Արթիկում հողամաս եմ գնել, ֆունդամենտը լցրել, ուզում եմ սեփական տուն սարքել. Բռնի տեղահանված այգեստանցի |
13.05.2024 13:40 |
Արցախի Ասկերանի շրջանի այգեստանցի Արա Սարգսյանի բազմանդամ ընտանիքը հայրենիքից բռնի տեղահանվելուց հետո ապաստան է գտել Գյումրիում, ապա տեղափոխվել Արթիկ, որտեղ և բնակվում է մինչ օրս։ Արա և Լաուրա ամուսինները 8 զավակ են մեծացնում։ Նրանց հետ է ապրում թոշակառու մայրը։ Հոգսերը շատ են, ուստի ավագ երեխաները տեղափոխվել են հորաքրոջ մոտ՝ ՌԴ Տյումեն քաղաքը։
-Այգեստանում սեփական առանձնատուն ունեինք՝ լեն ու բոլ։ Ընտանի կենդանիներ էինք պահում, բանջարանոց մշակում։ Ես ու տղաս էլ ծառայում էինք Ասկերանի զորամասում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ես դիրքերը սնունդ էի մատակարարում, տղաս էլ դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։ Տղաս՝ Արկադյան ընկերների հետ շրջափակման մեջ է ընկել և ռուս-խաղաղապահների օգնությամբ հրաշքով կարողացել են փրկվել։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախից ավտոբուսներով ենք տեղահանվել։ Միայն փաստաթղթեր ենք կարողացել մեզ հետ վերցնել։ Այստեղ մեզ անհրաժեշտ հագուստ են տվել, օգնել ինչով կարողացել են։ Արթիկում մեզ շատ լավ ընդունում, հարգում են,- ասում է Արա Սարգսյանը։ Տան տիկինը երկրորդ կարգի հաշմանդամ է, հաշմանդամության վկայականը, սակայն մնացել է Արցախում։ Այստեղ կրկին ստիպված են անցնել բոլոր ձևականությունները, որպեսզի կարգը հաստատվի և կինը կարողանա ստանալ հասանելիք թոշակը։ -Իհարկե, շնորհակալ ենք, որ պետությունը հոգ է տանում մեր մասին, բայց ես սեփական տուն եմ ուզում ունենալ, որտեղ կրկին կսկսեմ իմ տնտեսությունն ունենալ։ Արթիկում 400 հազար դրամ եմ տվել հողամաս գնել, ֆունդամենտն արդեն լցրել եմ, ձեռքովս եկածն անում եմ։ Երկու բեռնատար էլ խորանարդ քար եմ բերել՝ տուն կառուցելու համար։ Հիմա սպասում եմ, թե երբ ենք ստանալու ամենամսյա փոխհատուցումները, որ կարողանամ մի բան առաջ տանել, - ասում է զրուցիկիցս։
Արթիկում բազմահարկ շենքում են բնակվում։ Սպասում են Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի ուժի մեջ մտնելուն։ Այս ընթացքում Արան պարապ չի նստել, աշխատանքի է անցել Գյումրիի կոմունալ տնտեսությունում, որտեղ սանմաքրման և կանաչապատման աշխատանքներ է իրականացնում։ -Միշտ սիրել եմ ամեն ինչ կարգին-սարքին լինի, կոկիկ լինի, Գյումրիում սիրով եմ աշխատում, ինձ էլ սիրով ընդունում են։ Ուշքս գնում է հողի հետ աշխատելու համար,- մտքի թելը մի պահ կտրվում և կրկին վերհիշում և թվարկում է Արցում ունեցած ապրուստը։ -Շրջափակման ժամանակ՝ անցյալ տարվա այս օրերին Այգեստանում 2հա կարոտֆիլ եմ ցանել (սերմացուն պետություններ էր տրամադրել)։ Կարտոֆիլը հասունանալու վրա բռնագաղթել ենք։ Հիմա սպասում ենք փոխհատուցման ծրագրին, շինարարություն սկսելու համար։ Եթե բնակարանի փոխհատուցում չլինի՝ ստիպված ենք լինելու արտագաղթել ՌԴ,- ասում է հայրը։ Անահիտ Պետրոսյան
|