«ՀՀ իշխանությունների առաջարկած բնակապահովման ծրագիրը միտված է արտագաղթի արագացմանը և Արցախի հարցի փակմանը». Նորագյուղ համայնքի ղեկավար
31.05.2024 14:40

Նորագյուղն Արցախի խոշոր գյուղերից էր՝ տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ունի 2297.7 հա տարածք, որից 1559.14 հա գյուղատնտեսական նշանակության, 372.0-ը անտառային հողեր են։

«Ըստ որոշ պատմական տվյալների, հին գյուղի պատմությունն սկսվում է 19-րդ դարի սկզբից։ Բայց կան տվյալներ, որ գյուղը հիմնադրվել է 1700-ական թվականներին, երբ մի խումբ բնակիչներ այստեղ են հաստատավել Պարսկաստանի Կարկադաղի Քեշիշքենդ բնակավայրից։ Հին Նորագյուղի շրջակայքում հայտնաբերվել են հնագույն բնակավայրի բազմաթիվ տեղամասեր, որոնք ապացուցում են, որ մարդն այստեղ ապրել և արարել է դեռ շատ հին ժամանակներում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է բռնազավթված համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը։

1920թ. գյուղն ուներ 180 տուն՝ 1500 բնակչությամբ։ 1907թ. հիմնադրվել է գյուղի դպրոցը, որը 1951թվականից միջնակարգ էր։ Էլեկտրիֆիկացվել է 1961թ.։ Նորագյուղցիներն ակտիվորեն մասնակցել են ինչպես առաջին և երկրորդ աշխարհամարտերին, այնպես էլ արցախյան ազատամարտին։ Մեծ հայրենականում զոհվել է 92, իսկ արցախյան ազգային-ազատագրական պայքարում՝ 31 նորագյուղցի։

«Նորագյուղի բնակչությունը 2023թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ կազմել է 1760 մարդ, որից 220-ը՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով այլ բնակավայրերից բռնի տեղահանվածներ։ Համայնքում գործում էր համայնքապետարան, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, 2 հանդիսությունների տուն, հանգստյան գոտի, ցորենի վերամշակման արտադրամասեր, ցորենի էլեկտրաաղաց, անասնապահական ֆերմաներ։ Համայնքի տարածքում կան 1810թ. թվագրված Սուրբ Գևորգ եկեղեցի, Սարեն խաչ սրբատեղի, 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում նահատակված նորագյուղցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ»։

Ասկերանի շրջանի ամենախոշոր համայնքի ղեկավարի մտահոգությունն ավելի շատ թշնամու վերահսկողության տակ անցած հուշարձաններն ու գերեզմանոցներն են՝ թշնամին բարբարոսի ձեռագիրը չի փոխել՝ ասում է։

Վերջին տարիներին գյուղում մեծ թափ էր ստացել ջերմոցային տնտեսությամբ զբավելը, մեզ հետ զրույցում նշում է Վ. Պետրոսյանը։

«Գյուղացիների զբաղվածության հարցը լուծված էր։ Բավականին մեծ թիվ էին կազմում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվողները»։

Ինչպես նշեց օկուպացված Նորագյուղի համայնքի ղեկավարը՝ 2023թ. սեպտեմբերյան էթնիկ զտման արդյունքում՝ բռնի տեղահանվածներից մոտ 100 հոգի արտագաղթել են տարբեր երկրներ (հիմնականում ՌԴ),մյուսները սփռված են ՀՀ մարզերում։

«Համայնքի բնակիչները բախվում են տարբեր խնդիրների, որոնք, հիմնականում, հաշվառման, թոշակի անցնելու և  զբաղվածության հետ են կապված։ Բնակչության ստվար մասը մինչև այժմ չի ստացել 2023թ. սեպտեմբեր ամսվա թոշակն ու նպաստը»։

Խոսելով ՀՀ կառավարության  և առանձին բարեգործական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք ուղղված են բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները մեղմելուն՝ զրուցակիցս նշեց, որ դրանք արդարացիության լուրջ խնդիր ունեն։

«Արցախցիների հետագա արտագաղթը կանխելու համար պետք է իրականացվեն ավելի շոշափելի ու արդարացի սոցիալական ծրագրեր։ Կարևոր է զբաղվածության հարցի լուծումը, այդ թվում՝ փոքր բիզնես-ծրագրերի աջակցության՝ պարզ համակարգի ներդրմամբ։ ՀՀ իշխանությունների առաջարկած բնակապահովման ծրագիրը միտված է, իմ կարծիքով, արտագաղթի արագացմանը և Արցախի հարցի փակմանը»,- մտահոգություն հայտնեց Վլադիմիր Պետրոսյանը։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter