ԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՀԱՇԻՎ ԲԱՑԵՆ |
17.01.2024 15:19 |
Արցախից բռնի տեղահանված բոլոր կենսաթոշակառուները, որոնք «Արցախբանկ»-ի քարտապաններ են, պետք է դիմեն բանկ եւ բացեն սոցիալական ապահովության հաշիվ՝ թոշակների փոխանցման համար։ Այս տեղեկությունը արցախցիներն իմացել են օրերս՝ այցելելով բանկ։ «Արցախբանկի» մասնաճյուղերում մեծ հերթեր են գոյացել, մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ են իրենց ստիպում սոցիալական ապահովության հաշիվ բացել։ Այս իրավիճակն առաջացրել է բռնի տեղահանված արցախցիների դժգոհությունը։ Մարդիկ սոցիալական ցանցերում հարցադրում են անում՝ ինչո՞ւ են իրենց ստիպում նոր հաշիվ բացել, եթե իրենք արդեն ունեն քարտեր, որոնց միջոցով ստացել են իրենց թոշակներն ու աջակցության գումարները։ Step1.am-ը դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ պարզելու, թե ինչո՞ւ նախօրոք բռնի տեղահանված անձանց չեն տեղեկացրել, որ պետք է սոցիալական ապահովության հաշիվներ բացեն, մարդիկ իրազեկված չեն, եւ ինչո՞ւ է առաջացել այդ հաշիվները բացելու անհրաժեշտությունը։ Ի պատասխան՝ նախարարության հասարակության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ հարցը նախարարության տիրույթից դուրս է, բանկը պետք է պարզաբանի։ Արցախցի լրագրող Լիաննա Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ բանկից իրեն տեղեկացրել են՝ ովքեր կենսաթոշակներն ստանում են «Արցախբանկի» միջոցով, պետք է դիմում գրեն ու սոցիալական ապահովության հաշիվ բացեն։ «Այսինքն՝ սոցապնախարարությունը թոշակը փոխանցելու է այդ սոցաջակցության հաշվին, որից հետո այդ հաշվից փոխանցվելու է թոշակային հաշվին»,- ասաց նա։ Լիաննա Պետրոսյանը բանկից նաեւ ճշտել է, թե ինչ պետք է անեն այն արցախցիները, որոնք կենսաթոշակի դիմումը լրացնելիս նշել են «Արցախբանկ» ՓԲԸ-ն՝ որպես վճարող բանկ, սակայն չեն բնակվում Երեւանում։ «Պետք է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ եւ հասկանալ, թե կարող են իրենց հաշիվը փոխել ու այլ բանկի քարտ պատվիրել»,- ասաց նա։ Step1.am
|