ԹՈՂ 2024_Ը ԼԻՆԻ ԿՈՐՑՐԱԾԸ ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ ՏԱՐԻ
31.12.2023 11:00


Տարին մոտենում է ավարտին… Ու ամեն տարի այսօրը մենք, ավանդաբար, հաշվետու ենք լինում ինքներս մեր և մեր ժողովրդի առջև…. Ցավալիորեն այժմ ասելիք չկա… Չկա, քանի որ այնտեղ չենք, որտեղ գործել, արարել, ստեղծել, քարը քարին ենք դրել՝ հույսով ու հավատով, որ վիրավոր Հայրենիքին սպեղանի ենք դնում։ Գործել ենք հավատամքով, որ մի օր նաև մեր նվիրումի շնորհիվ կապաքինվեն Հայրենիքի ծանր վերքերը, կսպիանան խոցերը։ Գործել ենք անմնացորդ նվիրումով՝ հավատալով, որ այդկերպ գործում և պետք է գործեն բոլոր նրանք, ովքեր իրենց պատասխանատու են զգում հայրենիքի ու հայրենակցի համար…
Իսկ հիմա, հիմա որքան էլ որ դաժան է հնչում՝ Հայոց հազարամյա պատմության նվաստացուցիչ էջերից մեկը, դժբախտաբար, գրվեց մեր օրերում, գրվեց ամենաանտանելի հանգամանքներում ու ամենադաժան ձևով։ Պատմության ողջ ընթացքում Արցախ աշխարհը բազմաթիվ անգամներ է ասպատակությունների ենթարկվել՝ ավերվել և ավարառվել, սակայն երբեք չէր հայաթափվել։
Դժվար է սփոփանքի, հուսադրումի խոսքեր գտնելը, անասելի դժվար՝ դրանք հասցեագրելը… Բոլորիս նույն ցավն է պատել ու բոլորս այժմ միայն մեկ երազանք ու փափագ ունենք՝ վերադարձ մեր պատմական հայրենիք…
Ու թող գալիք տարում ոչ մեկիս երազանքն անկատար չմնա… Թող այն երջանկություն, խաղաղություն, հաջողություն ու լույս բերի բոլորիդ ընտանիքներին...
Թող 2024-ը լինի հույսերի ու սպասումների արդարացման տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter