ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴ - ՄԱՅՐԱԲԵՐԴ
18.01.2024 13:49

Ասկերանի բերդը գտնվում է Ասկերանի հարավային մասում` Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին:  Ասկերան քաղաքի անունն, ըստ ստուգաբանության, կազմված է «աս» (երկնային, աստվածային) և «կարան» (քար) բառերից: Ըստ այդմ, Ասկերան՝ երկնային, աստվածային քար է նշանակում։ Ամուրակուռ պարիսպներով ամրոցը նաև Մայրաբերդ անվանումն է կրում: Մայր բառարմատն այստեղ արդեն ընդգծում է կառույցի կարևորությունն ու իմաստը…

Ասկերանի բերդը կառուցվել է XVII-XVIII դարերում, երբ Արցախը, Անդրկովկասի զգալի մասի հետ միասին Պարսկաստանի տիրապետության տակ էր: Ամրոցը կառուցվել է, որպեսզի տեղաբնակ հայերը կարողանան պաշտպանվել քոչվոր ցեղերի հարձակումներից և արգելել նրանց մուտքը Արցախի սիրտ՝ Շուշի: Այդ է, թերևս պատճառը, որ ստեղծման առաջին իսկ տարիներից այն դարձել է ռազմական ամուր հենակետ:

Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8մ է: Այստեղ հատկապես ուշադրություն են գրավում զույգ պարսպապատերը, որոնք զորամիավորումների աննկատելի տեղաշարժի համար են նախատեսված:

Ամրոցն իր կրկնակի պարիսպների և հարմարավետ դիրքի շնորհիվ տարիներ շարունակ անհաղթահարելի ու անառիկ պատնեշ-պարիսպ է հանդիսացել թշնամիների համար։

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, ռուսական զորքերն ամրոցն օգտագործել են որպես զինանոց: Այն ինքնապաշտպանական մեծ դեր է խաղացել 1905-06 թվականների հայ-թաթարական բախումների ժամանակ, ինչպես նաև 1918-20 թվականներին՝ թուրք զավթիչների հարձակման ընթացքում:

Բերդն անառիկ մնաց Արցախյան ազատամարտի տարիներին, որտեղ էլ տեղակայված էր Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է ամրոցը, իսկ աշտարակներից մեկի մի մաս՝ փլվել: Եվ միայն զինադադարից 22 տարի անց՝ 2016 թվականին սկսվեցին Բերդի վերականգնողական աշխատանքները…

Արցախի Հանրապետություն ժամանող զբոսաշրջիկների համար Ասկերանի բերդը նախընտրելի վայրերից էր, այստեղով էր անցնում դեպի պատմական Տիգրանակերտ տանող մայրուղին։ Իր գոյության ողջ ընթացքում Բերդը երբեք չի կորցրել իր վաղեմի դերն ու նշանակությունը: Այսօր այն ևս՝ Արցախի հարուստ պատմամշակութային հսկայական ժառանգության հետ միասին դավաճանության զոհը դարձավ։ Ինչպես ասում են՝ ամրակուռ բերդի դարպասները ներսից են բացվում… Ցավալի փաստին ականատես եղանք շատերս….

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter