Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության օր: Երեխաներն այն անմեղ էակներն են, որոնք կարողանում են իրենց անկեղծությամբ եւ անմիջականությամբ ջերմացնել մարդկանց սրտերը, հրճվանքի եւ գոհունակության պահեր պարգեւել իրենց ծնողներին: Նրանք արժանի են, որպեսզի իրենց ամեն մի օրը լինի գունագեղ եւ բազմազան, լի գորովանքով եւ սիրով: Նրանք ծաղկեցնում են մեր ներկան, պարուրում մեզ հոգեզմայլ երջանկությամբ եւ ապրեցնում մեզ վաղվա հույսով: Այսօրվա հրաշք երեխան վաղը կարող է դառնալ հայտնի գիտնական, պոետ, գյուտարար… Ի՞նչ իմանաս, թե մեր շուրջն անհոգ թռվռացող մանուկները վաղը չեն դառնա հայտնի մարդիկ ու նրանցով չի պարծենա Արցախը, ինչու չէ նաեւ ողջ աշխարհը: Այսօր մեր կառավարությունն
անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանվեն մեր երեխաների իրավունքները, նրանք մեծանան առողջ, կրթված եւ ազատ: Պետք է տանել այնպիսի դաստիարակություն, որ մեր երեխաները դառնան մեր հասարակության լիիրավ անդամները, ինքնադրսեւորվեն ու կայանան: Երեխայի ճիշտ դաստիարակման համար պատասխանատու է առաջին հերթին նրա ծնողը: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են ծնողների անտարբերության զոհը դառնում հենց իրենց երեխաները: Ցավալի է, բայց փաստ է, որ մեր շրջապատում կան նման երեխաներ: Ունենալով ե՛ւ հայր, ե՛ւ մայր նրանք չեն ստանում բավարար դաստիարակություն, էլ չենք խոսում սիրո ու քնքշանքի մասին: Երեխան տանը չստանալով տարրական դաստիարակություն` դպրոցում չի ենթարկվում ուսուցչին, չնայած վերջիններս ջանքեր չեն խնայում նրանց ՙմարդ՚ դարձնելու համար: Լինում են դեպքեր, որ հենց նման երեխաներն են ունենում բացահայտ ընդունակություններ լավ սովորելու համար: Սակայն նրանք կորչում են անտիրությունից եւ դառնում հասարակության համար պատիժ եւ չարիք: Իսկ դա հարիր չէ մեր նորաստեղծ երկրին եւ ընդհանրապես` հայ ազգին: Մնում է անուշադիր եւ անպատասխանատու ծնողներին կոչ անել, որպեսզի նրանք ուշքի գան եւ ըստ արժանվույն դաստիարակեն իրենց զավակներին: Չէ որ ամեն մի մարդու կյանքի նպատակն ու իմաստն իր երեխային երջանիկ եւ կայացած մարդ տեսնելն է: Հաճախ էլ սիրտդ խանդաղատանքով է լցվում եւ միաժամանակ ճմլվում, երբ հանդիպում ես երեխաների, ովքեր լինելով միակողմանի ծնողազուրկ կամ ոչ ապահով ընտանիքի զավակ, ստանում են ճիշտ դաստիարակություն, աչքի են ընկնում համեստությամբ, խելացիությամբ եւ բնածին շնորհքով: Ամեն անգամ նման երեխաների հանդիպելով` հիանում ու միաժամանակ ցանկություն ես ունենում օգնել, սատարել նրանց, քանի որ համոզված ես, որ հենց այդ երեխաներն են մեր երկրի ապագան: Այդպիսի մի հրաշամանուկ է ապրում Իվանյան գյուղում: Փոքրիկ Էթերին դառը ճակատագրի բերումով երկու տարեկանում զրկվել է հորից: Նրան ծանոթ չեն հայրական գուրգուրանքը, խրատներն ու սերը: Երեխային դաստիարակում են մայրը, ով չափազանց համեստ մի կին է, ինչպես նաեւ տատիկն ու պապիկը: Վերջիններս ուրիշ ի՞նչ պիտի անեին, եթե իրենց չնվիրաբերեին թոռնիկներին: Մոսիյանների ընտանիքը Արցախյան պատերազմում կորցրել էր նաեւ ավագ որդուն` Էդիկին: Չհանգչող մորմոքը սրտում, երկու որդիներին կորցրած Գյոզալ տատիկն ապրում է միայն թոռնիկներին մեծացնելու, արժանի անհատներ դարձնելու հույսով: Մեծ էր նրա զարմանքը, երբ հասկացավ, որ Էթերին ունի գրելու շնորհք: Երեխան իր առաջին ոտանավորը գրել էր 3-րդ դասարանում: Զգայուն աղջնակն անընդհատ գրում էր հայրենի Խրամորթի մասին: Երազում էր, որ մի օր կվերադառնան հարազատ օրրանը եւ իր տատիկի ու պապիկի աչքերում երջանկության գոնե փոքրիկ պատառիկներ կտեսնի: Գուցե դրանից հետո մի փոքր կամոքվի նրանց վիշտը: Երեխան թախծում էր եւ երազում: Ինչպես մեծն Թումանյանն է ավանդել. ՙԹախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, եւ մենք երազկոտ ժողովուրդ ենք՚: Էթերի Մոսիյանը սովորում է Իվանյանի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: Նա սիրում է գրել, նկարել եւ շախմատ խաղալ: Սակայն դա չի խանգարում, որ նա նաեւ դպրոցում լավ սովորի եւ լինի ակտիվ աշակերտուհի: Երբ տատիկի ձեռքից բռնած մտավ խմբագրության շենք, մենք հիացանք աղջկա անմիջականությամբ ու պարզությամբ: Կոկիկ հագնված, ամեն մի խոսքի տեղն իմացող եւ հոգատար հայացքով անընդհատ տատիկի աչքերի մեջ նայող աղջիկ էր մեր առջեւ կանգնած: Վշտահար տատը ճգնում էր զսպել արցունքները ու պատմում էր թոռնուհու մասին: Մի փոքր զրույցից հետո հասկացանք, որ Էթերին խելամիտ ու մեծ երեւակայության տեր է: Իզուր չէ, որ բազմաթիվ բանաստեղծություններ ունի գրած արցախյան գեղատեսիլ բնության, մայրիկի, տիկնիկի, եղբոր, իրենց գյուղի հուշարձանի մասին: Ամենակարեւորն էլ այն է, որ նա մեծանում է իսկական հայուհուն հատուկ պահվածքով: Ցանկանում է դառնալ ուսուցչուհի եւ զբաղվել երեխաների կրթման սուրբ գործով: Նա մեծ սիրով է խոսում իր առաջին ուսուցչուհի` Արինա Մնացականյանի մասին: Գուցե եւ նրա հանդեպ ունեցած սիրուց է ընտրել իր ապագա մասնագիտությունը: ՚՚Ի՞նչ կցանկանայիր մաղթել քո հասակա-կիցներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՚՚ հարցին փոքրիկ Էթերին պատասխանեց. - Աշխարհի բոլոր մանուկներին Հունիսի 1-ի առթիվ ցանականում եմ խաղաղություն, խինդ ու ծիծաղ, թող երբեք ոչ մի մանուկ լաց չտեսնի: Իմ Արցախի երեխաներին էլ ցանկանում եմ, որպեսզի բոլորս լավ սովորենք ու կարողանանք մեր երկրի համար պիտանի լինել ու միշտ հիշենք, որ այս երկրի խաղաղությունը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ ու այժմ մեր հերթն է, որպեսզի այն պահպանենք: Իրոք, մենք հիացած էինք Էթերիկի տրամաբանությամբ, լավատեսությամբ: Նա ունի բնատուր շնորհք եւ ինչու չէ, կարող է եւ հայտնի բանաստեղծուհի դառնալ: Մնում է, որպեսզի գտնվի մի հովանավոր փոքրիկ բանաստեղծուհուն տեր կանգնելու, օգնելու եւ նրա բանաստեղծությունները տպագրելու համար: Համոզված ենք, որ Էթերի Մոսիյանի հանրահայտ անունը մենք կլսենք տարիներ հետո: Այո՛, երեխաները մեր հպարտությունն են, մեր ձեռքբերումների շարունակողը: Թո՛ղ անկախ Արցախի խաղաղ երկնակամարի ներքո մշտապես շողան բոլոր երեխաների ժպտերես դեմքերը եւ ուրախությունից շողշողան նրանց աչքերը:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |