Եթե ունենանք հզոր Հայաստան, կկարողանանք հետ բերել Արցախը․ արցախցի ուսուցիչ
14.05.2024 13:35

Արման Ավանեսյանը շուրջ 20 տարի նախնական զինվորական պատրաստություն առարկան դասավանդում էր նախ Ուղտասարի, ապա Խնապատի միջնակարգ դպրոցներում։

Խնապատում դպրոցի հարակից տարածքում նույնիսկ աշակերտների հետ միասին խրամատներ են փորել, որպեսզի աշակերտները տեսականորեն հաղորդակից լինեն հայրենապաշտպանության գործին։ Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, ճանաչվել տարվա լավագույն զինղեկ։

«Ծնվել և մեծացել եմ Ասկերանում։ Հայրս արցախյան առաջին ազատամարտի նվիրյալներից է, հաճախ էր մեզ պատմում պատերազմի, մարտական ընկերների մասին։ Երեք եղբայրներով ծառայել ենք պաշտպանության բանակում, թշնամու ոտնձգությունների ժամանակ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ 2019 թվականին Ասկերանի համայնքի ավագնու անդամ եմ ընտրվել», - ասում է Արման Ավանեսյանը:

ՆԶՊ առարկան դասավանդելուց զատ Արմանը նաև հանդիսավար էր։ Հիպոթեքով բնակարան էին ձեռք բերել Ասկերանում։

«Արցախում բազմաթիվ ընտանիքներ լիարժեք կյանքով ապրելու համար ունեին անհրաժեշտ ամեն բան՝ բնակարան, նիստ ու կաց, աշխատանք։ Չնայած 44-օրյա պատերազմը կոտրել էր բոլորիս, սակայն մեր մեջ ուժ գտանք և շարունակեցինք ապրել, աշխատել Արցախում։ Սակայն շրջափակումն ու բռնի տեղահանումը վերջնական փլուզեցին բոլորիս պլանները։ Շատ ընկերների, ծանոթ տղաների կյանք է խլել պատերազմը»,- ասում է զրուցակիցս։

Արցախից սեպտեմբերի 27-ին են բռնի տեղահանվել։ Նոր միջավայր, նոր շրջապատ, որտեղ ամեն ինչ զրոյից պետք էր սկսել։

«Փառք Աստծո մեզ հոգատար մարդիկ հանդիպեցին, ովքեր աջակցեցին բնակարան գտնելու գործում։ Ապրում ենք Արմավիրի մարզի Արաքս համայնքում։ Ես ու կինս աշխատանքի ենք անցել Շահումյանի միջնակարգ դպրոցում, ես որպես ռազմագիտության ուսուցիչ, կինս՝ հայոց լեզվի և գրականության։ Հրաձգություն օդամղիչ հրացանով մրցույթին մասնակից տասնչորս դպրոցների մեջ մեր դպրոցը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այս դպրոցում արցախցի շատ ուսուցիչներ և աշակերտներ կան, ովքեր ակտիվորեն ներգրավված են դպրոցի առօրյային»,- ասում է Ա. Ավանեսյանը։

Արման Ավանեսյանը Հայաստանում նույնպես շարունակում է զբաղվել հանդիսավարությամբ։

«Արցախում նաև տնտեսություն էինք վարում, սննդի մեծ մասը տնից էր գոյանում։ Բանջարանոց, այգի ունեի, որտեղ սիրով էի աշխատում»: Նա ասում է՝ խոսել Արցախի մասին, բարձրաձայնել, որ Արցախը կա ու կլինի՝ իր կյանքի նպատակն է դպրոցում և հանդիսավարական ծառայություններ մատուցելու ժամանակ։ Նաև՝ Արցախի խորհրդանիշ Պապիկ-տատիկի և Արցախը խորհրդանշող այլ պատկերներով վերնաշապիկներ է արտադրում։ Նպատակը՝ Արցախի թեման արդիական, հայրենիք հետ վերադարձի պահանջատիրությունը մշտարթուն պահելն է։

«Եթե ունենանք հզոր Հայաստան, կկարողանանք հետ բերել Արցախը։ Այս մտքերով եմ առաջնորդվում և անում ինձանից կախված ամեն բան»,- ասում է նա։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter