08.06.2012 17:25 |
Վերջին ժամանակներս մեր ժողովրդի մոտ ավելի մեծ հետաքրքրություն ու սեր է նկատվում դեպի պատմամշակութային արժեքները: Գուցե դա նրանից է, որ մեր հուշարձանների հանդեպ նման մոտեցում են ցուցաբերում նաեւ օտարազգի այցելուներն ու ամբողջ Սփյուռքը: Իսկ որ Արցախ աշխարհը հարուստ է նման հոյակերտ ու յուրօրինակ արժեքներով, գիտեն արդեն ամենուր: Այդ պատմական արժեքների պահպանության ու
հետազոտման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում նաեւ Ասկերանի շրջանում: Թեպետ շատ քիչ ժամանակ է, ինչ գործում է ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայությունը, սակայն ծառա-յության պետ Ալլա Արզումանյանն արդեն բավականին աշխատանքներ է ձեռնարկել: Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական աջակցությամբ կազմակերպվել են շրջայցեր դեպի Ավետարանոց, Ակնաղբյուր, Փառուխ, Պատարա, Աստղաշեն գյուղերը: Հնեաբաններ եւ պատմաբաններ Հ. Պետրոսյանի, Վ. Սաֆարյանի ուղեկցությամբ Ա. Արզումանյանն Ավետարանոցի ՙԿուսանաց անապատ՚ եկեղեցու տարածքում կատարել է հետազոտական աշխատանքներ: Այստեղ շինարարական աշխատանքների հետեւանքով բացահայտվել են հին կացարաններ, քարե աղբյուր եւ գերեզմաններ: Գտնվել են կավե հին ամաններ եւ խաչքարի դրվագ, որը հանձնվել է Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան: Այցելել են նաեւ Պատարայի ՙՍուրբ Ստեփանոս՚ եկեղեցի եւ գյուղից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող ՙԱմենափրկիչ՚ եկեղեցի, որի մոտ կան բազմաթիվ խաչքարեր եւ հին գերեզմաններ: Ակնաղբյուրի հին եկեղեցու ավերակների հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է մի հղկված քար, որն անպայման ուսումնասիրության կարիք ունի: Լինելով համայնքներում` Ա. Արզումանյանը հանձնարարականներ է տալիս համայնքների ղեկավարներին եկեղեցիների եւ պատմական մյուս արժեքների տարածքները մաքուր եւ բարեկարգ պահելու համար:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |