«Շրջել եմ Արցախի գյուղերով և խոտաբույսերի բավականին տեսականի հավաքել»․ «Արցախյան բուրմունք»-ը՝ Հայաստանում
14.05.2024 13:37

Արցախցի Լիլիթը թեյեր պատրաստելու վարպետ է։ «Վըսկե ծերքեր» փառատոնի ժամանակ  Լիլիթի բուրավետ ու աչք շոյող սեղանիկը փառատոնի գրավիչ տեսարաններից էր՝ տեղակայված հենց մուտքի մոտ։

«Մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան եմ, աշխատում էի Ստեփանակերտի հանրապետական հիվադանոցում։ Խոտաբույսերով

թեյեր պատրաստելու գաղափարը ծնվել է 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո։ Երկար էի մտածում՝ ինչ ստեղծել, որ լինի և՛ փոքրիկ եկամտի աղբյուր, և՛ օգտակար լինի մարդկանց համար։ Ու քանի որ արցախցիներս նախապատվությունը տալիս ենք թեյախմությանն ու այն մեր կենցաղի բաղկացուցիչ մասն է կազմում՝ ընտրությունս կանգնեց հենց արցախյան դաշտերի համն ու հոտը փոխանցող թեյերի արտադրության վրա»,-պատմում է Լիլիթը։

Սոցցանցերում խոտաբույսերով թեյեր պատրաստելու մասին տեղեկություններ իմանալուց զատ նաև գիրքեր է ձեռք բերել՝ խոտաբույսերի օգտակար հատկություններն ու տարբեր խոտաբույսերի համադրելիությունն ուսումնասիրել։

«Շրջել եմ Արցախի գյուղերով և խոտաբույսերի բավականին տեսականի հավաքել։ Չորացնում էի միայն բնական ճանապարհով։ Դժվարին, միաժամանակ հաճելի պահերից էր բրենդի անվանումը որոշելը»։

Տարբերակներ շատ կային, սակայն Լիլիթը ցանկանում էր, որ ապրանքանիշն ամբողջապես արտահայտի իր անմնացորդ սերը հայրենիքի նկատմամբ։

«Արցախյան բուրմունքն այն էր, ինչ ցանկանում էին, որի միջոցով ուզում եմ աշխարհին ճանաչելի դարձնել բազմատեսակ և օգտակար, էկոլոգիապես մաքուր արցախյան բարիքները»։ Թեյ պատրաստելը Լիլիթի համար արհեստ է դարձել, որի ընթացքում նա կտրվում է իրականությունից։

«Ինքս էլ թեյ շատ եմ սիրում ու հաճույքով եմ այն պատրաստում ու աշխատում ամեն անգամ յուրահատուկ ձևով մատուցել։ Ամեն մի նոր տեսականու առաջին համտեսողն ամուսինս է։ Որակի նշանն անցնելուց հետո է միայն նոր տեսակը հայտնվում վաճառասեղանին»,- ժպիտով ասում է Լիլիթը։ Ամուսինը տեխնիկական հարցերով էր զբաղվում, ինքն էլ համադրում, իմպրովիզներ և գրավիչ փաթեթավորումներ անում։

Յուրատեսակ փաթեթավորումներից զատ՝ նաև դեղաբույսերից գեղագիտական փնջեր էր պատրաստում։

«Արցախում աշխատում էինք հիմնականում օնլայն տարբերակով։ Հնարավորություն է եղել մասնակցելու մի քանի փառատոնների, ինչը օգնում էր ճանաչելի դարձնել մեր արտադրությունը։ Շրջափակման ժամանակ բացի խոտաբույսերով բուժիչ և օգտակար տաք թեյից՝ տեսականու մեջ ավելացրել ենք նաև սառը թեյ։ Այդ ժամանակ գրեթե փակ էին բոլոր սրճարանները, ոչ մի տեղ ուտելիք ու ըմպելիք՝ առավել ևս սառը և քաղցր չկար։ Մենք մեր տան ամբողջ շաքարավազն օգտագործել ենք սառը թեյ պատրաստելու վրա, որպեսզի Ստեփանակերտում միակ գործող սրճարանում գոնե հաճախորդների պահանջարկը որոշակիորեն բավարարվի։ Ընդամենը 20 օր ենք կարողացել աշխատել՝ այդքան հերիքեցին շաքարավազի պաշարները»։

Հայրենիքից բռնի տեղահանվելուց հետո շատ դժվարությամբ կարողացան կրկին զբաղվել թեյերի արտադրությամբ։ Կենցաղային բազում հարցեր կային...

«Ցավոք Արցախում հավաքած բազմատեսակ խոտաբույսերի մեծ պաշարից միայն մի փաթեթ կարողացա հասցնել Հայաստան։ Այն մեզ համար թալիսման է դարձել՝ իր պատվավոր տեղը զբաղեցնելով Արագածոտնի մարզի Կարբի գյուղում վարձակալած մեր տանը»։

Հայաստանում մի շարք իրավական հարցերի առաջ են կանգնել՝ կապված լիցենզիա ձեռք բերելու, ձեռնարկություն բացելու և ֆինանսական այլ խնդիրների հետ։ Ընտանիքում շուտով փոքրիկ կծնվի, ուստի այժմ նրանք անում են հնարավորինը, որպեսզի փոքրիկի ծնվելուց հետո աշխատանքի համար խոչընդոտներ չլինեն։

«Հասկանալի պատճառներով միայն ամուսինս է աշխատում։ Հիմա որպես եկամուտի միջոց, ճիշտն ասած, այդքան էլ դրական արդյունք չունենք դեռ։ Մեր թեյերը ցուցադրված են միայն Երևանում վերաբացված մեր արցախցի ընկերոջ «Bardak Pub»-ում։ Երևանում կազմակերպված «Վըսկե ծերքեր» փառատոնին ներկայացրած տեսականին ամբողջությամբ սպառվել էր այդ օրը։ Ցուցահանդեսից հետո օնլայն հարթակում ավելացել են նաև հետևորդներիս թիվը, մարդիկ ավելի շատ սկսեցին հետաքրքրվել մեր տեսականիներով, մենք էլ շահագրգռված ենք ավելի լայն տեսականի առաջարկել մեր հաճախորդներին։ Առաջ Աստված, եթե խաղաղություն լինի, ամեն ինչ լավ կլինի, մենք արդեն ունենք մշակած ծրագիր, որը կիրագործենք Երևանում, բայց չեմ բացում փակագծերը,- ասում է ապագա մայրիկն ու «Արցախյան բուրմունք»-ի հիմնադիրը։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter