ԱՍԿԵՐԱՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ 76
29.11.2023 13:23

Բազմաբնակարան այս շենքում ապրում էին տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր մարդիկ։ 80-ական թվականներին կառուցված այս շենքը շատ բան է տեսել իր կյանքում․ ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, պատերազմներ, շրջափակում, սոված օրեր, տեղահանում․․․Ասկերան քաղաքի Շահունյան փողոցի 76 շենք․․․ Բուռն կյանքով ապրող, աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդիկ։ Ամեն մասնագիտության մարդ էր ապրում մեր շենքում․ ուսուցիչ, իրավաբան, տնտեսագետ, զինծառայող, բուժքույր, վարսավիր, դերձակ, էլեկտրիկ, խոհարար, մեղվաբույծ, հողագործ, թոշակառու մանկավարժներ և պարզապես շա՜տ լավ մարդիկ․․․Այս թաղամասում է գտնվում մեր բակի հանրաճանաչ <<բեսեդկան>>՝ անդադար վիճաբանությունների առարկան։ Տղամարդիկ ու կանայք անընդհատ վիճում էին, թե ով առաջինը կզբաղեցնի այն։ Առանձնապես վեճերը տաքանում էին ամառային ժամանակահատվածում, երբ սկսվում էր բուրդ լվանալու և կանաչեղեն չորացնելու հայտնի սեզոնը։ Տղամարդիկ անզիջում էին․ դոմինոն ու նարդին ձգում էին նրանց, ու վաղ առավոտից արդեն իսկ <<գրավված>> էր տարածքը։ Սկսվում է կանանց հերթական թոնթորանքը․ <<Այսպես էլ բան կլինի, ախր գործեր ունենք անելու, ա՜խ այս տղամարդիկ>>․․․Եվ այսպես տարիներ շարունակ․․․Իսկ գիտե՞ք, բոլորովին վերջերս միանգամից համերաշխություն տիրեց, համակերպվել էին․ կանայք իրենց գործերն էին անում, իսկ տղամարդիկ նույն խաղն էին խաղում՝ երբեմն բարձրաձայն վիճելով, հարայ-հրոցով, որոնք հաճախակի ընդհատվում էին քաղաքական վերլուծություններով, Արցախի իրավիճակի շուրջ զրույցներով։ Ինչքա՜ն երանելի էին այդ անմեղ վիճաբանություններն ու քննարկումները․․․ ․․․Իսկ երեկոյան հերթափոխն անցնում էր հյուրասիրություններին։ Ում տան ինչ լավ բան կար, հայտնվում էր սեղանին, իհարկե պատվավոր տեղը զբաղեցնում էր մեղվաբույծ Վահրամի անարատ մեղրը։ Երիտասարդ աղջիկները սիրով էին թեյ հյուրասիրում մեծերին, անտրտունջ վերուվար անում։ Սեղանի շուրջ հավաքվում էին տարբեր սերունդների մարդիկ, լսում էինք թոշակառու կանանց խոսքը, սովորում նրանցից։ Այսօր ինչքան ենք կարոտում թոշակառու Սվետա Ասրյանի հանդիմանական խոսքը․ <<Երբ մեկը խոսում է, լռեք ու լսեք, իսկական չաչանակներ եք>>․․․Ընդունում էինք ժպիտով ու լռում․․․ընդամենը մի քանի րոպե․․․Իսկ երբ բակ էր իջնում ընկեր Մոսիյանը ու ասում․-<<Հը, ի՞նչ կա, աղջիկներ>>, մենք սիրով կիսվում էինք նրա հետ օրվա անցուդարձով ու լսում բանիմաց մարդու խորհուրդները։ Մեր շենքում է ապրում բոլորին հասնող ու օգնող էլեկտրիկ Պետյան։ Տուն էր հասնում ուշ երեկոյան․ ասկերանցիների փրկիչն էր էլեկտրական հարցերով։ Նրա համար հոգ չէր, որ կինը՝ Էվելինան, անընդհատ բողոքում էր․ չէ՞ որ իրենց տան ու բանջարանոցի գործերն էլ էին մնում։ Սրտացավ ու բարի այս մարդիկ․․․Իսկ մեր շենքի Ալբերտը, որ անկախ առողջական վիճակից, անընդհատ տնից տուն էր վազում և բազմապրոֆիլ մասնագիտական հարցեր լուծում․․․Շրջափակման օրերին մի մեծ ընտանիք էր դարձել մեր շենքը։ Ով ինչ ուներ, անպայման կիսում էր դիմացինի հետ։ Երիտասարդ հարսները նոր բաղադրատոմսերով քաղցրավենիք էին պատրաստում և հյուրասիրում բոլորին։ Հողագործությամբ զբաղվողները միրգ ու բանջարեղեն էին բաժանում բանջարանոց չունեցողներին և ասում․<<Մենակ ուտեմ, բայց հարևանս սոված մնա, ո՞ւմ է պետք իմ կերածը>>․․․Մեր սիրելի հարևաններ Մելորդը, Սերժիկը, Սուրիկը, Ալինան, Սվետան, Անահիտը, Հռիփսիմեն ու շատ-շատերը․․․Այո՛, այդ օրերին բոլորի տներում բացակայում էր գրեթե ամեն ինչ, պարզապես մարդիկ գոյատևում էին մի կերպ, սակայն հարմարվել էինք այդ իրավիճակին ու արժանապատվորեն էինք հաղթարարում համընդհանուր պակասն ու դժվարությունները։ Շենքի երեխաները երգում ու պարում էին մեծերի համար, ուրախությամբ լցնում մեր սրտերը, իսկ մենք՝ մեծերս, հույս ու հավատ էինք ներշնչում նրանց մայրիկներին։ Ափսո՜ս․․․ ․․․Սեպտեմբերի 19-ին մեր շենքի բնակիչներս հայտնվեցինք նկուղում՝ սարսափահար ու ահաբեկված, իսկ դրսում չէին դադարում թշնամու սահմռկեցուցիչ հրտակոծությունները։ Մեր ականջներում դեռևս չեն լռել այդ ձայները․․․ Ցավոք, մեր շենքը ևս մեծ կորուստ ունեցավ։ Մեկ օր տևած պատերազմում զոհվեց ամենահամեստ երիտասարդներից մեկը՝ Տիգրան Մնացականյանը, իսկ Արարատ Պետրոսյանը, Աշոտ Հովհաննեսյանը զոհ դարձան չարանենգ պայթյունին։ Հավերժ հիշատակ նրանց․․․․․․Ապա տեղահանվեցինք ու ցրվեցինք տարբեր տեղերով մեկ։ Շահումյանի 76 շենքը դատարկվեց, մնաց մենակ, տխուր՝ առանց տան բնակիչների, առանց մեր փոքրիկների ուրախ ու ապրեցնող ճիչերի։ Գիտե՞ք, ինձ շատ է մտահոգում մի միտք․ մի՞թե էլ չենք տեսնի իրար։ Դրանից տագնապում ու ցավով է լցվում սիրտս։ Ոչ, մենք պետք է վերադառնանք մեր հարազատ օջախները։ Հայրենի հողը սպասում է մեզ՝ իր օրինավոր տերերին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter