Լավատեսորեն ենք տրամադրված․ արցախցի Էլլադան որոշել է հսկայական ծաղիկներ պատրաստել (լուսանկարներ) |
16.05.2024 13:28 |
Էլլադա Չալյանը մասնագիտությամբ լեզվաբան է, դասավանդել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա աշխատանքի անցել ԱՀ քաղաքաշինության նախարարությունում։ Այսօր, սակայն, հոբբին է վերածել մասնագիտության։ Երեք բալիկների մայրը թե տանը, թե երեխաների մանկապարտեզում սիրում էր հեքիաթային միջավայր ստեղծել։ «Մարտունիում ուրախ առիթների ֆոտոզոնաների դիզայների պակաս կար։ 2021-2022 ուս. տարվա շրջանավարտներից սկսվեց իմ առաջին վճարովի աշխատանքը՝ «Վերջին զանգ»-ի ֆոտոզոնան։ 1,3 տարի տևած ժամանակահատվածում հասցրել եմ ստեղծել իմ անկյունը, ամուսնուս հետ միասին ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ»։
Էլլադայի մշտական հաճախորդների շրջանակը գնալով ընդարձակվում էր։ «Գոհացնել ու դեռ մի բան էլ ավելին անել աշխատանքս կատարյալ դարձնելու համար՝ դա է իմ նպատակը դիզայներական աշխատանքում։ Սիրում եմ հետաքրքիր գաղափարները աչքին հաճելի տեսարան դարձնել։ Սարքավորումների ու անհրաժեշտ դետալների մեծ քանակություն ունեի Արցախում… Առհասարակ, ոչինչ այդ մեծ բազայից հնարավոր չէր այստեղ հասցնել… Աստծուն հազար փառք, որ կյանք ենք բերել»,- ասում է նա։ Էլլադա Չալյանն ասում է՝ Հայաստանում շատ լավ են ընդունել․ «Խնդիրը զուտ հոգեբանական է՝ կտրուկ փոփոխության արդյունք։ Տունը, դպրոցը, մանկապարտեզը, շրջապատը՝ ուրիշ, անգամ նույն կանաչին չունի միևնույն համն ու հոտը։ Կարծես թե կորցրել եմ անգամ համի ու հոտի զգացողությունը,- ասում է նա։ Սկսել է կամաց-կամաց մտածել աշխատանքը վերսկսելու մասին։ «Հրաշք հսկա տոնածառս, ֆոտոխցիկս ու մյուս համապատասխան սարքավորումները Հակարիի մոտ կանգնած ավտոշարասյան 4-րդ ավտոմեքենայի խցիկում էին, երբ հավերժ փակվեց դեպի Արցախ տանող միակ ճանապարհը։ Հենց այդ պահից էլ սկսվեց դժվարագույն ժամանակը։ Հօդս ցնդեցին բոլոր գաղափարներն ու նպատակները։ Սկսվեց գոյության պայքարը։ Միանգամայն փոխվեցին մարդկանց նախասիրությունները, մտածելակերպն ու մարդկային պայմանները։ Գոյության պայքար էր։ Մնացած ամեն ինչ անցավ երկրորդ պլան։ Այդպես սառեցվեց իմ անելիքների շարքը։ Սառեցվեց, բայց ո՛չ սպանվեց»,- ասում է նա։
Չալյանների ընտանիքն ապաստան է գտել Ծաղկաձորում։ «Այստեղ անհեթեթություն էի համարում որևէ բան ձեռնարկել։ Ծնողական չատերում տեղադրեցի աշխատանքներս. բոլորը հավանեցին։ Եվ վերջ։ Պահանջարկը դեռևս զրոյական է։ Հիմա սկսել եմ շատ թրենդային ու գեղեցիկ նպատակի վրա աշխատել։ Գիգանտ-ծաղիկների պատրաստումն է իմ ներկայիս զբաղմունքն ու, ինչու չէ, շատ մոտ ապագայում մեծ նախագծերի սկիզբը կհանդիսանա։ Հաճախում եմ նաև ֆլորիստ-դիզայների դասընթացների։ Կարևորը՝ լավատեսորեն ենք տրամադրված Հայաստանում մեր կենցաղը կազմակերպելու և նոր գաղափարները գործի վերածելու ուղղությամբ»։ Անահիտ Պետրոսյան
|