ԱՐՑԱԽՑԻՆ ՎՀԱՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ |
25.01.2024 22:31 |
Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղն Արցախի հնագույն բնակավայրերից է, որի տարածքում պահպանվել են ք.ա. 2-1 հազարմյակին պատկանող դամբարաններ, գրանցված է 14 պատմամշակութային հուշարձան։ Ինչպես նշում է համայնքի ղեկավար Զարինե Մեքիյանը գյուղացիները մեծ սիրով ու հավատով էին այցելում գյուղի սրբատեղի-մատուռ Ճղպրոտը՝ դարդն ու ցավը Աստծուն պատմելու, նրա գթասրտությունը հայցելու համար։ -44-օրյա պատերազմի ընթացքում չնայած կորցրել էինք մեր պատմական Հայրենիքի մեծ մասը, սակայն մեծ նվիրվածությամբ ու համբերությամբ էինք զինված՝ հավատալով, որ երբ մեր թիկունքում ռուս խաղաղապահներն են, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Այդ մեծ վստահությունն ու հավատն է եղել, թերևս պատճառը, երբ բոլոր բերքաձորցիները 2020 թվականի դեկտեմբերի 1-ին արդեն հարազատ օջաներում էին։ Գյուղում ապաստան էր գտել թշնամու վերահսկողության տակ մնացած Արցախի այլ բնակավայրերից բռնագաղթած 25 ընտանիք ևս, ովքեր գտնվում էին մեր ամենօրյա ուշադրության և հոգատարության կենտրոնում։ Ցավով պիտի նշեմ, որ 44-օրյա պատերազմի հետևանքով մեր գյուղը ևս ծանր կորուստներ է ունեցել՝ բերքաձորցի 2 հերոս ամենաթանկագինն է նվիրաբերել Հայրենիքի փրկությանը՝ միանալով արցախյան առաջին պատերազմում նահատակված 11 բերքաձորցի հերոսների աստղաբույլին,- ասում է տիկին Զարինեն, ով այսօր հարյուր հազարավոր արցախցիների նման բռնագաղթել է ծննդավայրից։ Նա երանությամբ է հիշում շրջափակված Արցախի ամեն մի օրը։ -Բերքաձորցիներն ինձ համար միշտ առանձնահատուկ մարդիկ են եղել, նրանց յուրահատկությունն ինձ համար երիցս բացահայտվել է շրջափակման օրերին, երբ գյուղը մի ամրակուռ ընտանիքի էր վերածվել։ Չկար իմ ու քո դարդ ու խնդիր, կար՝ մեկ-ընդհանուրը։ Ու մարդիկ կիսվում էին նույնիսկ վերջին հացի պատառով։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բերքաձորցիներն իրենց առօրյա հոգսեցով էին զբաղված, երբ հանկարծահաս աղետը կրկին կախվեց Արցախի ու արցախցու գլխավերևում՝ վտանգի տակ դնելով հայերիս հետագա գոյությունը մեր ապուպապերի հողում։ Թշնամին գործի դրեց ողջ զինանոցը, որի առաջին արկերը պայթեցին հենց Բերքաձորում՝ հողի հետ հավասարեցնելով բնակելի շենքեր և առանձնատներ։ Ըստ համայնքի ղեկավարի տվյալների՝ գյուղի բնակֆոնդի 80 տոկոսը հրետակոծության առաջին ժամերի ընթացքում ավերվել է։ -Ուրախացնող միակ փաստն այն էր, որ հրետակոծությունից 15 րոպե անց կարողացել ենք համայնքի բնակիչներին անկորուստ տարհաներ ապահով վայրեր։ Առանձնապես մտահոգիչ էր դպրոցականների վիճակը, քանի որ դպրոցում դասապրոցեսը դեռ ընթացքի մեջ էր։ Մեր ուսուցիչները կարողացել են առանց խուճապի մատնվելու երեխաներին ուղեկցել ապաստարան։ Հարկ եմ համարում նշել, որ 6 ուսուցիչ գալիս էր մայրաքաղաքից ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ էր կատարվում նրանց հոգում, երբ սեփական տնից ու երեխաներից այդքան հեռավորության վրա էին գտնվում։ Այդուհանդերձ քաղաքացիական անձնաց շրջանում ունեցել ենք 4 վիրավոր, որոնցից 2-ն անչափահասներ։ Բոլորը մի ընտանիքի անդամներ էին, ովքեր փորձում էին ապաստարան հասնել, սակայն ճանապարհին ընկել են հրետակոծության տակ։ Ավտոմեքենան, որի մեջ գտնվում էին նրանք՝ ամբողջությամբ ավերվել է,- մտքերն ի մի բերելով ասում է տիկին Զարինեն, ում համար այս ամենը դաժան երազ է հիշեցնում։ Անհուն վշտով ու ափսոսանքով է լցված նախկին համայնքի ղեկավարի խոսքը, հուզմունքից ձայնը կերկերուն է դառնում, երբ խոսում է ոչ հեռավոր անցյալում թողած հարազատ գյուղի նվաճումների, բնակիչների նիստ ու կացի, համախմբվածության մասին։ -Բերքաձորցիները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Գյուղում գործում էին բոլոր ենթակառուցվածքները։ Օր-օրի գյուղը զարգանում, բարգավաճում էր, բարելավվում էին բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները։ Ամեն ինչ իր բնականոն հունով էր կարծես թե ընթանում, ավա՜ղ…,- վերջին խոսքերը դժվարությամբ է արտաբերում զրուցակիցս։ Հաջորդ պահին ափսոսանքին ու ցավին տեղին է տալիս վճռականությունը՝ արցախցին վհատվելու իրավունք չունի։ - Բերքաձորցիներից շատերը հիմա աշխատանք են գտել, շարունակում են ստեղծել ու արարել մայր հայրենիքում՝ իրենց սրտերում մշտարթուն պահելով ծննդավայր գնալու հույսը։ -Ցավոք 2023-ի մեկօրյա պատերազմի հետևանքով ևս Բերքաձորը ծանր ու անդառնալի կորուստ կրեց։ Զոհվեց պայմանագրային զինծառայող Գագիկ Մաթևոսյանը։ Նա մոր մինուճարն ու ապավենն էր, ապրելու հույսը… Ես սփոփանքի խոսքեր չեմ գտնում ասելու որդեկորույս մայրերին, ուղղակի խոնարհվում եմ նրանց մեծության առաջ… Զինադադարից հետո բերքաձորցիներից շատերը վերադարձել են իրենց տները և գյուղում մնացել մինչև սեպտեմբերի 27-ը։ Սեպտեմբերի 27-ին գյուղացիներով այցելել են գյուղի սրբավայրերը՝ իրենց խոնարհումը, հարգանքի տուրքը բերել բերքաձորցի զոհված հերոս տղաների հիշատակին, հայցել քաջորդիների ներողամտություն՝ նրանց չապրած տարիների, արյամբ գծված սահմաններին տեր չկանգնելու համար… Նույն համախմբվածությամբ էլ սեպտեմբերի 28-ին մի վերջին հայացք ձգելով հարազատ բնօրրանին՝ բռնել են գաղթի ճանապարհը… Տիկին Զարինեն այսօր շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ամենավճռական ու ճակատագրական պահերին նրա կողքին կանգնած են մնացել, ովքեր շարունակում են իրենց մի անսպասելի զանգով իր օրը հույսով ու հավատով լցնել։ Ուժեղ ոգով ու անսասան կամքով վստահ է՝ Բերքաձորի տարածքում գտնվող բազմադարյա դամբարաններն ու պատմամշակութային տասնյակ հուշարձաններն սպասում են իրենց լիիրավ տերերին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |