«Գյուղից հետս հող եմ բերել․ Ավետարանոցից այդ մի բուռ հողն է մնացել»․ համայնքի ղեկավար
13.06.2024 17:49

«Հորական տատիս՝ Իսկուհի Մադաթյանի ընտանիքը՝ գյուղի մեծահարուստներից էր, Իրանից են տեղափոխվել Ավետարանոց։ Ամարասի վանքի շրջակայքի թթենու այգիներն իրենք են հիմնել։ Երբ ձևավորվել է կոլեկտիվ տնտեսությունը, իրենց օղի թորող գործարանով ընդգրկվել են կոլտնտեսության կազմում։ Հողերի սեփականաշնորհումից հետո թթայգու ծառերից մի քանիսն էլ մեր ընտանիքին է բաժին հասել»,- Ա1+-ի հետ զրույցում պատմում է հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող Ավետարանոց գյուղի վերջին համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանը։

1840 թվականից մինչև 1923 թվականն Արցախի Ավետարանոց բնակավայրը եղել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում։ 1923 թվականին տարածաշրջանը խորհրդայնացվել և ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերանի շրջանում։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզմամբ և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակումով Ավետարանոցը դարձել է Արցախի Ասկերանի շրջանի բնակավայր։

Գյուղն ուներ 1408 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող։ Գործում էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, առկա էր մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։

Հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը հասանելի էին։ Ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Բազմաթիվ հուշարձաններ, հնադարյան եկեղեցիներ ու դամբարաններ կան նրա շրջակայքում, որոնցից 53-ը հաշվածված և գտնվում էին պետության հոգածության ներքո։ Հայտնիների շարքում է խաչքար-հուշարձանը, որը ներառված է աշխարհագրության դասագրքում։

«Մինչև 44-օրյա պատերազմն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի օգնականն էի, ապրում էի գյուղում, ընտանիքս զբաղվում էր մեղվապահությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ 44-օրյա պատերազմի հետևանքով Ավետարանոցը բռնազավթվել է։ 2021 թվականի ապրիլի 1-ին, որպես համայնքի ղեկավար գնացել եմ հարազատ ծննդավայր՝ դիակ կար հանելու։ Թշնամու թույլտվությամբ գյուղից հետս հող եմ բերել։ Այն լցրել ենք ծաղկամանի մեջ և ծաղիկ աճեցրել։ Ավետարանոցի երկհարկանի նորակառույց առանձնատնից ու անասնաֆերմայից, ծնողներիս ունեցածին՝ իմ ավելացրածից այդ մի բուռ հողն է մնացել, որը միշտ մեզ հետ է»,- ասում է զրուցակիցս։

Մինչև 2020 թվականը գյուղը 1200 բնակիչ ուներ։ Բռնագաղթից հետո 10 ընտանիք տեղափոխվել է Ռուսաստան։ Մնացածներն այժմ հաստատված են Հայաստանում։ Շատերն են զբաղվում գյուղատնտեսությամբ։

«Կապը միշտ կայուն եմ պահում բնակիչների հետ։ Հնարավորության սահմաններում նրանց այցի եմ գնում։ Որ քաղաքում կամ գյուղում ավելի շատ ավետարանոցցիներ կան այնտեղ եմ աշխատում գնալ, որպեսզի միանգամից շատերին կարողանամ տեսնել»,- ասում է զրուցակիցս։

Սոցիալական հարթակում էջ է բացել, որտեղ հաճախակի է տարբեր գրառումներ անում հարազատ գյուղի և համագյուղացիների հաջողությունները հանրայնացնում՝ նրանց միասնականությունն ու մեկը-մյուսին մասին տեղեկացվածությունն ապահովելու համար։ 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում էր հաստատվել։ Համայնքապետարանը քաղաքում գրասենյակ ուներ, զբաղվում էին համագյուղացիների խնդիրների լուծմամբ։

«Ընկերներով հաճախակի էինք լինում Ամարասի հովտում, որտեղ շարունակում էինք գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Սարուշենից անզեն աչքով երևում էր գյուղը։ Հաճախ հենց այնպես էինք գնում Սարուշեն՝ Ավետարանոցին այնքան հեռու, միաժամանակ՝ այնքան մոտիկ ծննդավայրը տեսնելու համար։ Անչափ ցավալի էր՝ հեռադիտակով դիտում էինք բարբարոսների ձեռքն ընկած ու աստիճանաբար փլատակների վերածվող գյուղին։ Անչափ դժվար է համակերպվել ծննդավայրի կորստի հետ։ Գյուղը հեռվից տեսնելն էլ դարման էր լինում մեր ցավեցնող վերքերին։ Էն ժամանակ գոնե Արցախում էինք»,- ասում է զրուցակիցս։

Ավետարանոցում Մադաթյանների տոհմական գերեզմանատան առաջին տապանն ի հիշատակ ռուսական բանակի հայտնի գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովին էր կանգնեցված։

«Սերում եմ Մադաթովների հայտնի տոհմից։ Հարազատ եղբորս անունը կնքել են հենց ի հիշատակ գնդապետ ազգականի։ Ցավոք, նա չի հասցրել ամուսնանալ, զավակներ ունենալ։ Նրա գլխավորած ջոկատը՝ 2 հազար զինվորով, 1826-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ է տարել պարսկական 10 հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցել Գանձակի ճակատամարտին, իսկ նույն թվականի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրել պարսկական նվաճողներից։ Մադաթովի սխրագործությունների մասին խոսելիս ասում են, որ երկու ձեռքի բոլոր մատները չեն հերիքում դրանք թվարկելու համար»,- պատմում է Սմբատ Մադաթյանը։

Մտորում է՝ տեսնես ռուսական բանակի գեներալ-լեյտենանտի հուշաքարը տեղո՞ւմ է։ «Դեռ Արցախում էինք, երբ Սղնախ գյուղի գերեզմանատունը քարուքանդ էր արել թշնամին, այնտեղով ճանապարհ էր անցկացրել։ Մեր գյուղի տները վառել, ավերել, մեր տունն էլ զորանոցի էին վերածել։ Հիմա արբանյակով եմ դիտում գյուղը։ Գերեզմանոցը ավերված է, գերեզմանաքարերն այս ու այն կողմ թափթփված»։

«Մեր անձնագրերում հստակ գրառված է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Չգիտեմ ինչու այժմ արցախցիներիս փաստորեն պարտադրում են ՀՀ քաղաքացիություն ձեռքբերել, բնակարանով ապահովելու ծրագրից որպեսզի կարողանանք օգտվել։ Փոխհատուցման ծրագիրը բազմաթիվ բացասական կողմեր ունի ու այն լիովին չի կարող փոխհատուցում կոչվել։ Ընտանիք կար, որ մի քանի բնակարան ուներ։ Ասենք մեր համայնքում մարդիկ կային, որ Ստեփանակերտում էլ բնակարան ունեին։ Կկարողանան այդ մարդուն ամբողջությամբ փոխհատուցել։ Կամ ընտանիք կար, որ ամբողջ կյանքը վարձով էր ապրում։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք ողջամիտ լուծումներ են պահանջում։ Իմ կարծիքով մեր հայրենակիցներից շատերը հենց այդ ծրագրերի պատճառով են արտագաղթել այլ երկրներ»,- մտահոգություն է հայտնում բռնազավթված համայնքի ղեկավարը։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter