ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ |
21.01.2024 13:33 |
Արցախից բռնի տեղահանման ճանապարհն անցանք աներևակայելի դժվարություններ ու ծանր կորուստներ կրելով։ Դժողքի ճանապարհի վերջը չէր երևում, չէր երևում մեր զրկանքների վերջը։ Բթացնող ցավը պատել էր բոլորիս։ Գիտեինք՝ ամեն մի մետր առաջընթացը հավետ բաժանում էր մեր գերեզմաններից, ծննդավայրից, երազանքներից… Ու, կարծես թե, չէինք շտապում… Կանգնած էինք անդունդի եզրին, որից փրկվելու բախտ, ավաղ, ոչ բոլորին վիճակվեց։ Խոսելու, բարձրաձայնելու այն ամենի մասին, ինչի միջով անցել ենք, ինչը հաղթահարել ենք, ինչն առավել մեզ խոցեց, այս և մտահոգիչ, հոգեբանական վերլուծության ենթակա հարցերն ու խնդիրները մեղմելուն էր ուղղված ՙԱսկերանի զարգացման կենտրոն՚ հասարակական կազմակերպության կազմակերպած հանդիպումն ասկերանցի մի խումբ կանանց և հոգեբան Ռուզաննա Մկրտչյանի հետ։ Պատահական չէր ընտրված նաև ծրագրի անվանումը՝ Վերածնունդ։ Նման հանդիպում կազմակերպելով ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը նպատակ է հետապնդել, որպեսզի մասնակիցները հոգով վերածնունդ ապրեն ու շարունակեն ապրել, արարել, ներգրավվել կյանքի թելադրած նոր պայմաններին։ Հանդիպման մասնակից կանանցից յուրաքանչյուրը հանդիպման ընթացքում ներկայացրեց գաղթի իր ճանապարհը, տառապանքները, որոնք հայտնի է միայն իրեն… Ու արտահայտված ամեն մի խոսքը թեթևացնում էր հոգին՝ նոր լիցք հաղորդում հետագա դժվարությունները ևս պատվով հաղթահարելու համար։ Հոգեբանական վարժանքն անհրաժշտ էր բոլորիս՝ կյանքը նորովի ընկալելու, այն վերարաժևորելու առումով։ Այն հնարավորություն տվեց գիտակցելու՝ ամենակարևորը ինչ բերել է յուրաքանչյուր ոք իր հետ՝ մարդկային կյանքն է… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|