«Ամեն կերպ ջանում ենք ինտեգրվել նոր կյանքին, նոր իրողություններին»
25.06.2024 12:24

59cb9b19-5e99-4763-8b99-8d57865023c5«Սեպտեմբերի 19-ին 9 ամիս սովի, ցրտի ու անորոշության դեմ պայքարից հետո սկսվեց այդքան ատելի ու սարսափելի պատերազմը։ Ուղիղ 24 ժամ անլույս նկուղներում միայն աղոթում էինք, որպեսզի րոպե առաջ դադարեցվի այն։ Չարաբաստիկ օրվա ավարտին եկավ անսպասելի ու ամենաանտանելի բոթը՝ պետք է տեղահանվել։ Այդ օրերին Ստեփանակերտը վերածվել էր վառվող դժոխքի. մեկը փաստաթղթեր էր վառում, մյուսը՝ թանկ հուշեր, 3-րդը որդուն էր հուղարկավորում։ Ծանոթ-բարեկամները կամ շրջափակման մեջ էին կամ անհայտ ճակատագրով։ 21-ի կեսգիշերից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը լցված էր հազարավոր մեքենաներով»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մարինեն։

Ամուսիններ Գենադի և Մարինե Մուսայելյանները, ծնվել են Արցախում։ Մարտունիում էին ապրում, ապա տեղափոխվեցին Ստեփանակերտ։

«Երբ երեխաները փոքր էին, աշխատանքի ողջ ծանրությունն ամուսնուս վրա էր։ Տարիների հետ, արդեն նրան օգնելու ժամանակ էի գտնում՝ հատկապես դպրոցական վինետկաների պատրաստման գործում։ Կային հնարավորություններ ու առաջարկներ այլ երկիր տեղափոխվելու, որտեղ հնարավոր էր մեր կարողությունները օգտագործելով ավելի լուրջ հաջողությունների հասնել, բայց մենք շատ էինք կապված մեր հող ու ջրին և երբևէ չէինք պատրաստվում լքել այն»,- ասում է զրուցակիցս։

44-օրյա պատերազմից հետո Աջափնյակում հողատարածք էին ձեռքբերել։ Նպատակ ունեին այնտեղ տուն կառուցել։

Տարածքում բանջարաբոստանային կուլտուրաներ էին ցանել, ինչը մեծապես օգնել է դիմակայել շրջափակման դժվարին օրերին։

«Շրջափակման առաջին 2 ամիսներին փորձում էինք բավարարվել ներքին ռեսուրսներով, սակայն գնալով հումքը վերջանում էր։ Շրջափակման պատճառով հումքի հերթական խմբաքանակը մնաց Հակարիի կամրջից այն կողմ։ Երբ թշնամին անջատեց նաև գազատար խողովակը, իսկ օրվա ընթացքում հոսանքը մի քանի ժամով էին տալիս՝ ինքնակազմակերպված, հավատով ու հույսով շարունակում էինք աշխատել, դպրոց հաճախել։ Երբեք չէինք տրտնջում, համարում էինք հերթական լուռ պատերազմը»։

Մուսայելյանների ընտանիքը 2023-ի սեպտեմբերի 26-ի կեսգիշերին՝ ավտոմեքենայի թափքում մի կերպ տեղավորելով 30 և ավելի տարիների ընթացքում ստեղծածից մի քանի պայուսակ՝ բռնեց գաղթի ճանապարհը։

«Տնից ու ֆոտոստուդիայից արժեքավոր որևէ իր չկարողացանք վերցնել։ Մարդատար փոքր մեքենայի մեջ հազիվ ընտանիքով տեղավորվեցինք։ Սեպտեմբերի 28-ին Գորիսում էինք՝ 38 ժամվա չավարտվող մղձավանջից հետո»։

Այժմ վարձակալությամբ են ապրում Երևանում։ Փոքր տղան և միջնեկ աղջիկը Շենգավիթի համար 18 դպրոցի սաներ են, ավագ աղջիկը՝ ԵՊՀ անգլերեն լեզու և գրականություն բաժնի ուսանող։ Ուսմանը զուգահեռ ձեռք է բերել ՍՄՄ մասնագիտություն։ Հույս ունի՝ մասնագիտական կարողությունները պիտանի կլինեն շատ մոտ ապագայում ծնողներին օգնելու և կրկին ընտանեկան բիզնես հիմնելու հարցում։

«Ամուսինս լուսանկարչի իր մասնագիտությամբ չունի այն պահանջարկը, ինչ ունեցել է Արցախում, սակայն նա շարունակում է փնտրտուքը՝ հուսալով, որ կգնահատվի պրոֆեսիոնալիզմը ու նվիրումը։ Ես աշխատում եմ «Կարմիր արև» մասնավոր մանկապարտեզում՝ որպես կրտսեր խմբի դաստիարակ։ Ամեն կերպ ջանում ենք ինտեգրվել նոր կյանքին, նոր իրողություններին։ Ստացել ենք փախստականի կարգավիճակ, չենք պատրաստվում լքել մայր հայրենիքը, որովհետև դրանից ավելի կորբանանք»։

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter