Իմ սիրտն ու միտքը միշտ Սզնեքում է լինելու. արցախցի մտավորական
26.03.2024 13:34

«44-օրյա պատերազմից հետո, չնայած ռուս-խաղաղապահների ներկայությանը՝  Արցախում կայուն խաղաղության մասին խոսելն անհեթեթություն էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Շահեն Մարգարյանը։

«Մեր տունն ու գյուղի հենակետը նույն հորիզոնի վրա էին գտնվում՝ 400 մետր հեռավորությամբ։ Երբ սկսվեց հրետակոծությունը՝ ես ու կինս տանն էինք։ Քարակերտ տունը դղրդում էր թշնամու հուժկու հարվածներից։ Դիրքերը կրակի տակ էին առնված և՛ ցամաքից, և՛ օդից։ Պատերազմ էր. ամենադաժան ու կոշտ ձևով՝ Արցախը հայաթափելու ռազմական հանցագործություն»,- հիշում է Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի համայնքի նախկին  ղեկավարը։

Հիշողությունները նրան տարան Արցախյան առաջին ազատամարտի տարիները՝ 1992-ի մայիսի 8-9-ը… Շուշիից  Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի վրա կրակ էր թափվում։ Հայոց հինավուրց մայրաքաղաքն ազատագրելու համար մղված հերոսական մարտում  զոհվեց եղբոր որդին՝ գյուղինստիտուտի վերջին կուրսի ուսանող Էդվարդ Մարգարյանը։

«31 տարի անց Էդվարդի հերոսական անունը կրող եղբոր որդին էր մարտնչում  բարբարոսների դեմ»… ,- մտքերն ի մի բերելով ասում է զրուցակիցս։

Ինչպես պատմում է պարոն Մարգարյանը՝ մարտաֆիլմ հիշեցնող իրականություն էր, որի գործողություններն այնքան արագ էին ընթանում, որ մտածելու ժամանակ անգամ չկար։ Կապն անջատված էր, տղաները գործում էին պահի թելադրանքով։ Գյուղի աշխարհազորայինները մարտնչելով հետ էին նահանջում՝ ուժերն անհավասար էին։ Մտածում էին՝ գոնե գյուղացիներին հասնեն և կարողանան ապահովեն նրանց անվտանգությունը։

«20-30 մետր հեռավորությունից տղաների բղավոցների ձայներն էինք լսում տնից, ովքեր ուզում էին հասկացնել, որ գյուղում մնալն արդեն մահաբեր է։ Վայրկյանների հարց էր, քանի որ տունն արդեն թշնամու ուղիղ նշանառության տակ էր»,- կարոտը հոգում խեղդելով ասում է Շահեն Մարգարյանը։

Ամուսիններն անգամ չհասցրեցին անհրաժեշտ իրեր վերցնել… Ու այսպես՝ կարոտը սրտներում, արտասուքն աչքներին լքեցին տունը։ Կարևորն՝ իրենց աչքերով տեսան, որ դիրքերից տղաները ողջ-առողջ գյուղ հասան։ Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանի գլխավորությամբ գյուղի պաշտպանությամբ զբաղված տղաներից երեք հոգի ստանձնեցին բնակիչների անվտանգ տարհանման պարտավորությունը՝ հարևան Խաչմաչ գյուղ։

Թե ինչպես են հասել Խաչմաչ, ու առավել ևս ինչպես են փրկվել մահվան ճիրաններից՝ սզնեքցի մտավորականը դժվարանում է պատասխանել։

Զինադադարից հետո պարզվեց, որ մի քանի սզնեքցի մնացել են Խաչմաչում, որտեղ էլ գերևարվել են: Բարեբախտաբար, երկու հոգի վերադարձել, իսկ համագյուղացի, վաստակաշատ մանկավարժ Արտյուշա Միքայելյանին անտառում մահացած են գտել։

Մեկօրյա պատերազմում սզնեքցի չորս աշխարհազորային է գերևարվել, որոնց հետ կարողացել են կապ հաստատել, իսկ երկու հոգու ճակատագիր դեռևս անհայտ է մնում։

Ողջ գիտակցական կյանքն ու գործունությունը հարազատ գյուղին նվիրաբերած Շահեն Մարգարյանը ոչ մի կերպ չի հաշտվում իրականության հետ։ Ուր էլ ապրեմ՝ իմ սիրտն ու միտքը Սզնեքում է լինելու՝ ասում է։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter