«Որոշեցի, որ Երեւանում շարունակելու եմ զբաղվել արցախյան համեղ քաղցրավենիքների արտադրությամբ» |
20.05.2024 13:58 |
Երեք երեխաների մայր, արցախցի Իդայի նպատակը Հայաստանում սեփական տանիք ունենալն ու հիմնական հաստատվելն է․
«Ուրիշ այլ երկրում կյանքս չեմ պատկերաց՚նում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է քաղցրավենիքների արտադրությամբ զբաղվող Իդա Պողոսյանը։ Ստեփանակերտում հիմնական զբաղմունքը երեխաների խնամքն էր, որին զուգահեռ սիրում էր ընտանիքի անդամների համար համեղ քաղցրավենիքներ պատրաստել։ «Յուրաքանչյուր արցախցի, ով վերապրել է շրջափակման 9-ը ամիսները, հիմա երանի է տալիս այդ օրերին, քանի որ տանն էինք։ Մինչև չարաբաստիկ պատերազմն աշխատում էի միայն լավի մասին մտածել։ Սակայն սեպտեմբերի 19-ն ու դրան հաջորդած սարսափելի իրադարձությունները լիովին թևաթափ են արել։ Հարկադրված գաղթի ճանապարհից առաջ կարողացել եմ միայն փոքրիկներիս համար մի քանի տաք շոր վերցնել ու ընտանեկան լուսանկարները։ Այն, ինչ չկարողացա տեղավորել ճամպրուկում, սրտիս մեջ»,- ասում է Իդան։ Տարատեսակ խմորեղեն պատրաստելը մայրիկից է սովորել Իդան։ Հիշում է՝ ինչպիսի սիրով ու ջերմությամբ էր մայրիկը տարբեր տեսակի քաղցրավենիք պատրաստում ընտանիքի և հարազատների համար։ «Ամուսնուս քույրը ևս մեծ ներդրում ունի այս հարցում։ Նրանից շատ բան եմ սովորել։ Ամենակարևորը ոգևորությունն ու սատարումն էր, ինչը շատ էր օգնում ինձ չհուսահատվել ու առաջ նայել»։
Քաղցրավենիքների արտադրությամբ զբաղվել սկսել է շրջափակման օրերին, քանի որ շուկայում դրա կարիքը խիստ զգացվում էր։ Առաջին հերթին երեխաների ու հարազատների համար էր պատրաստում։ Խոհանոցը Իդայի տարերքն է, կարևորում է նաեւ գեղեցիկ մատուցումը։ «Հաստատվելով Երևանում և մտածելով հետագա անելիքների մասին՝ որոշեցի, որ շարունակելու եմ զբաղվել արցախյան համեղ քաղցրավենիքների արտադրությամբ։ Առաջին հերթին թխվածքի վառարան եմ գնել, իսկ «Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում՝ հարիչ ձեռքբերել: Աշխատում եմ ազատ ժամանակ գտնել նաև Աստվածաշունչ ընթերցելու համար, քանի որ այն բավականին օգնում է ինքդ քեզ վերագտնելու հարցում, նաև՝ ուժ ու եռանդ է տալիս չհուսալքվելու համար։ Հիմնական դժվարությունը 1,6 տարեկան փոքրիկիս խնամքի հետ աշխատանքս համատեղելն է։ Այս հարցում ինձ մեծապես օգնում են ավագ դուստրերս»,- ասում է զրուցակիցս։ Հիմնականում պատրաստում է արցախյան փախլավա, գաթա, մեղրով տորթ։ Ասում է՝ պատվերների մեծ մասը գիշերներն է պատրաստում։ Նրա խոսքով՝ մարդիկ չեն տեսնում այն դժվարությունները, որոնց միջով անցնում ես։ Փոխարենը տեսնում են վերջնական արդյունքը, որը պետք է հրապուրիչ և մրցունակ լինի։
Անահիտ Պետրոսյան |