«Մին թաքուն տեղ»․ մասնագիտությամբ լրագրող Սրբուհին նկարներ է տպագրում տեքստիլի վրա |
16.04.2024 15:16 |
Մինչև Արցախից բռնի տեղահանվելը լրագրող Սրբուհի Վանյանն աշխատում էր Արցախի հանրային ռադիոյում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին սկսեց նկարել։
«Այդ նկարները կամաց-կամաց գաղափարից գործի են վերածվել։ Պատերազմի օրերին Երևանում բոլորովին անծանոթ մարդիկ տեսել են իմ նկարները և ուղղորդել մասնակցել դրամաշնորհային ծրագրերի՝ բիզնես հմտություններ ձեռք բերելու և որևէ գործ սկսելու համար»,- պատմում է Սրբուհին։ 2020 թվականի ռազմական գործողություններից ընդամենը ամիսներ առաջ ընտանիքով որոշել էին հյուրատուն կառուցել՝ «Մին թաքուն տեղ» անվանումով։ Այդ գաղափարը, սակայն, չկարողացան իրականացնել։ «Սեփական բիզնեսը զարգացնելու տարբեր թրեյնինգների եմ մասնակցել և դրանցից մեկի ժամանակ երբ իմացան, որ ես նկարում եմ, որոշեցին, որ իմ բիզնեսի հիմքում լինելու է հենց իմ կտավները կիրառելու գաղափարը»,- ասում է Սրբուհին։ Որոշեց, որ զարգացնելու է հեղինակային նկարների միջոցով տպագրությունը տեքստիլի վրա։ Այսպիսով ստեղծել է «Մին թաքուն տեղ» ապրանքանիշը։ «Ստացած առաջին դրամաշնորհն ուղղեցի համապատասխան սարքավորումներ ձեռքբերելուն։ Ու ընտանիքիս օգնությամբ ու օժանդակությամբ սկսեցի արտադրանքս, ունեցա առաջին հաճախորդներին, ստացա առաջին եկամուտները։ Սակայն աշխատեցի ընդամենը 3 ամիս՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 12-ը։ Մտածում էինք, որ շրջափակումը երկար չի տևի, դրա համար էլ աշխատանքները չդադարեցրեցինք։ Ժամանակի հետ արդեն դժվարանում էր հումքի ձեռքբերումը, Արցախից դուրս պատվերների ամրագրումը»,- ասում է նա։
Երեւան տեղափոխվելուց հետո Սրբուհուն հաջողվել է մասնագիտությամբ աշխատանք գտնել՝ աշխատանքի է անցել Հայաստանի հանրային ռադիոյում՝ որպես հասարակական հաղորդումների խմբագիր։ «Այժմ ես երկու ուղղությամբ եմ աշխատում և երկուսն էլ շատ եմ սիրում։ Փորձում եմ համատեղել»,- ասում է նա։ Խոսելով իր ձեռագործ աշխատանքներից՝ ասում է՝ այստեղի շուկան նոր է, խաղի կանոնները՝ այլ։ Պետք է ճիշտ ներկայացնել ապրանքանիշն ու կարողանալ դիմակայել շուկայի մրցակցությանը։ «Մրցակցությունն այստեղ բավականին կոշտ է, մանավանդ՝ ձեռագործ իրերի։ Որակյալ, յուրահատուկ և հետաքրքիր գործեր շատ կան ու պետք է կարողանալ տարբերվել, գտնել քո թիրախային շուկան»,- ասում է Սրբուհին։ «Հիմնականում տպագրում ենք տեքստիլի վրա։ Շուտով նաև ասեղնագործելու ենք։ Ասեղնագործության մեքենա ենք նվեր ստացել բարեգործական կազմակերպությունից։ Տպագրում ենք առօրյա խոսքում օգտագործվող բառակապակցություններ։ Արցախում դրանք հիմնականում հումորային բնույթի էին։ Այժմ դրանք նպատակային են»,- ասում է՝ նշելով, որ իր համար արցախցիների բարբառն ու մշակույթը պահպանելու մի տարբերակ էլ «Մին թաքուն տեղ»-ն է։
Անահիտ Պետրոսյան |