Ռուս-խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախի հայկական հատվածի բնակիչների անվտանգության երաշխավորությունն էր. Արցախի Հանրապետութան Ասկերանի շրջանի Շոշի համայնքի ղեկավար
05.03.2024 13:47

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում 7 շոշեցի է մահացել՝ Հայրենիքի կարոտը սրտներում և աչքները հետ վերադարձի ճանապարհին։

-Ցավալի է, որ առայսօր համագյուղացիներով հավաքվելու առիթները հուղարկավորություններ են,- դառնությամբ նշում է  Էրիկ Աբրահամյանը։ Մայր Հայրենիքը սրտաբաց է ընդունել արցախցիներին և շոշեցիները Հայաստանից դուրս այլ տեղ չեն ուզում բնակվել, առայժմ փորձում են գոյատևման աղբյուր գտնել այստեղ՝ մի օր հետվերադարձի ճամփան բռնելու հույսով։ Համայնքի ղեկավարի խոսքով մշտական հեռախոսակապը համագյուղացիների հետ կա, և քննարկվող հիմնական թեման հայրենիք հետ վերադարձն է։

-Եթե հնարավորություն լիներ արցախցիների համար առանձին թաղամաս կառուցվեր շատ լավ կլիներ, կկարողանանք պահպանել մեր մշակույթը, բառբառը,  սովորություններն ու ավանդությունները։ Սա բռնի տեղահանված բոլոր արցախցիների ցանկությունն է,- նշում է զրուցակիցս։

2020 թվականի 44 օրյա պատերազմի հետևանքով գյուղը մեծ կորուստներ է կրել՝ արցախյան ազատամարտում հերոսացած 40 հերոսներին միացել է 9 նվիրյալ…

-Ինչպես ողջ արցախահայությունը, այնպես էլ շոշեցիներս` հավատալով ռուս խաղաղապահների ներկայությամբ պայմանավորված անվտանգությանը՝ 44-օրյայից հետո վերադարձանք գյուղ, չնայած գյուղը մեծ ավերածությունների էր ենթարկվել։ Թվում էր, թե կյանքը մի բուռ Արցախի մնացած հատվածում  նորից կվերականգնենք, անվտանգային միջավայր ու բարեկեցիկ կյանք կունենանք։

Էրիկ Աբրահամյանի կարծիքով, ռուս-խաղաղապահ զորակազմի առաքելությունը Արցախի հայկական հատվածի բնակիչների անվտանգության երաշխավորությունն էր, ինչը սակայն նրանց չէր հաջողվում։

-Նրանք զբաղված էին միայն մեր բնակիչների մեքենաներն ու փաստաթղթերը ստուգելով, անզոր՝ դաշտերում ու այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիներին պաշտպանելու թշնամու կրակոցներից։ Թեկուզ շրջափակված, բայց մենք աշխատում էինք, սերունդ էինք կրթում, հավատում էինք, որ այդ ամենին վերջ կլինի։ Իսկ վերջը եղավ սեպտեմբերի 19-ը, իր հետ տանելով արցախահայության բազմադարյա ստեղծածը, մշակույթը, հայրենիքը, տուն ու տեղը…,- ասում է համայնքի ղեկավարը։

Սեպտեմբերի 19-ին մնացած արցախցիներ պես, շոշեցիներն էլ իրենց առօրյա հոգսերով էին զբաղված, երբ սկսվեց հրետակոծությունը։

-Թիրախում, հիմնականում գյուղամերձ դիրքերն էին։ 2020-ից այս կողմ հրետակոծության ձայներին շոշեցիներն արդեն սովոր էին։ Դրա համար էլ մտածում էինք՝ հերթականն է, կանցնի։ Հասկանալով պահի լրջությունը՝ բնակիչներին սկսեցինք տեղափոխել համայնքային կենտրոնի և դպրոցական շենքի նկուղներ, որտեղ արդեն ապաստան էին գտել մանկապարտեզի երեխաներն ու դպրոցականները։ Շոշ տեղափոխվեցին նաև Շուշիի քթի տակ գտնվող Մխիթարաշենի համայնքի բնակիչները։ Մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհը ռուսները երկկողմ փակել էին, կապը չէր գործում, գյուղի ջահելներն էլ՝ դիրքերում։ Իրավիճակն արդեն անկառավարելի էր։ Լուր ստացա, որ ռուսները բարձրանում են գյուղ։ Գյուղի վերևի մասի դիրքերը թշնամին արդեն գրավել էր, գյուղի կենտրոնից լսում էին նրանց գոռոցները, աղաղակները։ Բոլոր կողմերից գյուղի փողոցներն ինտենսիվ կրակի տակ էին պահում։ Ականանետի արկ ընկավ դպրոցի բակ, 4 հոգի վիրավորվեց, որից մեկը երեխա, մեքենաներ վնասվեցին։ Վիրավորներին գյուղի բուժքույրը առաջին օգնությունը ցացաբերեց։ Փառք Աստծո, թեթև վիրավորումներ էին։ Մութն արդեն ընկել էր, երբ վերջապես ռուսների զրահամեքենան մտավ գյուղ։ Նրանք մեզ հայտնեցին, որ եկել են բնակիչներին տարհանելու մինչև իրենց բլոկ պոստը, նրանից հետո մեր շարժին երաշխիքներ ու պատասխան չեն տալիս։ Հարցրեցին՝ քանի բնակիչ ունեք, ասեցի՝ 600։ Ասաց՝ 2 րոպե ժամանակ գյուղացիներին անվտանգ տարհանելու համար։ Գյուղում հղի կանայք ու փոքր երեխաներ կային, ովքեր հրաժարվեցին գյուղից դուրս գալ, շատ վտանգավոր էր։ Սեպտեմբերի 19-ին նրանք մնացին խրամատներում՝ գյուղի տղաների մոտ, իսկ սեպտեմբերի 20-ի առավոտյան ռուսների ու մեր տղաների ուղեկցությամբ հաջողվեց անվտանգ դուրս բերել նրանց։Վառելիք չլինելու պատճառով գյուղի մեքենաների մեծ մասը մնաց գյուղում։ Մեքենաները շարժվում էին առանց լուսարձակները միացնելու։ Պոստում ռուսներն առգրավեցին մեր զենքերը… Հասանք Ստեփանակերտ, վիրավորներին հասցրեցինք հիվանդանոց, բնակիչներին տեղավորեցինք կառավարության շենքի, ապա 11-րդ դպրոցի նկուղում…

Բազմաթիվ անհայտներով հավասարումը դեռևս ոչ մի լուծում չունի… Բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ այսօր կանգնած են հանապազօրյա հացը վաստակելու խնդրի առաջ։

-Հետադարձ հայացք ձգելով ցավ եմ ապրում, որ մեր իշխանությունները տարիներ շարունակ հանցավոր անգործություն են ցուցաբերել Արցախի անվտանգային պայմաններն ապահովելու ուղղությամբ։ Ռուս-խաղաղապահների անգործությունն ու Արցախի հայաթափմանը նպաստելն անսանձ զայրույթ է առաջացնում։ Իմ ժողովուրդը նման վերաբերմունքի չէր արժանի։ Շոշեցիներից շատերը նույնիսկ հնարավորություն չեն ունեցել նկուղից դուրս գալ, տուն գնալ ու վերցնել իրենց խնայողությունները, փաստաթղթերը, և գյուղից դուրս եկան մի ձեռք շորով,-ցասումը զսպելով ասում է Էրիկ Աբրահամյանը։

Արժանապատվորեն բոլոր դժվարություններին դիմակայած ու դրանք պատվով հաղթահարած արցախցին այժմ ոչ թե ապրում, այլև գոյատևում է։ Օդից կախված են մնում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չգիտեն ումից պետք է ստանան…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter