Եթե Հայաստանի մի հատվածում բռնի տեղահանված արցախցիների համար թաղամաս կառուցվեր, քչերը դուրս կգային երկրից․ Ասկերանի քաղաքապետ
30.04.2024 14:00

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ասկերանում լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Քաղաքում երեք բարձրահարկ շենք կառուցվեց՝ բնակարանները բաժանվեցին, հիմնականում, Արցախի այլ բնակավայրերից բռնի տեղահանված բնակիչներին։ Քաղաքում աշխուժություն էր տիրում, բնակիչների շրջանում արտագաղթի միտումներ չկային։ Նույնիսկ 9 ամսյա շրջափակման ժամանակահատվածում ոչ ոք ծննդավայրը լքելու մտադրություն չուներ,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

Այլ իրականություն էր 2023-ի սեպտեմբերի 27-ին. 3000 բնակիչ ունեցող քաղաքն ամայացած էր։ Ասկերանի քաղաքապետը սեպտեմբերի 27-ին վերջին անգամ շրջել է հարազատ քաղաքում՝ համոզված լինելու համար՝ բնակիչ մնացել է, թե ոչ, ապա ինքն էլ հեռացել։

«Գնացել եմ եղբայրական գերեզմանոց, ապա շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիր, Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հուշավահանակից հանել տղաների նկարները, որպեսզի թշնամին չպղծի… Ինձ մնար՝ այնտեղ կմնայի…,- ասում է զրուցակիցս։- Հայրս 1993-ին հենց այդ բնագիծը պաշտպանելու համար նահատակվեց… Չկարողացանք մեր հայրերի գործը շարունակել… Թշնամու դիրքերը քաղաքին շատ մոտ էին և մի քանի կողմից կարող կարող էր ներխուժել քաղաք, այդ թվում՝ Ասկերանի տանկի մոտից։ Ուստի առաջին գործը, որ արեցինք, բնակիչներին ապահով վայրեր տեղափոխել էր։ Մտավախություն ունեի, որ կխփեն ուղիղ քաղաքի վրա։ Պահի թելադրանքով՝ շրջվարչակազմի հետ համատեղ արել ենք հնարավոր ամեն բան, ծանր կորուստներից խուսափելու համար․․․»,-հիշում է Ասկերանի քաղաքապետը։

Երբ հեռանում էր հարազատ ծննդավայրից, քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում էր Արցախի պետական դրոշը։ «Ասկերանում ամենաթանկն ու սրբազանն ենք թողել, որ այլևս ոչ մի տեղ չենք գտնելու, ոչ մի միջոցով չի փոխհատուցվելու… Մեծ ցավ եմ ապրում, երբ իմ հայրենակիցները երրորդ երկիր են արտագաղթում։ Հասկանում եմ բոլորին՝ պետք է ընտանիք կերակրեն, պահեն։ Եթե Հայաստանի մի հատվածում բռնի տեղահանված արցախցիների համար թաղամաս կառուցվեր, շատ քչերը դուրս կգային երկրից»։

Հայկ Շամիրյանի կապը բնակիչների հետ մշտական է։ Գիտի բոլոր բնակիչների բնակության վայրերը, տվյալները։

«Բնակիչներ ունենք, ովքեր այստեղ ևս շարունակում են այն գործունեությունը, ինչ որ Արցախում էր։ Ունենք հաջողած գյուղատնտեսներ, ձեռներեցներ, ստեղծարարներ, ովքեր իրենց ուժերով նորից ոտքի են կանգնել։ Ողջունում եմ նման մարդկանց, ուրախանում և հպարտանում նրանց հաջողություններով։ Պետք է առաջ նայել ու առաջ շարժվել»։

Յոթ ամիս շարունակ հասարակական հիմունքներով աշխատելուց հետո Ասկերանի քաղաքապետն աշխատանքի է անցել Երևանի անշարժ գույքի գործակալություններից մեկում։

«Շարունակելու եմ իմ բնակիչներին անհրաժեշտ խորհրդատվություն, տարբեր տեսակի տեղեկանքներ տրամադրելը։ Իսկ անշարժ գույքի գործակալությունում աշխատանքի անցնելս ևս ծառայեցնելու եմ իմ հայրենակիցների բարօրությանը։ Այն արցախցիները, ովքեր ցանկություն կհայտնեն օգտվել տվյալ գործակալության ծառայություններից, գործարքից ինձ հասանելիք տոկոսագումարը նրանցից չեմ վերցնելու։ Խոսքը ոչ միայն Ասկերան քաղաքի բնակիչների, այլև բոլոր արցախցիների մասին է»,- հստակեցնում է Հայկ Շամիրյանը։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter