին, թե ինչ կուզենար ուտել Տիգրանը, նա պատասխանեց․-<<Այնքա՜ն կուզեի ձվածեղ ուտել>>․․․Ապա ժպտաց իր համեստ ժպիտով․․․ Երբեք չեմ մոռանում այդ օրվա տպավորությունը և Տիգրանի խոշոր ու գեղեցիկ աչքերը։ ․․․Անիծում եմ բոլոր պատերազմները, թող նզովվեն բոլոր նրանք, որոնք այդքան կյանքի լույսեր հանգցրին․․․ Հավերժ փա՜ռք քեզ, Տիգրան, դու միշտ կմնաս ապրողներիս սրտերում․․․․․․Տիգրան Կարենի Ավանեսյանը ծնվել է 1996թ մայիսի 15-ին Ասկերան քաղաքում: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի սանը սովորում էր գերազանցությամբ, կրթօջախի լավագույն աշակերտներից մեկն էր։ Ուսման առաջադիմության և սպորտի բնագավառում ունեցած հոջողությունների համար արժանացել է մի շարք պատվոգրերի։ 2015 թվականին ընդունվել է ԱրՊՀ <<ֆինանսներ և կառավարում>> բաժինը։ Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է ծառայության առաջին պաշտպանական շրջան։ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ, Տիգրանը լինելով սերժանտ, գնդի հրետանու պետի հրամանատարական դասակի հրամանատարն էր, որը ըստ կանոնի զբաղեցնում է ոչ թե զինվորը, այլ սպան։ Ծառայությունն ավարտել է ավագ սերժանտի կոչումով ու ստացել գերազանցիկ զինվորի շքանշան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատերազմը սկսելուն պես առաջիններից մեկն էր, որ մեկնեց մարտական դիրքեր։ Ասկերան քաղաքից 13 կամավորների մեջ էր Տիգրանը։ Նա մինչև պատերազմի ավարտը կատարել է հրամանատարության կողմից տրված բոլոր հրամանները՝ չլքելով իր մարտական դիրքը։ 2022 թվականի մարտի 24-ին Քարագլխի ուղղությամբ սկսվեց ադրբեջանական ագրեսիան։ Տիգրանը կամավոր մասնակցել է Խանապատ գյուղի պաշտպանությանը և մեկ ամիս շարունակ իրականացրել մարտական հերթապահություն՝ պարգևատրվելով <<Տիգրան Մեծ>> մեդալով։ 2022թ հունիսի 17-ին համալրել է ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման շարքերը՝ ստանալով լեյտենանտի կոչում։ 2022 թվականի սեպտեմբերին կամավոր մասնակցել է Ջերմուկի մարտերին։2023 թվականի հուլիսի 8-ին Տիգրանը ամուսնացել է իր ընտրյալի հետ և գեղեցիկ ընտանիք կազմել, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմը տակնուվրա արեց զույգի բոլոր երազանքներն ու իղձերը։ Լինելով ПК գնդացրորդ մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ՝ գնալով գիտակցված մահվան, վայր չդնելով իր զենքը։ Տիգրանի և իր ընկերների կատարած սխրանքների մասին գիտեն իր հրամանատարները և ծառայակից ընկերները։ Եթե հայ ազգի մեջ շատ լինեին Տիգրանի պես անձնազոհ և հայրենասեր տղաներ, կարող էր Արցախի ճակատագիրը այսպես չավարտվեր։ Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |