«Ինտեգրելու ենք արցախյան մշակույթը «Հելիուն» բրենդի մեջ» |
10.04.2024 22:16 |
Անահիտ Բադալյանն Արցախի Ասկերանի երաժշտական դպրոցի առաջին ու միակ տնօրենն է։ Ժամանակի հետ այն արվեստի դպրոցի էր վերածել։Բռնի տեղահանությունից հետո հաստատվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղում, գործունեության ոլորտն այստեղ փոխել է․ «Մանկուց սիրում էի ձեռագործել ու իմ աշխատանքները մտերիմներին նվիրել։ Ձեռագործել եմ զանազան պարագաներ՝ պայուսակ, շյուղագործ զգեստ, մանկական հագուստ, դեկորատիվ պարագաներ: Արցախում իմ աշխատանքները պարզապես եղել են հոբբի, իսկ բռնի տեղահանումից հետո աղջիկս առաջարկեց ստեղծել մեր բրենդը»,- պատմում է Անահիտ Բադալյանը։ Քանի որ Անահիտի աշխատանքի հիմնական գործիքը հելյունն է, որոշել են, որ բրենդը կրելու է հենց գործիքի անվանումը։ ««Հելիունի» գաղափարը ծագել է 2023թ. հոկտեմբեր ամսին՝ բոլորիս համար ամենադժվար ժամանակահատվածում, պետք էր ուղղակի մի բանով զբաղվել։ Ու համատեղեցինք օգտակարը հաճելիի հետ։ Մի քանի ամիս է, ինչ տարբեր հարթակներում հրապարակում ենք մեր ձեռագործ պայուսակներն ու աքսեսուարները։ Գործունեությունը եկամտի աղբյուր դեռ չենք կարող անվանել, շատ աշխատանք ունենք անելու՝ Հայաստանում ճանաչում ձեռք բերելու համար»,- ասում է նա՝ նշելով, որ այժմ կենտրոնացել են այս գործունեությունն աստիճանաբար ընտանեկան բիզնեսի վերաճելու գաղափարի վրա։ Հիմնական գնորդներն օնլայն հարթակում են։ Ասկերանի արվեստի դպրոցի տնօրենը ձեռագործ աշխատանքների չնչին մասն է կարողացել վերցնել միայն։ «Տարիների ընթացքում դպրոցի կոլեկտիվի ձեռագործ աշխատանքների հիմնական մասն այդպես էլ Ասկերանի արվեստի դպրոցի պատերի ներսում է մնացել»,-ասում է նա: Օրերս դստեր հետ մասնակցել են «Վըսկէ ծերքեր» փառատոն-տոնավաճառին, ինչը հնարավորություն է տվել ներկայացնելու «Հելիուն» բրենդը։ Արդեն մտածել են՝ հերթական փառատոնին ինչ նորույթով են ներկայանալու գնորդներին։ «Կձգտենք անել ամենը, որպեսզի չմոռացվի արցախյան մշակույթն ու փոխանցվի սերնդեսերունդ: Այդ ուղղությամբ մտահղացումներ ունենք, թե ինչպես ինտեգրել արցախյան մշակույթը մեր բրենդի մեջ»,- ասում Անահիտ Բադալյանը։
|