Մեր 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել․ ովքեր բարեկամներ ունեին Ռուսաստանում, արտագաղթել են․ Այգեստանի դպրոցի տնօրեն
21.03.2024 13:46

Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Առաքելյանի ընտանիքն առաջին անգամ չէ, որ տուն է կորցնում․

«1990-ական թվականների Բաքվի  ջարդերից  հետո հաստատվեցինք Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում՝ չնայած արմատներով Մարտունու շրջանից ենք: Կյանքի  դժվարությունների դեմ պայքարելով՝ հարմարվեցինք նոր միջավայրին, գյուղական  կյանքին: 1992 թվականին, երբ Այգեստանը շրջափակված էր թշնամու բնակավայրերով, ու մի քանի կողմից գյուղի վրա կրակ էր թափվում, գյուղը չլքեցինք։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խաթարվեց ամեն բան։ Մեծ  տերությունների  դաժան  խաղի  արդյունքում շահեցին որոշ  բիզնեսմեններ  ու  քաղաքական  գործիչներ, իսկ  հասարակ ժողովուրդը կորցրեց զավակ, եղբայր, ամուսին  և  արյան գնով ազատագրած հայրենիքի մեծ մասը»-, հուզմունքը զսպելով՝ ասում է տիկին Առաքելյանը։

Այգեստանի միջնակարգ դպրոցում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին դասերը սովորականի պես էին ընթանում մինչև այն պահը, երբ տնօրենի զինվորական ամուսինը զանգեց և հազիվ լսելի հեռախոսազրույցի ընթացքում հրահանգեց շտապ տարհանել աշակերտներին։

«Մեկօրյա պատերազմից հետո  էլ բավականին այգեստանցիներ  պատրաստ  էին պայքարելու, բայց  սեպտեմբերի  25-ին տեղի ունեցածը փոխեց ամեն բան: Երբ վառելիքի պահեստում պայթուն  եղավ, ամուսնուս հետ շտապեցինք այնտեղ՝ եղբայրներիս փնտրելու… Նման տեսարան հնարավոր էր տեսնել  միայն մղձավանջային երազում կամ ֆանտաստիկ ֆիլմերում: Այդ օրն  անիծեցի այդ հողը, որ այդքան ցավ ու  տառապանք է բերել իմ  ժողովրդին, բայց  միաժամանակ  առանց այդ հողի էլ  չենք կարողանում ապրել»…,- ասում է դպրոցի տնօրենը։

Ծանր այրվածքներով եղբորը  ուղղաթիռով  տեղափոխել են Երևան:

«Փառք Աստծո, հիմա եղբորս վիճակը բավարար է»,- ասում է տիկին Առաքելյանը։

«Ցավում եմ, որ մեր դպրոցի 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել։ Իսկ ովքեր  բարեկամներ  ունեին Ռուսաստանում, արտագաղթել են … Ինքս աշխատում եմ նոր միջավայրին համակերպվել, դասավանդում եմ դպրոցում։ Կարծում եմ  դժվարությունները  դեռ  առջևում են»,- մտահոգություն է հայտնում դպրոցի տնօրեն։

«Չեմ ուզում, որ  իմ երեխաները  ուրիշ  երկրում կրթություն ստանան, սովորեն ուրիշի  մշակույթը  և  ավանդույթները: Հուսով ենք՝ ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար ընդունելի որոշում կկայացվի՝ մեր ապագան այստեղ կազմակերպելու և հետագայում մեր պատմական հայրենիք վերադառնալու հույսով»,- ասում է նա։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter