Արցախում ամուսնուս գերեզմանն է, Եռաբլուրում՝ որդուս. զոհված ազատամարտիկի մայր
04.04.2024 13:10

Հայրենիքի պաշտպանության սրբազան պարտքը Արմեն Վյաչեսլավի Առստամյանին Ռուսաստանի Դաշնությունից բերել է Արցախ։

Արմենի հայրը՝ Վյաչեսլավ Առստամյանը նաhատակվել է 1992թ. հուլիսի 20-ին՝  Ամարասի հովտի պաշտպանական մարտերի ժամանակ։

«Ամուսնուս զոհվելուց հետո մեծ դժվարությամբ եմ մեծացրել 3 զավակներիս։ Արմենն այդ ժամանակ դեռ 1 տարեկան էր»,- պատմում է Արմենի մայրը՝ Ալեսյա Առստամյանը։

Ավարտելով Սարուշենի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը՝ Արմենն առանց տեղյակ պահելու մորը՝ ընդունվել է ԼՂՀ ՊԲ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա ծառայությունը շարունակել պաշտպանության բանակում։

«Սոցիալական ծանր պայմանները ստիպեցին, որպեսզի նա թողնի ծառայությունն ու ապրուստի միջոց փնտրի օտարության մեջ՝ Ռուսաստանում։ Այնտեղ էլ ամուսնացել, ընտանիք է կազմել։ Երկու աղջիկ ունի։ Ավագ որդիս նույնպես ՊԲ սպա էր։

Գուցե ես եմ մեղավոր, որ հայրենասեր զավակներ եմ դաստիարարկել», - արտասվաթոր աչքերով ասում է մայրը՝ հիշելով, ինչպիսի ծանր ազդեցություն է ունեցել որդու վրա հոր և հազարավոր հայ երիտասարդների կյանքի գնով պաշտպանած հայրենիքի մեծ մասի կորուստը։

Այդ էր պատճառը, որ անսալով մոր խնդրանքները՝ 2022-ին Արմենը վերադարձավ Արցախ։

«Արմեն Առստամյանը կամավորագրվել է Սարուշեն գյուղի պաշտպանությունն իրականացնող  աշխարահազորայիններին՝ կարճ ժամանակահատվածում ստանձնելով ջոկի, ապա՝ դասակի հրամանատարի պարտականությունները։ Պատերազմի ժամանակ քաջ հրամանատարն իրեն վստահված հենակատից մեկ սանտիմետր անգամ չի նահանջել։ Նա մինչև վերջին շունչը կռվել ու մեծ վնասներ է հասցրել հակառակորդին։ Ցավոք, մեկօրյա պատերազմում 10 սարուշենցի է մարտիրոսվել՝ հարազատ գյուղի պաշտպանության ժամանակ»,- պատմում է Արմենի մարտական ընկեր, Սարուշենի համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը։

2023-ի չարաբաստիկ սեպտեմբերի 19-ին Առստամյան եղբայրները տարբեր ուղղություններով էին ճակատամարտ տալիս։ Երբ եղբայրը՝ Արթուրը, զանգել է Արմենին՝ իմանալու դրությունն ինչպես է, Արմենը պատասխանել է, որ երկու հարյուրին մոտ թշնամու զինվորներ իր ուղղությամբ են շարժվում։ Եղբոր հորդոր-հրահանգին՝ կրակոցներով նահանջել, չլսեց Արմենը, թշնամուն դիմավորեց դիմահար կրակոցներով՝ մինչև վերջին փամփուշտը ոտքերի վրա ամուր կանգնած մնալով։

«Գյուղից դուրս եկանք հողաթափերով, սկզբում ասացին պատսպարվել գյուղի վերևի մասում, այնուհետև ասացին՝ անտառով շարժվել դեպի հարևան Մսմնա գյուղ։ Իրարանցում էր, լաց, աղմուկ-աղաղակ, փոքր երեխաներ, իրենց կորցրած ծնողներ, որ չգիտեին ինչ անել, որտեղ պատսպարվել, որովհետև ամեն կողմից կրակոցներ էին գալիս։

… Իսկ գյուղի մեր տանը վառարանին դեռ եռում էր որդուս համար պատրաստած ճաշը, որը պետք է ուտեր ընկերների հետ։ Պոստից այդ օրն էր իջել։ Շրջափակում էր, սնունդը դժվարությամբ էր հայթայթվում։ Ամեն անգամ սպասում էի Արմենի գալուն, որ իր սիրած ճաշերից պատրաստեմ։ Այդ օրը գառան մսով խաշլամա էի սարքել… Գնաց, որ ընկերներին կանչի, գան միասին ճաշեն… Եկավ, թե բա մամա դիրքերում դրությունը լավ չի։ Գիտեր, որ շատ էի վախենում՝ չասեց, որ պատերազմ է։ Սովորություն ուներ՝ տնից դուրս էր գալիս համբուրում էր, ներս էր մտնում՝ համբուրում էր։ Հագնվեց, ու արդեն դուրս էր գալիս։ Ասացի Արմեն ջան առանց ինձ համբուրելո՞ւ ես գնում… Հետ նայեց, ասաց մամ կգամ՝ կհամբուրեմ։ Արդեն 6 ամսից ավելի է սպասում եմ որդուս համբույրին»…,- վերջին խոսքերը դժվարությամբ է արտաբերում Արմենի մայրը։

Տիկին Առստամյանի  դեմքը լուսավորվում է որդու մասին խոսելիս։

«Արմենս լուսավոր տղա էր, հարեհաս ու դրական էներգիայով լցված։ Նա այլ կերպ չէր էլ կարող… Գերևարված Շուշին, հարևան Ջրաղացներ, Ակնաղբյուր, Ավետարանոց, Սղնախ գյուղերը միշտ մեր աչքերի առաջ էին, մեզանից խլված։ Սարուշենից անզեն աչքով կարելի էր տեսնել ինչպես է թշնամին ավիրում հայկական բնակավայրերը, գերեզմանոցները։ Այդ ամենը շատ էր ազդում որդուս վրա»,- ասում է որդեկորույս մայրը։

Արմեն Առստամյանը հուղարկավորվել է Երևանի Եռաբլուր պանթեոնում…

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ապա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հայրենադարձության մասին խոսելիս տիկին Առստամյանի հայացքը հառում է հեռուներ՝ հոգեմաշ վիշտն անամոք է՝ Արցախում ամուսնու գերեզմանն է, Եռաբլուրում՝ որդու։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter