«Ժամանակն է իներտ վիճակից դուրս գալու»․ նախկին նախարարը Երեւանում գեղեցկության սրահ է հիմնել, որտեղ արցախցի կանայք են աշխատում
27.06.2024 12:26

FB_IMG_17194372670263591-144-օրյա պատերազմում ամուսնուն կորցրած Արմինե Պետրոսյանն իր մեջ ոչ միայն ապրելու ուժ էր գտել, այլև հսկայական պատասխանատվություն՝ պատերազմից հետո զբաղեցնելու Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։

Այժմ տիկին Պետրոսյանը երեխաների հետ հաստատվել է Երեւանում, գեղեցկության սրահ հիմնել, որտեղ արցախցի կանայք են աշխատում։ Ասում է՝ ժամանակն է իներտ վիճակից դուրս գալու, ինքնակազմակերպվելու։

Ա1+-ի հետ զրույցում տիկին Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է կարողացել ամուսնու զոհվելուց հետո դիմակայել ցավին, ոտքի կանգնել ու չկոտրվել․․․

Ամուսնու՝ Արցախի Հանրապետության արտգործնախարարության սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հետ ծանոթացել են «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության թիմում աշխատելու ժամանակ։ ՀԿ-ի հիմնադիրը Արմինե Պետրոսյանն էր։

«Երվանդին Արցախում բոլորը գիտեին որպես հայրենիքի հոգսերով ու խնդիրներով ապրող հայրենասեր մարդու։ Երվանդը ծնվել է Բաքվում հայտնի լրագրող Միքայել Հաջյանի ընտանիքում։ 1988-ին Ադրբեջանում հայ բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերից մի կերպ մազապուրծ՝ ընտանիքով բռնագաղթել են Երևան, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ․․․ 2019-ի հոկտեմբերի 30-ին լրացավ մեր ամուսնության 15-ամյակը։ Այդ օրն առաջին անգամ երկուսով նստել, խորհել ենք անցած 15-ամյա ճանապարհի մասին և պլանավորել ապագան»։

Մեկ տարի անց, սակայն, նախանշած պլանները կյանքի կոչելու պարտականությունը Արմինե Պետրոսյանը ստիպված եղավ ստանձնել միայնակ։

Պատերազմական գործողությունները սկսվելու օրվա առաջին կեսին Երվանդը կապվեց իր սփյուռքահայ գործընկերների հետ, իրավիճակի մասին հայտնեց՝ որոշում կայացնելով կամավորագրվել հայրենիքի փրկությանը։

«Գնալուց առաջ եկավ տուն, մենք նույնիսկ հրաժեշտ չտվեցինք, որովհետև ասաց՝ գնում եմ գրանցվեմ, հետ գամ։ Հետո զանգեց ու ասաց, որ իրեն անհրաժեշտ պարագաները զորամաս հասցնենք»։

Ամուսինն առաջնագծում էր, ինքը՝ թիկունքում։

«Հացի փռերից մեկում աշխատանքի անցա, աշխատուժի պակաս կար։ Նաև Երևանից հասնող օգնություններն էինք տեսակավորում։ 11 տարեկան աղջկաս՝ Լուսինեին ասում էի՝ դու մեծ ես ու պատասխանատու փոքր եղբորդ համար։ Հենց կրակոցի ձայներ լսեք, իսկույն իջեք նկուղ։ Այդպես թողնում էի նրանց ու գնում։ Ճիշտ է՝ ուշքս ու միտքս նրանց հետ էր, բայց չգնալ չէի կարող։ Օրեր անց, ընկերուհուս հորդորով երեխաներին Երևան ուղարկեցի։ Քաղաքապետարանում հերթական մարդասիրական բեռն էինք թափում ու դասավորում, որպեսզի համապատասխան աշխատողները դրանք տեղափոխեն նկուղներ՝ այնտեղ պատսպարված բնակիչներին բաժանելու համար։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո վազելով հացի փուռ էի գնում։ Հետո փուռի տիրոջից իմացա, որ մեր թխած հացը Երվանդենց մարտական դիրքերն էլ են տանում։ Ուրախացած զանգեցի ու Երվանդին հայտնեցի այդ մասին, նա էլ ուրախացավ։ Լսում էի՝ ինչպես է տղաներին հպարտությամբ ասում, որ իրենց մատակարարվող հացն իր Արմինկան է թխում (ինձ այդպես էր անվանում)։»

Ամուսինների վերջին հեռախոսազրույցը հոկտեբերի 5-ին էր։

«Երբ նա ցանկացավ խոսել երեխաների հետ, ես կմկմալով ասացի, որ երեխաներին Երևան եմ ուղարկել։ Մի փոքր լռելուց հետո Երվանդն ասաց՝ ուրեմն իրավիճակն այնքան ծա՞նր է, որ երեխաներին Արցախից հանել ես։ Չգիտեի՝ նրան ինչ պատասխանել։ Չեմ պատմել նաև, որ երեխաներին ճանապարհելու հաջորդ օրը ռումբն ընկել է մեր շենքի դիմացի շինանյութերի խանութի վրա, ու պայթյունի ալիքից մեր պատուհանները պոկվել, երեխաների անկողնու վրա էին թափվել․․․ Վստահ էի, որ նա վերադառնալու է։ Երբեք մտքովս չէր անցնում, որ Երվանդը կարող է զոհվել։ Ամեն անգամ հեռախոսով խոսելու ժամանակ խնդրում էի զգույշ լինել, և նա դա խոստանում էր։ Բայց պատերազմն իր դաժան օրենքներն ունի»։

Հոկտեմբերի 6-ը Արմինեի կյանքի ամենադաժան օրը դարձավ․․․

«Կյանքում առաջին անգամ ես հանձնվելու, ելք չգտնելու զգացողություններ ունեցա։ Բայց ինձ հավաքեցի։ Ֆիզիկապես միայնակ, բայց հոգեպես միասին՝ վճռեցի իրականություն դարձնել այն ամենը, ինչը երկուսով պլանավորել էինք»։

Ռազմական գործողությունների հետևանքով լուրջ վնասներ կրած Արցախը պարտավոր էր ոտքի կանգնել։ Արմինե Պետրոսյանը եւս լծվեց այդ գործին։

2020թ աշնանային պատերազմից հետո մի որոշակի ժամանակահատվածում նրան վստահվեց Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պարտականությունը։

«Անչափ պատասխանատու ժամանակահատված էր, և ես պարտավոր էի կատարել պարտքն իմ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ և միևնույն ժամանակ ընտանեկան ծանր շրջան ապրող երեխաներիս կողքին լինել։ Գտնում էի, որ Երվանդի կիսատ թողած գործերը շարունակություն պիտի ունենան։ Մյուս կողմից էլ ինձ մեղավոր էի զգում, որ շատերիս փայփայած հայրենիքն այդպիսի վիճակում է հայտնվել։ Առավոտից մինչև ուշ երեկո գտնվում էի աշխատավայրում։ Երեխաներին շատ քիչ էի տեսնում։ Նրանք էլ ծանր հոգեբանական վիճակում էին, մանավանդ աղջիկս։ Մեկուսացել էր, ամբողջ օրն իր սենյակից դուրս չէր գալիս։ Եթե չլինեին հարազատներս, շատ ավելի դժվար կլիներ։

Մի օր երեխաներիս հետ լուրջ զրույց ունեցա ու ասացի, որ չեմ կարող չանել, այն ինչ անում եմ»,- ասում է տիկին Պետրոսյանը։

Արմինե Պետրոսյանն ասում է՝ իր ափսոսանքն ու ցավն ավելի շատ Արցախում մնացած մեր սրբություններն են։ «Երվանդի և նրա եղբոր՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Նորայր Հաջիյանի գերեզմաններն ենք թողել Արցախում։ Հաջիյանների ընտանիքի ունեցած ամենաթանկն ու սուրբն ենք թողել»,- ասում է նա։

Արմինե Պետրոսյանը չցանկացավ խոսել շրջափակման ամիսների, գաղթի, ճանապարհին առաջացած դժվարությունների մասին՝ ծանր է դրանք կրկին վերապրելը։ Փոխարենը խոսեց բոլոր այն քայլերի մասին, որոնք իրականացրել է Երևանում հաստատվելուց հետո։

«Առավել նախընտրելի է խոսել ապագայի մասին, որովհետև դա ուժ է տալիս այստեղ ապրելու, պայքարը շարունակելու: Իմ այստեղ աշխատելու միակ հույսն ու նպատակը հետվերադարձն է։ Հանուն մեծ վերադարձի պետք է պինդ ու ամուր կանգնենք մեր հողի վրա։ Շատ ծանր եմ տանում, երբ արցախցի ընտանիքներն արտագաղթում են Հայաստանից»։

Արմինե Պետրոսյանը Երևանում տարածք է վարձակալել և գեղեցկության սրահ բացել՝ «Հինչ լավնըս» անվանումով։ Սրահի աշխատողներն արցախցի կանայք են։ Այստեղ ամեն ինչ Արցախի մասին է հիշեցնում։

«Սրահը գործում է փետրվար ամսից, 15 կին ապահովված է աշխատանքով։ Ունենք 13 աշակերտ, ովքեր նաև կրթաթոշակ են ստանում։ Եռամսյա ուսումնառությունը շուտով կավարտվի։ Նրանք կստանան համապատասխան վկայականներ։ Հազվագյուտների մեջ մեր սրահն էլ կարողացել է շահել սոցապնախարարության արցախահայության զբաղվածության ապահովման ծրագրի կրթական բաղադրիչից օգտվելու հնարավորություն և ձեռք բերել լիցենզիա, որի շնորհիվ կկարողանանք նաև կրթական ծրագրեր իրականացնել»,- ասում է Արմինե Պետրոսյանը։

Գեղեցկության սրահի անվան ընտրության շուրջ երկար է մտածել, փնտրել ու գտել այն, ինչը բնորոշում է սրահի առաջարկած ծառայությունների աշխատանքի վերջնարդյունքը։

«Նպատակս մեկն էր. այստեղ ինչ աշխատանք էլ ձեռնարկեմ, արցախյան տարր պետք է պարունակի իր մեջ։ Յուրաքանչյուր այցելու, դուրս գալով մեր սրահից, անպայման պետք է լսի՝ «հի՜նչ լավնըս» արտահայտությունը։ Ու այդպես էլ կա»։

Տարբեր ծառայությունների մատուցմանը զուգահեռ՝ այստեղ արցախցիների համար անվճար ուսուցում են կազմակերպում։

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի չկոտրվենք։ Շատերն այստեղ երկրորդ մասնագիտություն են ձեռքբերում, որպեսզի կարողանան նոր պայմաններին դիմանան, գոյատևեն»։

Հայաստանում Արմինե Պետրոսյանը վերագրանցել է «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը։ Շուտով վերսկսելու և իրականացնելու է այն բոլոր ծրագրերն ու գաղափարները, որոնք Արցախում եղել են կազմակերպության գործունեության առանցքում։

 

Անահիտ Պետրոսյան

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter