Երեք աղջիկներիս հորդորում եմ երեխաների մոտ չլացեն ասում է երկու որդիներին կորցրած մանկավարժը Աջակցիր «Ա1+»-ին
02.06.2024 15:10

«Մորս ամբողջ կյանքում լացելիս եմ հիշում։ Երբ մայրս լացում էր, ես սսկվում էի»,- պատմում է 68-ամյա Անժելա Ասրյանը։

Նա ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, 48 տարվա մանկավարժական ստաժ ունի։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դասավանդել է Մարտունու, ապա Շուշիի շրջանի միջնակարգ դպրոցներում։

«Մայրս էլ ժամանակից շուտ կյանքից հեռացավ, իսկ նրա՝ եղբոր սպասումին նվիրված բացիկը մինչ օրս սրբորեն պահում եմ։ 50-րդ տարին էր լրացել քեռուս անհայտ լինելուն, երբ թշնամին հերթական անգամ արկակոծում էր Բերդաշենը։ Բոլորը շտապում էին դեպի թաքստոցներ, սակայն մայրս մենակ չթողեց անկողնուն գամված տատիս։ Այդ օրը մայր ու աղջիկ իրար գրկած զոհվեցին։ Արկերից մեկն ընկել էր ուղիղ իրենց տան վրա… Հիմա ես իմ աղջիկներին հորդորում եմ երեխաների մոտ չլացեն, թոռներս չընկճվեն, նրանք շատ դառնություններ են տեսել այսքան փոքր հասակում, ուզում եմ՝ հնարավորինս հեռու մնան հոգսերից», - ասում է տիկին Ասրյանը։

Նա երկու որդի է կորցրել։

«Կրտսեր որդուս՝ Սասունիս ու Շուշին կորցնելուց հետո ապաստանել ենք Սեփանակերտում։ Սկզբում տուն վարձակալեցինք, ապա որպես զոհված ազատամարտիկ ընտանիք՝ բնակարան ստացանք։ Այն զոհված որդուս տուն- թանգարանի էինք վերածել։ Գրիգորիս՝ ավագ որդիս, ինչ չափի նկարներ ասես, որ չէր սարքում։ Մեկ է՝ սրտներս չէր հանգստանում։ Շատ ծանր կորուստներ եմ կրել։ Աղոթում էի՝ Սասունից հետո Գրիգորին իր ընտանիքի, երեք քույրերի գլխին կանգնած մնա գոնե։ 2023-ի սեպտեմբերի 25-ի բենզինի պայթյունին զոհ գնաց նաև ավագ որդիս։ Գրիգորին ասում էր, որ որտեղ ինքը լինի, այնտեղ էլ Սասունի գերեզմանն է լինելու։ Սակայն վերջին պատերազմն ու բռնի տեղահանությունն ընդմիշտ բաժանեց մեզ։ Սասունս մնաց իր նախնիների հայրենիքում»։

«Գրիգորին Եռաբլուրում տեղ չունեցավ։ Մարտական ընկերների ջանքերն ապարդյուն անցան։ Ծառայության ընթացքում քսանից ավելի մեդալների արժանացած, 24 տարվա զինվորական ծառայություն անցած և սպայի ուսադիրներ կրող որդուս հուղարկավորել ենք Նուբարաշենի գերեզմանատանը։ Հիմա փորձում ենք գոնե Սասունիս գերեզմանաքարը եռաբլուրում տեղ ունենա»,- ասում է տիկին Ասրյան։

Ամուսինը՝ Նիկոլայ Սահակյանն արցախյան առաջին ազատամարտի 1-ին կարգի հաշմանդամ է։ Մարտունու շրջանի մի շարք գյուղերի հավաքակայանի հրամանատարն էր։ Վիրավորվել է 1993 թվականի փետրվարի 28-ին՝ պայթելով ականի վրա կորցրել է ոտքը։ «Ազատամարտի ժամանակ ամուսնուս հրամանատարությամբ մարտնչող կամավորականների կազմում ոչ մի զոհ չի եղել։ Ամուսինս շատ հոգատար հրամանատար է եղել, միշտ իր զինվորների կողքին։ Չնայած Մարտունու ինքնապաշտպանական շրջանը ներգրավված չի եղել Շուշիի ազատագրման օպերացիային, սակայն Նիկոլայը որպես կամավորական մասնակցել է հայոց բերդաքաղաքի կրկին հայկականացմանը։ Դժվարին ժամանակներ էին. ոչ տրանսպորտ կար, ոչ անհրաժեշտ հագուստ ու սնունդ»։

Տիկին Անժելայի երկու դուստրերը ծառայության էին անցել ՊԲ տարբեր զորամասերում։ Նրանց ամուսինները նույնպես զինվորականներ էին։ Կրտսեր աղջիկը՝ Ռաիսան՝ Ստեփանակերտի տեխնոլոգիական համալսարանում էր դասավանդում, ամուսինը նույնպես զինծառայող էր։ Այժմ մշտական աշխատանք ոչ մեկ չունի, ապրում են վարձակալությամբ։ Խոսելով զոհված որդուց՝ ասում է՝ Սասունն ամեն ինչից վեր էր դասում ազատությունը՝ բոլոր առումներով։

«Հինգ անգամ վիրավորվել և առաջին օգնություն ստանալուց հետո կրկին միացել է մարտական ընկերներին։ Տասնյակ բեկորներ կար մարմնում։ Ասում էր՝ եթե փախչել,ապա միայն հոսպիտալից։ 2020-ին մինչև նոյեմբերի 7-ը եղել է Շուշիում։ Նույն օրը Շուշիից իջնելիս՝ դեռևս անհայտ հանգամանքներում վիրավորվել է ծնկներից։ 77 օր անց միայն կարողացանք գտնել նրան։ Սասունիս զոհվելու փաստն որքան առեղծվածային է, նույնքան անհավատալի ու անհավանական է բոլորիս համար»,- ասում է մայրը։

Սասուն Սահակյանի մասին փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվել,նրա կյանքին ու մարտական ծառայության մասին պատմող գիրք տպագրվել։ 44-օրյա պատերազմի օրերին Սասունն արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ և 1-ին կարգի շքանշանների։ Հայ –ռուսական ֆիդայական միության կողմից հետմահու արժանացել է «Զորավար Անդրանիկ» մեդալի, ստացել՝ ավագ լեյտենանտի կոչում։

«Սասունը Շուշիի լեգենդն էր, որ կյանքից առավել Շուշին էր սիրում։ Մենք նրան Շուշի ու մի ամբողջ Արցախ պարտք մնացինք»,- ասում է քույրը՝ Ռաիսան։

Քրոջ հիշողություններում դաջված մնաց ավագ եղբոր՝ Գրիգորիի վերջին ժպիտը։ «Հայկազովի տեղամասում էի չարաբաստիկ սեպտեմբերի 25-ին՝ բենզինի հերթի, երբ զանգեց Գրիգորին։ Ասացի՝ ամուսնուս հետ միասին այստեղ ենք, մեր վերցրած բենզինից քեզ էլ կտանք։ Տղամարդիկ իմ հերթն առաջ տվին, և երբ ես արդեն բենզին վերցրած դուրս էի գալիս, տեսա հերթում ինձ ժպիտով ուղեկցող եղբորս։ Հաջորդ ակնթարթին ահավոր ամպրոպ էր ու պայթյուն։ Վազեցի պայթյունի ուղղությամբ, եղավ երկրորդ պայթյունը։ Կրակը կլանում էր շրջապատում ամեն բան»,- հիշում է նա։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter