ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ
28.02.2024 11:38

Ադրբեջանական իշխանությունների վարած հայահալած քաղաքականությունը 1988-ի փետրվարին դուրս եկավ ստվերից…

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ազատ կամաարտահայտությունն ու համաժողովրդական Շարժումը բռնի ուժով ճնշելու նպատակով 1988-ի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացվեց հայերի կոտորած։ Իսկ 88-ի նոյեմբերին բռնարարքներ, համատարած անկարգություններ ու ջարդեր սկսվեցին Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: 1988-ի նոյեմբեր-դեկտեմբերին

բռնի տեղահանվեցին Արցախի հյուսիսում գտնվող 50 հայկական բնակավայրի բնակիչները, ինչպես նաև Գանձակի 48000 հայ բնակչությունը, իսկ 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում բնակվող հայ ազգաբնակչության հալածանքների, բռնություների և սպանությունների գագաթնակետը դարձավ…

Խորհրդային իշխանությունների բացարձակ լռության ներքո 88-ի փետրվարին երեք օր անդադար շարունակվեցին Սումգայիթյան ջարդերը, որի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվեց 53 մարդ, բռնի ուժով տեղահանվեց մի ժողովուրդ, որն իր ձեռքերով կառուցել էր Բաքուն, Սումգայիթը և բազում այլ քաղաքներ ու գյուղեր, որոնց լիիրավ տերեր հռչակվեցին  20-րդ դարասկզբին Անդրկովկաս մուտք գործած քոչվոր ցեղերը։ Ցեղասպան քոչվորականների ձեռագիրը նույնիսկ 20-րդ դարի վերջին նույնն էր մնացել։

Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի կոտորածների վերաբերյալ ճշմարտությունը լռության մատնելը, դրա չափերն ու իրական պատճառները թաքցնելը և իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելն ուղի հարթեցին Ադրբեջանի ողջ տարածքում էթնիկ զտումների իրականացման համար, որոնց գագաթնակետը դարձավ 2023-թ. սեպտեմբերի 19-ը՝ Արցախի ամբողջական հայաթափումը…

Մեր չսպիացող վերքերին նոր վերքեր են ավելացել գուցե նաև այն պատճառով, որ ինչ-որ պահի կորցրել ենք զգոնությունը թշնամու հանդեպ, թեպետ հստակ գիտեինք, որ ՙքնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին՚:

Մեր խորին խոնարհումն ու հարգանքը սումգայիթյան և բոլոր ժամանակներում հայ ժողովրդի նկատմամբ թույլ տրված ոճագործությունների անմեղ նահատակների հիշատակի առաջ:
ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆ
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter