Ինչպես արցախցի մանկավարժ ամուսինները հաստատվեցին Գյումրիում |
06.06.2024 14:26 |
«Հաղթահարում էինք ցանկացած մարտահրավեր, քանի որ տանն էինք»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է չորս անչափահաս երեխաների մայր, մանկավարժ Նոյեմ Հակոբջանյանը։ Նրա ամուսինը՝ Վլադիմիր Հակոբջանյանը մինչև 44-օրյա պատերազմը Ասկերանի շրջանի Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն էր։
«2018 թվականին շահագործման հանձնվեց Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված՝ միջազգային նորմերին համապատասխան դպրոցական շենքը, որը սակայն երկար չվայելեցինք»,- ասում է Վ. Հակոբջանյանը։ Բազմազավակ ընտանիքը նոր էր Ասկերանում սեփական տուն կառուցել և հարակից ընդարձակ հողամասում աճեցնում էին ամեն ինչ՝ հատապտուղներից մինչև բանջարեղեն։ «Շրջափակման ամիսներին բանջարանոցն ու այգին եղավ մեր փրկությունը։ Երեխաներին էլ սիրով ընդգրկվում էին հողի հետ աշխատելու պրոցեսին։ Ուզում էինք երեխաները մանկուց կապվեին հողին ու հասկանային, որ սերը հարենիքի նկատմամբ սկսվում է հողը սիրելուց»,- ասում է ընտանիքի հայրը։ Հակոբջանյանները բռնագաղթելուց առաջ մի բուռ հող են վերցրել, որը որպես սուրբ մասունք են պահում։
2023-ի սեպտեմբերի 19-ի և դրան հաջորդած դեպքերից հետո Հակոբջանյանները բոլորի նման բռնեցին գաղթի ճանապարհը։ «Շուրջ 40 ժամ ճանապարհ ենք անցել։ Մեր սեփական մեքենայում 8 հոգով էինք, այդ թվում՝ 1 տարեկան դուստրս ու զառամյալ տատիկս։ Ամեն պահի վառելիքի, ուտելիքի, ջրի պաշարի սպառվելու մտավախությամբ հատել ենք Հակարիի կամուրջը»։ Դեռևս ճանապարհին ամուսինները որոշել են՝ եթե Արցախից դուրս, ապա միայն Գյումրիում է լինելու իրենց ժամանակավոր ապաստարանը։ «Գյումրիում ենք հոկտեմբերի 1-ից։ Գյումրեցիներն իրենց մաշկի վրա զգացել են աղետի գոտու ողջ դառնությունները, ուստի շատ լավ են հասկանում տուն, տեղ, հարազատներ կորցնելու արհավիրքը։ Մեր շրջապատն անում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի ինտեգրումը նոր իրականությանը հնարավորինս մեղմվի»,- պատմում է Նոյեմ Հակոբջանյանը։
Գյումրիում հաստատվելուց հետո մարզի կրթության բաժնից ամուսիններն առաջարկ ստացան ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու համար։ «Ես Ոսկեհասկի միջնակարգ դպրոցում աշխատանքի անցա, որպես աշխարհագության և ֆիզիկայի ուսուցչուհի, երկու առարկաների մասնագետ եմ, ամուսինս Գյումրու համար 32 և Մարալիկի դպրոցներում արցախցի երեխաների դասապատրպաստում է իրականացրել ուսումնական տարվա ընթացքում»։ Տան երկու երեխաները դպրոցահասակ են, սովորում են Գյումրու համար 4 դպրոցում, մեկը մանկապարտեզի սան է։ Տան կրտսերի խնամքը ամուսնու մայրն է իրականացնում։ Ուսուցչուհին նաև դպրոցի երեխաների համար հատուկ դասընթաց է կազմակերպել՝ ներկայացնելով ղարաբաղյան ժենգյալով հացի արարման ծիսակարգը։ Նպատակն արցախյան կոլորիտ ստեղծելու հետ մեկտեղ արցախյան ավանդական կերակրատեսակը տարածելն է։
«Այստեղ սկսել եմ նաև խմորեղենի արտադրությամբ զբաղվել։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ փոքրիկների ծննդյան տարեդարձերին գումար խնայելու համար ինքս եմ որոշել տոնական տորթը թխել ու զարդարել»,- ասում է նա։ Հրուշակեղենի արտադրությամբ լուրջ զբաղվելու համար նաև անվճար դասընթացների է մասնակցել նախ «Խաչմերուկ» կենտրոնում, ապա շարունակել նաև զարգացնել սեփական կարողությունները։ «Այժմ արդեն պատվերներ եմ ստանում։ Ճիշտ է դժվար է, սակայն որոշել եմ կանգ չառնել, որովհետև և՛ հմտանալու կարիքը կա, և՛ առհասարակ, կարիք ունենք, քանի որ ամեն ինչ զրոյից ենք սկսում և հանուն երեխաների պարտավոր ենք միշտ առաջ նայել։ Ցերեկները զբաղվում եմ երեխաների խնամքով, դպրոցի աշխատանքով, իսկ խմորեղենի պատվեր եթե լինում է, գիշերներն եմ թխում»,- ասում է Նոյեմ Հակոբջանյանը։
Վարձով են ապրում, ընտրել են ընտանեկան բյուջեին համապատասխան բնակարան։ «Ապրելու ենք մայր հայրենիքում և փորձելու ենք իրագործելու բոլոր այն նպատակները, որոնք նախանշել էինք Արցախում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախ վերադառնալու ակնկալիքով»,- ասում է Վլադիմիր Հակոբջանյանը։ Անահիտ Պետրոսյան |