ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ 45 ՏԱՐԵԿԱՆ Է
20.05.2023 11:40

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ՍԼԱՎԱՅԻ ԱՊՐԵՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՇՐՋԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգարժան հյուրեր, սիրելի ասկերանցիներ.

Լրացավ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կազմավորման 45-ամյակը։ Շրջանի 45 ամյա պատմությունը լի է հերոսական դրվագներով, փառահեղ հաղթանակներով` ամենատարբեր

բնագավառներում։ Հերոսական ու փառավոր է Ասկերանի շրջանի ձևավորման ակունքներում կանգնած անհատների արարումի ուղին, շրջանի կազմավորման ժամանակ ծագած խնդիրները, դժվարություններն ու խոչընդոտները պատվով հաղթահարելու պատրաստակամությունը, ինչը հաճախ հաջողվել է բազում զրկանքների գնով` դեմ գնալով ադրբեջանական իշխանությունների հայատյացությանն ու Լեռնային Ղարաբաղը Դաշտային Ղարաբաղի ճակատագրին արժանացնելու ծրագրերին։ Ցավալիորեն այսօր էլ կանգնած ենք նույն մարտահրավերի առաջ` կրկին վտանգված են մեր պետականության հիմքերը։ Ու չնայած այսօր Արցախում ապրելն ամեն օր սխրագործության է նման, սակայն հուսալքվելու իրավունք չունենք, քանզի ամենամեծ սխրագործությունը տղաները գրել են իրենց հերոսությամբ` կյանքի գնով պաշտպանելով Հայրենիքը։

Հայրենակիցներ. Շրջանի կազմավորման հոբելյանը բոլորիս հասկանալի պատճառներով(6 ամսից ավելի է, ինչ գտնվում ենք շրջափակման մեջ) որոշել ենք նշել համեստ պայմաններում։ Այսօրը ուզում եմ ծառայեցնենք շրջանի կազմավորման ակունքներում կանգնած անհատների կատարած անձնվեր գործն արժևորելուն ու կարևորելուն, մատաղ սերնդին շրջանի պատմությանը ծանոթացնելուն, որպեսզի նրանք ճանաչեն իրենց ավագներին, որոնց անխոնջ աշխատանքի շնորհիվ գրվել է շրջանի պատմությունը։ Քանի որ նրանք հաճախ վտանգի տակ էին դնում ոչ միայն սեփական, այլև ընտանիքների հանգիստն ու անդորրը։ Գաղտնիք չէ, որ մարզի առաջին դեմքերը հիմնականում ադրբեջանցիներն էին, ովքեր չէին թաքցնում Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ խտրական վերաբերմունքը, և նպատակ ունեին թուրք-մեսխեթներով բնակեցված Խոջալու երբեմնի հայկական բնակավայրը շրջկենտրոն դարձնել։ Եվ գտնվեցին մարդիկ, ովքեր խիզախություն ունեցան դեմ գնալու ադրբեջանական իշխանությունների հայակործան որոշումներին…

Ասկերանի շրջանի կազմավորումը պատմական մեծ ու անգնահատելի դերակատարություն ունեցավ արցախահայության հետագա ճակատագրի վրա։ Այն լրջագույնս ազդել է ոչ միայն շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև նպաստել ադրբեջանական ծանր լծից, նվաստացուցիչ ենթակայությունից վերջապես ձերբազատվելուն, իսկ հետագայում նաև հուսալի ինքնապաշտպանություն կազմակերպելու և անկախ պետականություն ստեղծելու սուրբ գործն իրականացնելիս։

Շրջխորհրդի գործկոմի և շրջկոմի բազմաթիվ ղեկավարներ է ունեցել  Ասկերանը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նորաստեղծ շրջանի համբավը մարզում բարձրացնելու համար։ Շրջանի 45 ամյակին նվիրված միջոցառումը հարգանքի, երախտագիտության և շնորհակալության յուրօրինակ տուրք է շրջանի կազմավորման գործում անմնացորդ նվիրյալներին։

Փառք ու պատիվ շրջանի ձևավորման ակունքներում կանգնած անհատներին, հարգանք և խոնարհում հավիտենության ճանապարհը բռնածներին։

Հայրենակիցներ. Ինչպես հայտնի է Ադրբեջան արհեստածին պետությունը միշտ էլ ագրեսիվ արարքներ է դրսևորել Լեռնային Ղարաբաղի  դեմ, որը սկզբնական շրջանում տարերային բնույթ էր կրում, թշնամին ամեն կերպ ջանում էր վնաս պատճառել` դիտավորությամբ փչացնելով ցանքատարածությունները, ավարառել ժողովրդի ունեցվածքը և հանցագործին վայել կեցվածքով ու հակաօրինական պահվածքով հարազատ բնօրրանը լքելու տրամադրություններ առաջացնել հայերիս մոտ։ Նորաստեղծ Ասկերանի շրջանը որոշիչ դեր ունեցավ անընդհատ իր տարածքներն ընդլյանող Խոջալուի դեմն առնելու, ինչպես նաև արցախյան առաջին ազատամարտի տարիներին ամրակուռ բերդամրոցի դերը ստանձնելու գործում։

Արցախի արևելյան դարպաս Ասկերանը, արցախյան առաջին և դրան հաջորդած պատերազմական գործողությունների ընթացքում անառիկ մնաց, ինչը բազմաթիվ անգամներ թշնամու լրատվամիջոցների համար հատուկ ռեպորտաժների նյութ էր դարձել, ովքեր զարմացած էին Արցախի արևելյան` Ակնայի ճակատի պաշտպանական ամրությունների հզորությունից և նորարարական տեխնոլոգիաներով հագեցվածությունից։

Պատերազմի տարիներին մարտերի բովում բազմաթիվ հրամանատարներ և պարզապես հայրենիքի նվիրյալ պաշտպաններ թրծվեցին ու կայացան, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել ոչ միայն հաղթանակի կերտման, այլև հետագայում բանակաշինության գործում։

Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալ զավակներին, հարգանք և խոնարհում դժվարին այս օրերին հայրենիքի սահմանների պաշտպաններին։

Երկու տասնյակից ավելի տարիներ Արցախն ու արցախահայությունն ապրում էր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով, հույս ու հավատով վաղվա գեղեցիկ ու ավելի բարեկեցիկ  գալիքի։ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն ազդակ էր` ռազմաքաղաքական դաշտում մեր թերությունները շտկելու ուղղությամբ։   Իսկ 2020 թվականի աշնանային ահաբեկչական պատերազմի ծանրագույն հետևանքները դեռևս շատ են մեզ հետապնդելու։ Սակայն մենք իրավունք չունենք ընկճվելու, պետք է ազգային զարթոնք վերապրենք և մեր վճռական կեցվածքով ազգովի տեր կանգնենք Արցախին, համախմբվենք ու միաբանվենք, մեկ անգամ ևս մեր սուրը փառքով պատյան դնելու վճռականությամբ լցված…

Հարգելի ներկաներ. Գաղտնիք չէ, որ պատմության մեջ բոլոր սերունդների գերխնդիրը եղել և մնում է հզոր և ապահով Հայրենիք ունենալն ու սերունդներին ավելի զորեղ երկիր կտակելը։ Այդ ճանապարհին բազմաթիվ ճակատագրեր են խեղաթյուրվել, անհայտության մեջ հայտնվել, սակայն գերադասելին եղել և մնացել է Հայրենիքի շահը, որը բարձր է դասվել անձնականից։

Հավատացեք` ինչքան էլ մարդն ապրի, արարի օտար ափերում, միևնույն է նրա սիրտն ու հոգին Հայրենիքում են։ Քանզի օտար հողը Հայրենիք չի դառնա, և օտար հողում միայն ներկան է, ապագան` Հայրենիքում: Այսօր հայտնվել ենք անցյալի ու ապագայի խաչուղիներում, ուստի երբեք չմոռանալով անցյալը, պետք է կերտենք մեր ապագան մեր նախնիների հերոսական հողում։

Հարգելի ներկաներ, ներկայիս անորոշության պայմաններում թույլ չպիտի տանք որպեսզի մեր մեջ իշխեն և արմատավորվեն արատավոր երևույթները, տեղ գտնեն  բարդույթներ, որոնք հետագայում կարող են աղետալի հետևանքներ ունենալ, այլև հայացք պետք է ձգենք մեր փառավոր անցյալին, փառապանծ հաղթանակներ կռելու պատրաստակամությամբ և ոգևորությամբ գոտեպնդվենք, քանզի հայն առավել վտանգավոր և օրհասական իրավիճակներ, ճգնաժամեր է հաղթահարել, երբ եղել է միակամ ու ամրակուռ…

Միաբանություն` ահա ժամանակի հրամայականը, որը պետք է գիտակցի յուրաքանչյուր բանական քաղաքացի, յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է դիմակայել այս մի ծանր փորձությանը ևս, իսկ կյանքի գնով Հայրենիք պաշտպանած հերոսներն արդեն ոչ թե հրամայում, այլև պարտադրում են մեզ տեր կանգնել այս մի բուռ հողին…

Ճշմարիտ է ասված՝ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝  նրա հավատքն ու եկեղեցին: Եվ պատահական չէ, որ օտարները մեզ ճանաչում են հավատով որպես ավանդապաշտ ու խաչապաշտ, բնույթով՝ արարչագործ ու տաղանդաշատ, գործով՝ ստեղծող ու շինարար ազգի, սակայն նախընտրելի է, որ մեզ ճանաչեն նաև որպես զինագործ և հայրենատեր, հայրենապաշտ ազգի  … Այսօր սակայն, մենք ավելի շատ արմատների խնդիր ունենք և պետք է սնուցել բոլոր ազգային ուժերը, որոնք կվերակենդանացնեն, կվերականգնեն մեր ազգային նկարագիրը։ Եվ հիշենք այլևս չմոռանալու պահանջով` ԿԱՐՃ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՇՈՒՇՈՏ է…

Հարգարժան ներկաներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ասկերանի շրջանի կազմավորման հոբելյանի առթիվ` մաղթելով արևշատություն, Արցախյան սրբազան հողում ապրելու և արարելու, Արցախը երբեք չլքելու ամուր կամք և տոկունությունը, հետագա հաղթանակների կերտման անսասան ոգի։

Ասկերանի շրջանը 45 տարեկան է` ունակությունները, ներուժն ու կարողությունները համաչափ և արդյունավետ օգտագործելու լավագույն տարիքում։  Ես և իմ հարազատ շրջանը հասակակիցներ ենք, և ինչպես Նժդեն էր ասում` Հայրենիքս և ես լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց, նա գերագույն նպատակ է, ես` միջոց։ Ու այսօրը ինձ համար յուրօրինակ ուխտ է` անել հնարավորինը և անհնարինը` հանուն հայրենիքի, հանուն Արցախի հայկականության պահպանման, ամրապնդման և հարատևության…

Շնորհավոր 45- ամյակդ Ասկերան…

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter