ԱՐՀԵՍՏԸ ՈՐՊԵՍ ՀՈԳՈՒ ԵՎ ՄՏՔԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՐՏԱՀԱՅՏՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ
04.03.2024 11:39

Ծովինար Գրիգորյանը մեկն է այն հազարավոր արցախցիներից, ով ճաշակել է գաղթի ճանապարհի ողջ դառնությունը։ Խոսել գողգոթային ճանապարհի մասին չի սիրում, աշխատում է հնարավորինս հեռու մնալ այդ սարսափազդու տեսարանները վերհիշելուց։ Փոխարենն իրեն ամբողջովին նվիրել է արհեստագործությանը։ Արհեստի ուրույն ու բազմազան աշխարհը սիրտ ու հոգի է նորոգում՝ թույլ տալով կյանքին նայել իրականության տեսանկունից։  Մեր կյանքը իմաստալից դարձնողների՝ մանուկների համար Ծովիկը մանկական անկողնային պարագաներ՝ բոժոժներ, կողային բարձիկներ, կերակրման բարձեր, մանկասայլակի հավաքածու, դուրսգրման ծրարներ ու մոբիլներ է կարում, որոնք ասեղնագործում է պատվիրատուի նախընտրած  ամենատարբեր զարդանախշերով, անվանական լոգոներով… Անձամբ նախապատվությունը տալիս է ազգային զարդանախշերին, Արցախը բնորոշող խորհրդանիշներին։ Արտադրանքի որակը, ճաշակը, ազգային նախշազարդերի համադրությունն ու գույների ներդաշնակությունն անտարբեր չի կարող թողնել և ոչ մեկին։ Չէ որ ամեն մի ծնողի համար չկա ավելի կարևոր բան, քան սեփական երեխայի հարմարավետությունը։

Սիրած գործով Ծովինարը զբաղվում էր դեռևս Արցախում։ Եվ եթե այնտեղ՝ Արցախում այն հաճախ զուտ նախասիրություն էր,  ծանր աշխատանքից հետո լիցքաթափվելու հնար, այժմ՝ այն նաև բիզնես է, գոյատևելու միջոց։ Դժվարությունների մասին չի խոսում զրուցակիցս՝ բավականին լավատեսորեն է տրամադրված և էներգիայով լեցուն՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու և իրականացնելու համար։

Պատրաստում է նաև ասեղնագործ սփռոցներ, անձեռոցիկներ, սեղանի սփռոց-գորգեր, գոգնոցներ, շևրոներ։

Այնտեղ՝ Արցախում սիրած զբաղմունքի հետ նաև սիրած աշխատանք ուներ, շրջապատված հուսալի ընկերներով, հարազատներով… Այստեղ՝ դեռևս միայն հոգսեր են.

շխատանքս Հայաստանում շարունակելու համար անհրաժեշտ պարագաների զգալի մասը չեմ բերել: Այստեղ փորձում եմ աստիճանաբար կրկին ձեռք բերել ամեն ինչ: ՙԳլոբբինգ՚ կազմակերպության օգնությամբ գնեցի կարի մեքենա, ինչի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում տիկին Իսրայելյանին՝ այս դժվար պահին արցախցիներիս կողքին լինելու համար: Դեռևս ամեն ինչ չէ, որ ունեմ աշխատանքս լիարժեք վերսկսելու համար, բայց դրանք ևս աստիճանաբար ձեռք կբերեմ... Դժվարությունները շատ են, բայց հաղթահարելի…,- լիահույս է զրուցակիցս։

Չնայած մեզ մեր արմատներից պոկել, արմատախիլ են արել, սակայն հարյուրավոր արցախցիների կամքի ուժն ու վճռականությունը տեսնելիս համոզվում ես՝ որտեղ էլ ապրի արցախցին Արցախը նրա սրտի մեջ է լինելու և այդ սերն ու նվիրվածությունն ապրեցնելու հետ մեկտեղ նաև սնուցելու է այդ արմատները՝ մի օր անպայման տունդարձի ճանապարհը բռնելու համար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter