«Սեպտեմբերի 19-ը փշրեց մեր բոլոր երազանքները, իմ սպասումները հավերժացան ». զոհված ազատամարտիկի այրի
15.05.2024 13:31

Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանաշանակիր Տիգրան Կարենի Ավանեսյանն այսօր կդառնար 28 տարեկան։ Տիգրանն անմահացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ թշնամու հրահրած հերթական ագրեսիայի հետևանքով։

 Տիգրանն Ասկերանից էր, նոր էր ամուսնացել, երբ պատերազմը սկսվեց։ «Հուլիսի 8-ը իմ կյանքի ամենաուրախ ու ամենաերջանիկ օրն էր, Տիգրանս այդ օրը ամուսնացավ,- հուզմունքը զսպելով ասում է մայրը։ «Հիմա ուրախանում եմ, երբ Եռաբլուր եմ գնում։ Անհամբեր սպասում եմ կիրակի օրվան, որ գնամ տղայիս այցելության։ Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ էնքան ջահել կյանքեր այնտեղ։ Եղբորս տղան՝ Արսենն էլ է նույն օրը զոհվել՝ ցավս կրկնապատկել»…։

Տիգրանի ընտրյալը՝ Ալիսան ասում է, որ սեպտեմբերի 12-ին է ամուսնուն դիրքեր ճանապարհել։ «Ու այդ օրվանից սկսում էի հետհաշվարկը՝ անհամբեր սպասում նրա վերադարձին։ Սեպտեմբերի 19-ը փշրեց մեր բոլոր երազանքները, իմ սպասումները հավերժացան… Այդքանից հետո գոնե հայրենիք ունենայինք»։

Տիգրան Ավանեսյանը հայրենասեր էր, ով թշնամու յուրաքանչյուր ոտնձգության ժամանակ զենք է վերցրել՝ կանգնել հայրենիքի պաշտպանների շարքում։

«2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսելուն պես Ասկերան քաղաքի առաջին կամավորների շարքում նա մեկնեց մարտական դիրքեր ու մինչև վերջ մնաց այնտեղ՝ կատարելով համանատարության կողմից տրված բոլոր հրամանները»,- պատմում է հայրը՝ արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից Կարեն Ավանեսյանը։Այժմ նա իրեն նույնիսկ մի փոքր մեղավոր է զգում, որ տղային մեծացնում էր հերոսական դրվագներով լի մարտական ուղու մասին պատմություններով։ Կարճ՝ սակայն իմաստալից կյանքով է ապրել Տիգրանը։ Քույրը՝ Էլինան, հպարտանում է եղբոր հայրանանվեր կեցվածքով ու խիզախությամբ… «Շատ եմ կարոտում եղբայրներիս՝ Տիգրանի և Արսենին, նրանք ինձ համար կյանքի ու պայքարի խորհրդանիշ են։ Եղբայրներիս անձնազոհությունը նաև պարտավորեցնում է ապրել այնպես, որ արժանի լինենք նրանց։ Իսկ եղբորս կինը՝ Ալիսան մեզ համար Տիգրան է՝ ում սիրում, փայփայում ենք»։

2022-ի մարտին, երբ սկսվել է Քարագլխի բարձունքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան՝ Տիգրանն այնտեղ էր և ամիսներ շարունակ մարտական հերթապահություն էր իրականացնում Խնապատ գյուղի պաշտպանության համար։ 2022թ հունիսի 17-ին համալրել է ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման շարքերը՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Նույն թվականի սեպտեմբերին Տիգրանը մասնակցել է Ջերմուկի տարածքում ընթացող մարտական գործողություներին։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով. Արժանացել՝ «Տիգրան Մեծ» մեդալի։ Հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալ։ «Ասկերանը շնորհալի երիտասարդներ շատ ուներ։ Տիգրան Ավանեսյանը քաղաքի նվիրյալներից էր, ով փայլում էր բոլոր բնագավառներում։ Նրա կորուստը ծանր է բոլորիս համար։

Ցավոք, Ասկերանը ծանր կորուստներ է տվել թե՛ ռազմական գործողությունների, թե՛ բենզինի պայթյունի հետևանքով։ Այսօր ցավն ու ափսոսանք կրկնակի է՝ ոչ տղաները կան, ոչ էլ նրանց կյանքի գնով պաշտպանած հայրենիքը»,- ասում է բռնազավթված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Ավանեսյանների ընտանիքն ու մտերիմ-ընկերներն այսօր Տիգրանի ծննդյան տոնը նշեցին Եռաբլուր պանթեոնում՝ հերոսների քաղաքում։ Կշռադատված, հարգալից, ուշադիր ու ընդգծված հայրենասեր՝ այսպիսինն էր Տիգրան Ավանեսյանը, այդպիսին էլ կմնա բոլոր ճանաչողների սրտերում։

 Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter