«Այն, ինչի կարիք արցախցի բռնի տեղահանվածներս զգում ենք՝ բնակելի տունն ու աշխատանքն է». արցախցի մտավորական
29.05.2024 12:47

«Արցախի Խաչմաչ գյուղը 1170 հեկտար վարչական տարածք ուներ, որից 520 հա գյուղատնտեսական նշանակության, 600 հա՝ անտառային հողերն էին։ Համայնքի սահմանով  հոսում էր Վարանդա գետի վտակը։ Ըստ գյուղի տարեցներից լսածի,  քանի որ տարածքում դարերով բացառապես հայեր են ապրել՝ Աստծո հրեշտակը գյուղի չորս կողմում խաչեր է կառուցել՝ բնակավայրը թողնելով խաչերի արանքում։ Արցախյան բարբառով ասած՝ խաչերեն մաչին։ Այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը։ Խաչմաչում բազմաթիվ հուշարձաններ կան՝ թվագրված 12-13-րդ դարերով։ Միայն 59 աղբյուր կար գյուղի շրջակայքում»,- Ա1+-ի հետ զրույցի հետ ասում է Խաչմաչի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը։

1651 թվականին Խաչմաչի բնակիչները կառուցել են Սբ. Ստեփանոս եկեղեցին։ 2007 թվականին այն վերանորոգվել է բարերար Սերյան Կարապետյանի միջոցներով։

 «Գյուղի կենտրոնում տեղակայված եկեղեցու 100 կգ քաշ ունեցած զանգը տեղափոխել են Բաքու և որպես ադրբեջանական ժողովրդի «պատմական հնություն»` ցուցադրում են պատմության թանգարանում»,- ասում է դպրոցի տնօրենը։

Գյուղում աշխատում էին բոլոր ենթակառուցվածքները։ Ապահովված էր ջրով, բնական գազով, էլէներգիայով, ուներ նորակառույց համայնքային կենտրոն։ Մինչև բռնի տեղահանում համայնքը 273 բնակիչ ուներ, որից 17-ը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հանրապետության այլ բնակավայրերից բռնի տեղահանված (5 ընտանիք)։

«Խաչմաչցիները հիմնականոմ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Գյուղում պարապ մարդ երբեք չէր լինում։ Մանավանդ գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների ժամանակ»,- ասում է զրուցակիցս։

37 տարվա մանկավարժական ստաժ ունի բռնազավթված գյուղի դպրոցի տնօրենը, որից 36-ը դպրոցի տնօրենի։

«Դպրոցը միջնակարգ էր, 21 ուսուցիչ, 41 աշակերտ ուներ։ Գյուղում տարեցտարի բնական աճ էր գրանցվում։ Նախադպրոցական տարիքի 21 երեխա կար համայնքում։ Դա մեծապես կապված էր գյուղում բարեգործական միջոցառումների իրականացմամբ, որոնք ուղղված են եղել բնական աճի խթանմանը։ Այդ շրջանակներում նորաստեղծ ընտանիքներին տրամադրվում էր 200 հազար դրամ, յուրաքանչյուր նորածնի՝ 1000 ԱՄՆ դոլար»,- նշում է Ս. Մնացականյանը։

Խաչմաչցիներն իրենց հազարավոր հայրենակիցների հետ անցել են բազմաթիվ արհավիրքների միջով, մահվան սպառնալիքի տակ լքել նախնիների հողը։

«Երբ սկսվել է գյուղի հարակից տարածքների ռմբակոծությունը և իրավիճակն արդեն անկառավարելի էր, շրջկենտրոնի հետ կապն ընդհատված, համայնքի ղեկավար Մխիթար Ղահրիյանի հետ միասին վճռել ենք տարհանել բնակիչներին։ Մեր բնակիչները գյուղից դուրս են եկել առանց որևէ բան, նույնիսկ մեկ ասեղ տներից վերցնելու։ Ստեփանակերտում բնակիչներին կացարանով ապահովելուց հետո ձեռնամուխ ենք եղել սնունդ հայթայթելու գործով։  Սեպտեմբերի 25-ին գյուղացիներով համախմբված, մեկս մյուսին օգնելով՝ մեծ ցավ ու կսկիծ սրտներումս՝ բռնել ենք գաղթի ճանապարհը»։

Հայաստանում հաստատվելուց հետո 4 ուսուցիչ է աշխատանքի տեղավորվել իր մասնագիտությամբ։ Տղամարդիկ տաքսու վարորդ և շինարարական տարբեր կազմակերպություններում են աշխատում։ Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած խաչմաչցիների հիմնական մտահոգությունն աշխատանքի բացակայությունն է։

«Մեծ հաշվով արցախցիներս դրամական օգնություն կարիք չունենք։ Շատ ընտանիքներ այդ գումարը ստանում, վրան ավելացնում՝ բնակարանի վարձ են տալիս։ Մենք բնակարան ենք կորցել, աշխատանք։ Այն ինչի կարիք արցախցի բռնի տեղահանվածներս զգում ենք՝ բնակելի տունն ու աշխատանքն է։ Մնացածը ինքներս կստեղծենք»,- ասում է Սերոբ Մնացականյանը։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter