Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը դժվարությունների առաջ է կանգնած
06.05.2024 13:52

«Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը ստեղծվել է 2000 թվականին։ Արցախի տարեց մշակութային գործիչները միավորում է ցանկությունը՝ պահպանել, պաշտպանել և քարոզել արցախյան մշակույթը՝ ժառանգելով այն գալիք սերունդներին։

«Գնալով համույթը համալրվում էր երիտասարդ կադրերով և շուտով վերանվանվեց «Մենք ենք մեր սարերը» երգի ազգագրական, ապա՝ երգի-պարի պետական համույթի, համալրվեց երիտասարդ կատարողներով։ Երգացանկում հիմնականում ընդգրկված էին արցախյան բարբառով ազգագրական և հայրենասիրական երգեր, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ ազգագրություններ՝ այդ թվում նաև Արևմտյան Հայաստանի։ Մի խոսքով՝ բոլոր այն ժանրերը, որոնք իրենց մեջ պարունակում են ազգայինը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է համույթի գեղարվեստանական ղեկավար Վիտալի Ղազարյանը։

2002 թվականից Վիտալի Ղազարյանը համույթի մենակատարն էր, ապա երգի մասի ղեկավարը, այժմ՝ գեղարվեստական ղեկավարը։ Արցախի վաստակավոր արտիստն ասում է, որ իր համար շատ ցավալի կլինի, եթե համույթը դադարի գոյություն ունենալ՝ մանավանդ այսպիսի պայմաններում։

«Համույթն իմ կյանքն է, իմ ապրելակերպը՝ արդեն տասնյակ տարիներ ի վեր»,- ասում է նա՝ հավելելով, որ համույթի նպատակն է պահպանել արցախյան մշակույթը, ճանաչելի դարձնել այն ամբողջ աշխարհին։

«Ցավոք, բռնի տեղահանման հետևանքով 40-ից ավելի անդամ ունեցող համույթը ցրվեց, քանի որ նրա անդամները բնակություն հաստատեցին Հայաստանի տարբեր մարզերում։ Հաջողվեց հավաքել համույթի միայն մեկ երրորդ մասը, սակայն առանց աջակցության հնարավոր չէր առաջ շարժվել, շարունակել ստանձնած առաքելությունը։ Իսկ անելիքներն ու մարտահրավերներն ավելի շատ են»։

Հայաստանում գործունեությունը շարունակելու համար ստեղծվեց համանուն հասարակական կազմակերպություն: Տնօրեն Էլինա Ապրեսյանի և նախկին տնօրեն Սլավա Ապրեսյանի գլխավորությամբ ու ջանքերով կազմակերպվեց առաջին համերգը:

«Բարյացակամ մարդկանց շնորհիվ կարողացանք կրկին ոտքի կանգնել։ Առաջին համերգը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում էր՝ լեփ-լեցուն դահլիճով: Երգացանկում արցախյան բարբառով գոհարներն էին, հայրենասիրական և ազգագրական երգերն ու պարերը»։

Չնայած տարածությանն ու ժամանակին՝ համույթի անդամները կարողանում են ժամանակ առ ժամանակ հավաքվել, փորձեր, համերգային ծրագրերում նոր երգեր ընդգրկելու քննարկումներ անել։ Մեծ ուշադրություն է դարձվում արցախյան բարբառն ու մշակույթը պահպանելու ուղղությամբ առաջարկները գործուն քայլերի վերածելուն։

«Ծրագրում նոր երգեր, ստեղծագործություններ ենք մտցնում, անում հնարավորն ու անհնարինը, որպեսզի համույթը չդադարի գործունեությունը։ Խնդիրները շատ են և գրեթե բոլոր ուղղություններով: Ճիշտ է՝ հովանավորի օգնությամբ խմբի համար մեկ շոր կարեցինք, բայց դա շատ քիչ է։ Արցախում ամեն մի երգիչ-երգչուհի ուներ առնվազն տասը շոր։ Ամեն մի ստեղծագործություն ուներ իր համապատասխան զգեստը»,-ասում է Վ. Ղազարյանը։

Վերջերս մարաթոն է կազմակերպվել՝ Արցախի բոլոր համույթներին ինչ-որ չափով համախմբելու, գործունեությունը Հայաստանում շարունակելու համար։ «Ցավոք, մարաթոնի արդյունքները գոհացուցիչ չէին։ Սակայն կազմակերպիչները հույսները չեն կտրում և շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել՝ նշված խնդրի ուղղությամբ լուծումներ գտնելու համար։ Որպես համույթի գեղարվեստական ղեկավար՝ խնդիր եմ դրել իմ առջև ամեն գնով պահպանել արցախյան բարբառով երգերը՝ անընդհատ համալրելով երգացանկը նոր երգերով։ Մեր ընտանիքում կինս և աղջիկս համույթի մաս են կազմում, և մեր վրա մեծ պարտավորություն ենք վերցնում մեր ինքնությունը, արցախյան վտանգված մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին կտակելու գործում՝ մի օր Արցախ հետ վերադարձի հավատով և սպասումով։ Այն քարոզը, որ անում էինք Արցախում՝ հիմա տասնապատիկ շատ ու ավելի եռանդով պիտի անենք, քանի որ թշնամին ինչպես միշտ ձգտնում է յուրացնել ամեն հայկականը»։

Զրուցակիցս պատմում է՝ պարբերաբար տարբեր պետություններից համերգային ծրագրով հանդես գալու հրավեր էին ստանում:

«Հյուրախաղերով հանդես ենք եկել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, Իրանում, Վրաստանում, Մերձբալթյան երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, Լիբանանում։ Իսկ ԼՂՀ-ի շրջաններում և ՊԲ զորամասերում համերգային ծրագրերով ողջ տարվա ընթացքում էինք լինում: Աղջկաս վերջին ձայնագրությունը Արցախում արված «Արցախ» երգն էր: Երազում ենք այն կրկին հնչի Արցախում»,- ամուսնուն լրացնում է տիկին Քրիստինեն, ով համույթում է 2003 թվականից՝ որպես մեներգչուհի:

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter