ՀԻՍՈՒՍ ԾՆՎԵՑ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
06.01.2024 21:07

Ասկերանում սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման օրվանից ի վեր՝ (եկեղեցու հիմնակերքը դրվեց 2002 թվականի նոյեմբերի 9-ին) ամեն տարի մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշվում Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոները, ամեն կիրակի մատուցվում սուրբ պատարագ...
Շրջանի հավատացյալ համայնքն առանձնահատուկ սիրով ու նվիրվածությամբ էր նշում Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որին ընդառաջ եկեղեցում մատուցվում էր Ճրագալույցի սուրբ պատարագ, որտեղից բազմաթիվ հավատացյալներ իրենց հետ տուն էին տանում եկեղեցում վառած լույսը՝ հավատալով, որ աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը պահապան կլինեն իրենց օջախներին, հարատև կպահպանվի Հայրենիքի անդորրն ու խաղաղությունը՝ իրենք էլ ողջ տարվա ընթացքում Աստծո խոսքի մեջ հաստատուն կլինեն:
Սուրբ Ծննդյան տոնը սիրո, ջերմության, գթասրտության, նվիրվածության, ուրախության, հոգու հանդարտության, բարության ու բարիք գործելու անխախտ քարոզիչ է։
Աստվածահայտնությունը հրաշալի առիթ է մեր հոգիների բժշկության, մերձավորի հանդեպ բարությամբ լցվելու, բարիք գործելու համար: Թող Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլորիս սրտերում ու զարդարի սքանչելի ավետիսով՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։
Թող Սուրբ Ծննդյան տոնը մեր գիտակցության մեջ ամրապնդի այն փաստը, որ Երկնային Թագավորության ամենամեծ ու վառ աստղը ծագեց մսուրում՝ խոնարհության ու առաքինության դաս հանդիսանալով բոլորիս համար։ Ապրենք և գործենք Աստծո խոսքին համահունչ՝ մեր հոգիներում ընդմիշտ վառ պահելով Հայրենիք վերադառնալու անմար հույսը։ Կգա այն օրը, երբ ի նշան սեփական հողում արցախցու արժանապատիվ կյանքի կրկին զիլ կհնչեն Սուրբ Աստվածածին եկեղեցու ավետաբեր զանգի ղողանջները։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter