«Կարողանալու եմ մեր երեխաների համար լինել և՛ մայր, և՛ հայր», վստահ է Մարտունու քաղաքապետի այրին
23.06.2024 12:18

DSCF5812«Կռիվա, ժամանակ չկա խոսելու, լավ մնացեք»․․․ Սրանք Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանի վերջին խոսքերն էին՝ ուղղված կնոջը․․․

Մարիամ Ավանեսյանն այսօր 3 մանկահասակ երեխաների ու ամուսնու մայրիկի հետ ապրում է Երեւանում։ Նոր կյանքին, նոր միջավայրին դեռ չի կարողանում ինտեգրվել։ Աշխատելու ուղղությամբ առայժմ չի մտածել, սակայն հասկանում է՝ առանց դրա հնարավոր չէ՝ երեխաներին ապահովել է պետք։

Մասնագիտությամբ մեթոդիստ է Մարիամ Ավանեսյանը, սակայն չի աշխատել․ «Ազնավուրը սիրում էր, երբ ես միշտ տանն էի լինում»,- ասում է նա։

Նպատակ ունի այնպիսի արհեստ յուրացնել, որը և՛ պահանջված կլինի, և՛ եկամտաբեր։

«Երեխաներս դեռ չեն ադապտացվել նոր միջավայրին, նոր իրողություններին։ Ապրելու համար, այո՛, միջոցներ են պետք, բայց առայժմ դժվարանում եմ ինչ-որ բան ձեռնարկել։ Ամեն ինչ այնքան անսպասելի տեղի ունեցավ, որ ուշքի գալու համար դեռևս ժամանակ է հարկավոր»,- ասում է քաղաքապետի այրին։

Մարիամ Ավանեսյանի համար կյանքը կանգ է առել 2023-ի սեպտեմբերի 19-ին։

«Չէի մտածում, որ այդ հեռախոսազրույցը վերջինը կլինի։ Վերջինը… Դաժան է հնչում։ 44-օրյա պատերազմի օրերին ամեն պահի վատ լուրի էի սպասում։ Պատերազմից հետո թվում էր՝ ամեն վատն արդեն անցյալում է։ Մարտունուց դուրս մեզ երբեք, ոչ մի պարագայում չէինք պատկերացնում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մարտունու քաղաքապետի այրին։

44-օրյա պատերազմից հետո Ազնավուր Սաղյանն ընտրվեց Մարտունու քաղաքապետ և կնոջ խոսքով՝ իրեն ամբողջությամբ նվիրեց պատերազմական գործողությունների հետևանքով ծանր վնասներ կրած ծննդավայրի վերականգնմանը։

«Բոլորիս նպատակն էր ապրեցնել ու ծաղկեցնել Արցախը։ Արցախցին իրեն հատուկ համառությամբ նորից սկսեց արարել` անտեսելով թշնամու բոլոր սպառնալիքները։ Մենք երազում էինք խաղաղության մասին, բայց խաղաղություն այդպես էլ չեղավ։ Փոխարենը եղավ բլոկադա։ Նոր դժվարություններ, նոր զրկանքներ, սով...»,- ասում է զրուցակիցս։


«Ազնավուրն ու նրա նման հայրենասեր տղաներն իրենց կյանքով մեզ կյանք պարգևեցին։ Գոնե այդքան զոհողություններից հետո հնարավոր լիներ ապրել մեր պապենական հողում, որպեսզի մեր զավակները կարողանային քայլել այն արահետներով, որոնցով իրենց հայրիկն էր քայլել»,- ասում է Մարիամը։

Խոսելով քաղաքապետի կին լինելու պատասխանատվությունից ու առավելությունից՝ Մարիամն ասում է, որ նախ և առաջ իր համար պատիվ էր Ազնավուրի կինը լինելը։

«Ամուսինս համեստորեն էր իր պաշտոնը վարում, մենք էլ փորձում էինք ամեն կերպ աջակցել նրան։ Ուղղակի չափազանց մեծ էր զբաղվածությունն ու պատասխանատվությունը։ Մենք հազվադեպ էինք ընտանիքով ճաշում, միասին ժամանակ անցկացնում։ Երեխաների աչքերը միշտ դռանն էին, անհամբեր սպասում էին հայրիկի գալուն։ Արդեն այդ գրաֆիկին էլ էինք հարմարվել։ Երբ տուն էր մտնում, տոն էր մեզ համար։ Երեխաների հետ խաղալը, զբաղվելը կտրում էր նրան առօրյա հոգսերից։ Դա իրական երջանկություն էր։ Ես ամեն ինչ անում էի, որպեսզի ավելորդ հոգսերով չծանրաբեռնեմ նրան, այլև օգնեմ հնարավորության դեպքում»,- ասում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ազնավուր Սաղյանի այրին։

Փոքրիկները հայրիկի մասին հաճախ են խոսում։

«Անհամբեր սպասում են, որ մի օր կբռնենք հետդարձի ճանապարհը՝ Մարտունի։ Ասում են հայրիկն այնտեղ է՝ տանը, իրենց է սպասում։ Շատ հաճախ են հիշում իրենց միասին խաղերը, հայրիկի պատմած հեքիաթները։ Հարցնում են` ինչ ճաշեր էր ավելի շատ սիրում, ինչ գույներ, ինչով էր սիրում զբաղվել, երբ փոքր էր»,- ասում է տիկին Ավանեսյանը։

«Ազնավուրը համոզված էր, որ մենք՝ ես ու նրա մայրիկը, միասին ամեն ինչ անելու ենք՝ մեր զավակներին լույս ու ջերմություն տալու, իրենց նպատակներին հասցնելու համար։ Նարեն շատ է սիրում երգել, պարել, նաև նկարել։ Հայրիկի կարոտը նկարի միջոցով է արտահայտել Նարես՝ պատկերելով իր ու մեր երազած ընտանիքը՝ հավերժ միասին»։

Մարիամն ասում է, որ անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի երեխաներն իրենց կողքին ոչ թե հուսահատ մայրիկի, այլև իրենց հենասյուն ու հուսալի մարդու տեսնեն։

«Կանեմ ամեն բան, որպեսզի մեր երեխաները մեծանան իրենց հայրիկին արժանի զավակներ։ Իրավունք չունեմ հանձնվելու։ Պահ է գալիս, որ ինձ անզոր եմ զգում, բայց երբ նայում եմ փոքրիկներիս աչքերին, հուզմունքս խեղդում եմ մեջս ու փորձում ժպտալ՝ հանուն նրանց։ Ազնավուրի բացակայությունն ամենուր է, դատարկություն է համատարած, սակայն համոզված եմ, որ Ազնավուրն ինձ ուժ ու զորություն է տալու, ու ես կարողանալու եմ մեր երեխաների համար լինել և՛ մայր, և՛ հայր»։

 

Անահիտ Պետրոսյան

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter