Մի քանի կողմից թշնամին կարող էր ներխուժել քաղաք. ռուս խաղաղապահների երեք «Կամազ» եկավ, ասացին՝ բնակչությանը պիտի տարհանենք, էստեղ վտանգավոր է իրենց մնալը. Ասկերանի քաղաքապետ |
27.02.2024 11:31 |
2023թ․ սեպտեմբերի 19-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ հերթական խորհրդակցությունն էր ընթանում, երբ ահազանգ ստացվեց, որ Հարավ գյուղի ուղղությամբ թշնամին հարվածում է։ «Առավոտյան 10-ի կողմերն էր, որ զանգ եկավ վարչակազմի ղեկավարին։ Անմիջապես քաղպաշտպանության ղեկավարին հրահանգ տրվեց բացել ապաստարանների դռները ու պատրաստ լինել ցանկացած զարգացման։ Գիտեինք, որ ուր որ է Ասկերան քաղաքի վրա էլ են խփելու․ ժամը 12։50 սկսեցին հրետակոծել արդեն մեր կողմի դիրքերը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է օկուպացված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Մանկապարտեզի երեխաների մի մասը տուն հասնել չեն կարողացել մինչև ժամը 16-ը։ Որ սկսել են խփել, ով որ ապաստարանին մոտ էր, տարել են այդտեղ։ Բազմաթիվ ծնողներ իրենց բալիկներին ժամեր շարունակ փնտրել են ու գտել տարբեր ապաստարաններում․․․ «Աշխարհազորի տղաներն արդեն պատրաստ էին երկրորդ գիծը պահելու։ Մի քանի ամսվա ընթացքում պաշտպանական երկրորդ գիծը պատրաստվել էր, խրամատներ էինք փորել։ Սակայն որ սկսեցին խփել մեր դիրքերի վրա, խուճապ սկսվեց․ ոչ մեկը չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Բավականին մոտ էին ադրբեջանական դիրքերը․ միայն երեք-չորս դիրք քաղաքի ճակատային մասում էին։ Անզեն աչքով տեսնում էինք, թե ոնց են «սնարյադներն» ընկնում մեր դիրքերի վրա։ Աշխահազորի տղաներից մի 15 հոգի արագ դեպի Խնապատի կողմ գնացին, հենց իմացան, որ ադրբեջանցիները Քարագլխով իջել ու առաջանում են։ Մինչև տեղ կհասնեին, նրանք՝ (նկատի ունի թշնամուն, -խմբ․) 14 «սնարյադ» են գցել էդ ուղղությամբ, այսինքն՝ որտեղ մերոնք պատրաստվում էին դիրքավորվել։ Եթե մի քիչ շուտ հասած լինեին, բոլորը կզոհվեին․․․Քանի որ մեր մարդկային ռեսուրսը շատ քիչ էր նրանց համեմատ, միջդիրքային հեռավորությունները բավականին մեծ էին ու դրանք՝ ադրբեջանցիներն առաջ էին գալիս հիմնականում միջդիրքային հատվածներով․ «Օղտեն մաշկ» կոչվող բարձունքը, որը քաղաքին բավականին մոտ է, ևս իրենց վերահսկողության տակ էր արդեն»,-պատմում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։ Ասկերանի քաղաքապետարանի շենքից մինչև թշնամու դիրքեր հեռավորությունն օդային գծով մոտ 700 մետր էր, բայց ավելի մոտ հատվածներ էլ կային։ Մի քանի կողմից թշնամին կարող էր ներխուժել քաղաք, այդ թվում՝ Ասկերանի տանկի մոտից։ «Քաղաք մտնելու վտանգն էլ էր մեծ, հրետակոծելու վտանգն էլ։ Կրկնում եմ՝ այնքան մոտ էին դիրքավորված քաղաքին, որ ցանկացած տիպի զենքից կարող էին խփել։ Ժամը 17-ի կողմերը ռուս խաղաղապահների երեք «Կամազ» եկավ կանգնեց քաղաքապետանի մոտ։ Մոտեցա, հարցրեցի՝ ինչու են եկել, ասացին՝ բնակչությանը պիտի տարհանենք, էստեղ վտանգավոր է իրենց մնալը։ Քանի որ նման հրահանգ չէի ստացել, հարցրեցի՝ ով է նման հրահանգ իրենց տվել։ Պարզվեց, որ իրենց ղեկավարության հրահանգն էր։ Քանի որ ադրբեջանցիները միշտ նրանց միջոցով էին փոխանցում իրենց ասելիքը, մտավախություն առաջացավ, որ պատրաստվում են խփել նաև ուղիղ քաղաքի վրա։ Վարչակազմի ղեկավարի հետ կապվելուց հետո որոշեցինք կանանց ու երեխաներին, ամեն դեպքում, համեմատաբար անվտանգ վայր տարհանել։ Իսկ մինչ այդ, որ ասացին՝ այստեղ բնակչության մնալը վտանգավոր է, ասացի՝ գուցե Սառնաղբյուրի, Վարդաձորի, Նախիջևանիկի բնակիչներին տարհանելու հրահանգ են տվել ձեզ, քանի որ այդ բնակավայրերը թշնամու կրակի տակ էին, ճանապարհն էլ փակել էին, ու փաստացի, պատանդի կարգավիճակում էր հայտնվել մի քանի գյուղի բնակչություն։ Ինձ պատասխանեցին՝ ոչ, այդ բնակավայրեր գնալը մեզ համար վտանգավոր է, չենք կարող այնտեղ մտնել․․․»,-հիշում է Ասկերանի քաղաքապետը։ Սեպտեմբերի 25-ին 3000 հազարանոց Ասկերանում գրեթե միայն ոստիկանության ու ԱԻՆ-ի աշխատողներն էին մնացել։ Երկու օր անց՝ լրիվ ամայություն էր․․․ «Ամսի 27-ին իմ մեքենայով շրջեցի քաղաքում, որ տեսնեմ հո մարդ չի մնացել․ մի հոգի էր ընդամենը, ուզում էր մնալ իր տանը, բայց հասկանալի է, որ վախենում էր թուրքերի հետ մնալ, ուստի ինքն էլ ԱԻՆ-ի տղաների հետ դուրս եկավ։ Որ հասա զորամասի խաչմերուկ, Ադրբեջանի «սպեցնազը» պոստ էր դնում արդեն ճանապարհին»։ Ադրբեջանական հրոսակների վայրագություններին քաջածանոթ արցախցիներրի համար որքան էլ հայրենի օջախից, հարազատ հող ու ջրից կտրվելը ցավոտ է, բայց ադրբեջանական դրոշի տակ ապրել չէին կարող։ Հիմա էլ շատ-շատերն, առանց մի վայրկյան վարանելու, հետ կգնան Արցախ, եթե ստիպված չլինեն ապրել ադրբեջանական վերահսկողության տակ։ Քաղաքապետը նշում է՝ մարդիկ անելանելի վիճակում են ու դա գերազանցապես բարձր վարձավճարներով է պայմանավորված․․․Բազմաթիվ ընտանիքներ ստիպված արտագաղթել են, բայց հայրենի Արցախ կվերադառնան, եթե Ադրբեջանի տիրապետությունից դուրս ապրեն, չառնչվեն թշնամու հետ, որևէ դեպքում իրենց երեխաները ադրբեջանական բանակում չծառայեն ու, իհարկե, անվտանգության իրական երաշխիքներ գործեն՝ դարձյալ լինեն սեփական ուժային կառույցները՝ գումարած որևէ իրական երաշխավոր երրորդ երկիր։ Աղբյուր` Փաստինֆո |