ԱՐՑԱԽՑՈՒ ՀԱՄԱՌ ԿԱՄՔԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ |
02.04.2024 16:39 |
«Լուսարար» թերթը Արցախի միակ պարբերականն է, որն Արցախի հայաթափումից հետո սկսել է լույս տեսնել Երևանում: Այն շուրջ 23 տարի հանդիսացել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնաթերթը, իսկ այժմ վերահրատարակվում է տարեսկզբին պետական գրանցում ստացած «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջոցով: «Հույս ունենք, որ դա ժամանակավոր է, և ոչ հեռու ապագայում «Լուսարարը» նորից կտպագրվի Ստեփանակերտում՝ նախկին կարգավիճակով»,- Ա1+-ի հետ զրույցում ասել է թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանը: Հատկանշենք, Արցախում երկու տասնամյակ շարունակ «Լուսարար»-ն ամենամեծ լսարան ունեցող թերթն էր, այն ուներ ավելի քան 3000 բաժանորդ, ինչը ներշնչող տպաքանակ է ոչ միայն Արցախի պարագայում: «Նախաձեռնելով «Լուսարար»-ի վերահրատարակումը Երևանում՝ մենք նպատակ ենք ունեցել պահպանել այն լավագույն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել խմբագրակազմի ու թղթակցային ակտիվի համատեղ ջանքերով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում ունեցած նվաճումները, իսկ դրանք բավականին շատ են եղել Արցախում, լայնորեն լուսաբանվել են թերթի էջերում: Այդ ձեռքբերումները մոռացության մատնելու իրավունքը մենք չունենք: Մեր նպատակն է նաև համախմբել իրենց մասնագիտական ոլորտում գործունեություն իրականացնող արցախցի անվանի ուսուցիչներին, արվեստագետներին, մարզիկներին, գիտական աշխարհի ներկայացուցիչներին, արձագանքել նրանց բարձրացրած հարցերին և, անշուշտ, արթուն պահել չկորսված հայրենիքի հանդեպ սերն ու վերադարձի հավատը»,- նշեց թերթի երկարամյա խմբագիրը: Բացի թղթային տարբերակից, «Լուսարար»-ն ունի նաև կայքէջ և ֆեյսբուքյան էջ: «Դժվար առաքելություն ենք ստանձնում, հարկավ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խմբագրակազմը փոքր է, անելիքները՝ շատ, էլ չենք խոսում նյութական փոխհատուցման սակավությունից: Այդուհանդերձ, չենք կարող մեր երախտագիտության խոսքը չասել L'Œuvre d'Orien և Vahé Fatal բարեգործական հիմնադրամների նախագահներին, որոնց նվիրատվության շնորհիվ է վերածնվել թերթը: «Լուսարար»-ի ոգեղեն լույսերն անպայման ձգվելու են առ Արցախ՝ մեր պապենական օջախներին վերստին լույս ու ջերմություն տալու»,- համոզմունք հայտնեց զրուցակիցս: Մեզ մնում է միայն մաղթել, որպեսզի «Լուսարար»-ի ընթացքն այսուհետ անկասելի լինի՝ արցախցու համառ կամքին համահունչ: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|