Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղի ճակատագիրն իր մեջ խտացրած ձևով մարմնավորում է հայ ժողովրդի Արցախյան հատվածի դժնդակ կենսագրությունը։ Բնակավայրը դարերի պատություն ունի։ Ըստ տարածված կարծիքի, այն հնում եղել է Վարազ-Տրդատ և Վարազ-Գրիգոր հայ իշխանների ամառանոցավայրը, որից էլ ստացել է անունը՝ Վարազաբուն։ 1864 թվականին գյուղում կառուցվել է
գեղեցիկ քարակերտ Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ 1875-ին՝ հիմնադրվել դպրոցը (1880-90-ականներին գործում էր որպես տղաների միդասյա)։ 1932 թվականին կազմավորվել է կոլտնտեսությունը, 1959-ին գյուղը էլեկտրաֆիկացվել է։ Պատմական աղբյուրները վկայում են, որ 1907 թվականին Վարազաբունն ունեցել է 1324 բնակիչ, 1971-ին այդ թիվը դարձել է 244։ Մինչ Շարժումը՝ 97, իսկ 2013-ին գյուղն ուներ ընդամենը 38 բնակիչ։ Մեծ հայրենական պատերազմում տվել է 170 զոհ և Սովետական Միության երկու հերոս՝ Երեմ Դանիելյան և Գևորգ Հակոբյան։ Գյուղում կանգնեցված էր ռազմաճակատում զոհված հերոսի՝ Երեմ Դանիելյանի հուշարձանը, որը պղծվել ու ավերվել է 1992-ի գյուղի եռամսյա գերության ժամանակ։ Գևորգ Հակոբյանի նվիրական անունն էր կրում Նախիջևանիկի միջնակարգ դպրոցը, որտեղ ուսում էին ստանում նաև վարազաբունցի երեխաները։ Արցախյան ազատամարտի տարիներին 5 վարազաբունցի հերոս ամենաթանկ է տվել Հայրենիքի փրկությանը։ 9 խաղաղ բնակիչ գերևարվել է թշնամու կողմից, որոնց ճակատագիրը մինչ օրս այդպես էլ անհայտ է մնացել։ Արցախյան ազատամարտում և Մեծ Հայրենականում նահատակված վարազաբունցիների և գյուղից անհայտ կորածների հիշատակին 2013 թվականին գյուղում հուշարձան է կանգնեցվել՝ Ռուսաստանում բնակվող վարազաբունցիների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ 1992 թվականի եռամսյա գերությունից հետո գյուղում կանգուն տուն չէր մնացել, սակայն բազմաթիվ վարազաբունցիներ խիզախել են վերադառնալ հայրենի օջախներ ու ապավինելով սեփական բազկի ուժին՝ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով շեն պահել գյուղը… Իզուր չէ, որ 2013-ի նոյեմբեր ամիսը վարազաբունցիների հիշողություններում նշանավորվել է որպես գյուղի վերածննդի օր։ Քանզի նրանք շատ մոտիկից զգացին իրենց հայրենակիցների անկեղծ հոգատարության, գյուղի հինախնդիրներով ապրելու պատրաստակամության ոգին ու շունչը։ Նրանք հավատացած էին, որ գտնվում են պետության և իշխանությունների հոգածության ներքո, որ շատ շուտով նաև կլուծվի խմելու ջրի խնդիրը ու, առհասարակ, կվերագործարկվի բոլոր այն ենթակառուցվածքների անխափան գործունեությունը, որոնք կապահովեին գյուղի բնականոն կենսառիթմը… Լինելով խաղաղասեր, արարող և ստեղծագործող ժողովուրդ, ով պատվով հաղթահարել է պարտադրված պատերազմի դժվարությունները՝ մենք դպրոցներ, մշակութային օջախներ, եկեղեցիներ ու հուշարձաններ էինք կառուցում-վերակառուցում… Դրան զուգահեռ՝ թշնամին բանակ էր զինում … Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|