Շոկոլադ շատ էի սիրում ու դրանից այն կողմ շոկոլադի մասին ոչինչ չգիտեի. Choco Bliss ապրանքանիշի ձեռագործ շոկոլադ արտադրող |
07.05.2024 13:46 |
Choco Bliss ապրանքանիշի ձեռագործ շոկոլադ արտադրող 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թշնամու լայնամաշտաբ հարձակման ժամանակ Լիլյա Հայրապետյանի որդին ժամկետային զինծառայող էր, ամուսինը պաշտպանության բանակի պահեստազորի սպա։ Տան տղամարդիկ մարտչում էին տարբեր ուղղություններում։
Մարտունի քաղաքի վրա թշնամին կրակ էր թափում, տասնյակ տարիների ոխը հանգիստ չէր տալիս։ Մի քանի օր ապաստարաններում մնալուց հետո Լիլյան դեռահաս աղջկա հետ տեղափոխվեց Հայաստան՝ Արցախում թողնելով ուշքն ու միտքը։ «Արցախի յոթ շրջաններից մեկն էր Մարտունին, որի զավակներն արցախյան բոլոր պատերազմներում իրենց խիզախաբար էին դրսևորել։ Մարտունին տարբեր ուղղություններից ռմբակոծվում էր, և ես ստիպած տեղի տվեցի հարազատներիս հորդորներին՝ հանուն աղջկաս ապահովության»,- պատմում է զրուցակիցս։ Երևանի Պետական Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինն է ավարտել Լիլյան, սակայն մասնագիտությամբ երբեք չի աշխատել։ «Աշխատում էի «Արցախփոստ» ՓԲ ընկերության Մարտունու մասնաճյուղում որպես օպերատոր։ Սակայն միշտ մտածում էի սեփական գործ ունենալու մասին։ 2020 թվականին, երբ Հայաստանում էինք, իսկ ամուսինս ու որդիս Արցախում, որոշեցի մի բան ձեռնարկել, որպեսզի կարողանամ կտրվել ամենօրյա մղձավանջային իրականությունից, տագնապներից ու ստրեսներից։ Սակայն ոչ մի բանի վրա չէի կարողանում կենտրոնանալ»։ Նոյեմբերի 9-ի անչափ ցավալի պայմաններով պայմանագրով զինադադարի հասնելուց հետո միակ լուսավոր կետը տիկին Հայրապետյանի համար հարազատների փրկված կյանքն էր։ Որդին Երևանի պոլիտախնիկական համալսարանի ուսանող էր, և պիտի շարունակեր ուսումը։ «Երեխաների հետ տեղափոխվեցի Հայաստան, սակայն հաճախակի էի լինում Արցախում, քանի որ ամուսինս Արցախում էր։ Հերթական անգամ, երբ եկել էի Երևան՝ Արցախը շրջափակման մեջ առնվեց։ Ինձ մեղավոր էի զգում, որ հայրենակիցներս ծանր վիճակում են, երեխաներս հաճախ էին հրաժարվում այս կամ այն մթերքը գնելուց։ Մի խոսքով ծանր հոգեբանական վիճակ էր»,- ասում է Լիլյան: Որպես ռազմական գործողությունների մասնակից Լիլյայի որդու ուսման վարձը պետությունը 2 տարի շարունակ 50 տոկոսով փոխհատուցել էր։ Սակայն այստեղ ապրելու համար պետք էր որևէ բան ձեռնարկել։ «Սկսեցի մտածել ինչ-որ գործ սկսելու մասին։Անընդատ համացանցում փնտրում էի, թե ինչ կարող եմ անել տանից։ Սկզբում որոշեցի մոմագործությամբ զբաղվել, բայց հետո ընտրեցի շոկոլադագործությունը:
Շոկոլադ շատ էի սիրում, ու դրանից այն կողմ շոկոլադի մասին ոչինչ չգիտեի։ Սկսեցի վիդեոներ նայել, մեծ հետաքրքրություն առաջացավ մոտս շոկոլադագործության տեխնիկան սովորելու համար։ Սկզբում պատրաստում և հյուրասիրում էի բարեկամներիս, ծանոթ-ընկերներիս։ Ոգևորվում էի, երբ բոլորին դուր էր գալիս։ Ու այդպես որոշեցի լրջորեն զբաղվել ձեռագործ շոկոլադ պատրաստելով։ Սակայն առայսօր այն ինձ համար դեռևս հոբբի է»։ Ընտանիքի անդամների հետ լոգո ընտրելուց հետո համացանցում էջ բացեցին և սկսեցին պատրաստած շոկոլադների տեսականու նկարներ տեղադրել, սկսեցին մտածել առաջ շարժվելու, սիրված զբաղմունքն ապրուստի միջոցի վերածելու ուղղությամբ։ «Արցախի հայաթափումը կրկնակի ստրես էր բոլորիս համար։ Ուստի մինչև 2023թ. նոյեմբեր ոչինչ չձեռնարկեցի։ Մեկնարկը եղավ Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հրավերով՝ Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար։ Այնուհետև մասնակցեցի Մերգելյան կարպետ պատկերասրահում, Դվին մյուզիկ հոլում կազմակերպված ցուցահանդեսներին։ Մենք արդեն ունեինք մեր տարբերանշանը, վիզիտկաները և, որ ամենակարևորն է՝ մեր աշխատանքներով հետաքրքրված անձանց հետաքրքիր ու տարբերվող առաջարկներ»։ Շուտով Լիլյան ստացավ առաջին պատվերները, որը պատրաստեց մեծ սիրով ու նվիրումով։ Հումքը մաքուր բելգիական շոկոլադ է,նարնջի, լիմոնի, ելակի համերով: Պատրաստում է սև, սպիտակ և ռուբի բնական շոկոլադներ, որոնց հետ օգտագործելով տարբեր տեսակի բնական չրեր և ընդեղեն՝ շոկոլադը դարձնում է անհամեմատ համեղ , իսկ արտաքին տեսքը՝ գրավիչ։ «Մասնակցել եմ նաև «Վըսկե ծերքեր» ցուցահանդեսին։ Մրցունակ լինելու համար մտածում եմ վերապատրաստման դասընթացների մասնակցնել, որպեսզի կարողանամ առաջ շարժվել։ Աշխատում եմ հետ չնայել, չնայած այն ամենին, ինչ թողել ենք մեր նախորդ կյանքում, այնտեղ՝ Արցախում։ Իսկ այնտեղ ամենակարևորն ենք թողել՝ մեր էությունը, մեր լուսավոր կյանքը»,- ասում է ձեռագործ շոկոլադի վարպետը:
Անահիտ Պետրոսյան |