ՄԱՀԱՑԵԼ Է ԽՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ |
28.02.2024 12:02 |
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին Риа Новости-ի փոխանցմամբ՝ իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ռիժկովին անվանելով դարաշրջանի մարդ։ «Մահացել է ապշեցուցիչ և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը։ Դարաշրջանի մարդ։ Յուրահատուկ ճակատագրի տեր, եզակի մասշտաբի պետական գործիչ և մեծ հոգու տեր մարդ։ Դա դրսևորվում էր այն ամենում, ինչ ձեռնարկեց Նիկոլայ Իվանովիչը։ Նա միշտ անկեղծորեն և խորապես անհանգստանում էր աշխատանքի, արդյունքի համար, ժողովրդի համար, երկրի համար: Նա ամեն ինչ անցկացնում էր իր հոգու միջով: Եվ դրանք գեղեցիկ խոսքեր չեն», - գրել է Մատվիենկոն: Նիկոլայ Ռիժկովը հայ ժողովրդի մեծ բարեկամն է եղել։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նա նշանակվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության անհրաժեշտությունը։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։ |