«Երդվել եմ՝ երեխաներիս հասցնելու եմ իրենց նպատակին»․ ամուսնու զոհվելուց հետո Անին միայնակ է մեծացնում 3 որդիներին |
20.06.2024 18:04 |
«Ամբողջ սրտով ատում եմ պատերազմը»,- ասում է Անին։ Նրան ու ամուսնուն Արցախյան 44-օրյա պատերազմն է բաժանել։ Այսօր Անին 3 անչափահաս որդիների հետ հաստատվել է Եղեգնաձորում՝ պատերազմից հետո այստեղ բնակարան են ձեռք բերել։ Թեեւ բժշկական կրթություն ունի, երբեւէ չի աշխատել։ Հիմա էլ դեռ չի մտածում աշխատելու մասին՝ երեխաները փոքր են, օգնող չունի։ «Երեխաների մեծանալու հետ նաև հոգսերն են շատանալու։ Դրա համար էլ որոշել եմ վարսահարդարի դասընթացներ անցնեմ։ Այդ արհեստի մեջ եմ ինձ տեսնում, մոտս ստացվում է։ Մյուս կողմից էլ երեխաների խնամքի հետ հարմար աշխատանք է»,- ասում է Անին։ Որպես զոհված ազատամարտիկի զավակներ՝ երեխաներն ամենամյսա նպաստ են ստանում, ընտանիքը այդ գումարով է այժմ ապրուստը հոգում։ Տան ամենալուսավոր տեղը ամուսնու հիշատակի անկյունն է։ Այստեղ իրենց անհոգ տարիների կյանքն է, ասում է Անին։ Նա այստեղ մոմ է վառում, ամուսնու հետ ամենօրյա բան ու գործից խոսում։ Ամենավճռական պահերին այստեղ որոշում կայացնելը հեշտությամբ է տրվում` ասում է զոհվածի այրին ու հիշում Գեւորգ Ջպանյանի հետ ապրած տարիները․․․ Եղեգնաձորցի Անին 2012-ին ամուսնացավ և հարս գնաց Արցախի Ուղտասար գյուղ։ Դժվարությամբ համակերպվեց նոր կյանքին։ «Ամուսինս նույնպես ծնունդով Եղեգնաձորից էր, սակայն նրանք վաղուց էին Արցախ որպես վերաբնակիչներ տեղափոխվել։ Ամուսնուս սիրո և հոգատարության շնորհիվ ու նրա միջոցով ճանաչեցի Արցախն ու արցախցուն»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Անի Եղյանը։ Կինը հիշում է՝ Գեւորգը սիրում էր ներդաշնակություն, հանգստություն։ Մասնագիտություն չուներ, հողագործությունն էր նրա զբաղմունքը։ «Ամուսինս թեև մասնագիտական կրթություն չէր ստացել, սակայն ամեն գործ ձեռքից գալիս էր։ Կենցաղում շատ ապրանքներ կային, որ նրա սարքածն էինք օգտագործում՝ պահարան, սեղան, աթոռ։ Հողի հետ էր հիմնականում աշխատում, գուցե այդ սերն էլ ստիպեց, որ անգամ կյանքը չխնայեց հողի համար»,- ասում է զրուցակիցս։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը փոխեց ամեն ինչ։ «Կիրակի էր։ Ամուսինս վաղ առավոտյան էր դաշտ գնում։ Կես ժամ չէր անցել, երբ զանգեց ու ասաց, որպեսզի պանիկայի մեջ չընկնեմ, երեխաներին շտապ հավաքեմ ու տնից դուրս գամ, քանի որ պատերազմ է սկսվել»։ Հետո Անին համագյուղացիներից լսեց, որ Գևորգը դիրքեր է գնում։ Լուր ուղարկեց ամուսնուն, որպեսզի դիրքեր գնալուց առաջ գոնե գա, իրեն տեսնի։ Սեպտեմբերի 27-ին, ժամը 16։00-ին վերջին անգամ տեսավ ամուսնուն։ «Ասաց, որպեսզի հանգիստ լինի ռազմի դաշտում, երեխաների հետ Եղեգնաձոր գնամ։ Ասացի՝ ախր Գև ջան, ոնց կլինի, ինչպե՞ս կապրենք առանց քեզ։ Լացեցի, որ ինձ համար դժվար կլինի միայնակ երեք որդիներին մեծացնելը… Ասաց՝ Ան ջան, ցավդ տանեմ, իմ կյանքը ոչ մեկի կյանքից թանկ չի։ Հետո երեխեքին գրկեց ու ասաց՝ Փառք Աստծո, ես երեք երեխա եմ գրկել, սիրել։ Այլևս չփորձեցի առարկել»,- հիշում է Անին։ Գևորգի ծնողների ուղեկցությամբ Անին երեխաների հետ տեղափոխվեց Եղեգնաձոր։ Հոկտեմբերի 11-ին երբ Գևորգն իմացավ, որ Հադրութի ուղղությամբ է լինելու հերթական մարտական առաջադրանքի կատարումը, զանգեց Անիի եղբորն ու պատվիրեց՝ Անիին ու երեխաներին լավ պահեն։ «Ասաց՝ չգիտեմ ես այնտեղից հետ կգամ, թե չէ։ Իմոնց լավ կպահեք, չթողնեք երեխաներիս աչքները ինչ-որ բանի վրա լինի»։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, ասացին, որ Գևորգը վիրավորել է։ Մինչ Անիի եղբայրները Երևանի հիվանդանոցներում էին նրան փնտրում, ամուսնու մայրը զանգեց ու ասաց, որ Գորիսում գտել են Գևորգի դին։ Նա զոհվել էր Հադրութի՝ Թութակներ կոչվող տեղամասում։ «Ռազմական գործությունների պատճառով չկարողացանք ամուսնուս Արցախում հուղարկավորել։ Ստիպված էինք իմ ծննդավայրում կատարել հուղարկավորության արարողությունը»։ Հոկտեմբերի 15-ին վերջին հրաժեշտը տվեցին ենթասպա Գևորգ Լյովայի Ջպանյանին։ «Իմ կիսատ մնացած կյանքը, լավագույն հիշողությունները, Գևորգի հետ ապրած ամեն մի վայրկյանը Ուղտասարում է մնացել։ Իմ երջանկությունն այժմ իմ երեխաների մեջ է։ Նրանցից յուրաքանչյուրի մեջ Գևորգի հայացքն է։ Իմ հիշողություններն ու միասին ապրած տարիները Ուղտասարում մի ամբողջ կյանք են»,- ասում է տիկին Եղյանը։ «Որդիներիս հետ հաճախ եմ խոսում իրենց հայրիկից, պատմում նրա մարդ տեսակից։ Բայց ինչ էլ անում եմ, նրանց աչքերի թախիծը չեմ կարողանում ցրել։ Շատ են կարոտում հայրիկին։ Երդվել եմ Գևորգիս, որ երեխաներին հասցնելու եմ իրենց նպատակին։ Ամուսինս երազում էր, որ իր երեխաները կրթություն ստանան, որ կյանքում կարողանան իրենց արժանի տեղը գտնել»,- ասում է Անին։ Անահիտ Պետրոսյան «Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։ |