Ուղիղ մեկուկես ամիս գիշեր - ցերեկ միայն ծաղիկներ եմ գործել, քանի որ քաղաքում ծաղիկներ չկային․ արցախցի |
10.07.2024 14:37 |
Ռուզաննա Հարությունյանը Ստեփանակերտից է, մասնագիտությամբ լրագրող, սակայն երբևէ մասնագիտությամբ չի աշխատել՝ ամուսինը դեմ էր։ Փոխարենը տարիներ շարունակ զբաղվում է ձեռագործ իրերի արտադրությամբ և բավականին հաջողություններ ունի այդ բնագավառում։ Ինքնուս է՝ ասում է, ու բավական է մեկ անգամ տեսնի այս կամ այն իրն ինչպես է պատրաստվում։ «Ձեռագործությամբ սկսել եմ զբաղվել 2020թ. պատերազմից հետո՝ ամուսնուս մեծ քրոջ օգնությամբ։ Նա Շուշիից էր բռնի տեղահանվել և Ստեփանակերտում ձեռագործ տիկնիկների պատրաստման խմբում գործում էր։ Նրա առաջարկով ես նույնպես միացա խմբին»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է տիկին Հարությունյանը։ Խմբում ներգրավվելուց մեկ ու կես ամիս անց Սուրբ զատկի տոնին Ռուզաննան ինքնուրույն գործեց իր առաջին զատկական ճուտիկները։ «Ճուտիկներին հաջորդեցին չրխկան խաղալիքները՝ փայտե օղակի վրա և աստիճանաբար ավելացրեցի տեսականիս։ Միշտ աշխատում եմ գործել ճիշտ օրինակի նման՝ եթե ոչ ավելի լավ»։ Աստիճանաբար գործած խաղալիքները շատանում էին և Ռուզաննայի մոտ մտահղացում առաջացավ ունենալ սեփական ապրանքանիշն ու գործած խաղալիքների վաճառք իրականացնել։ «Բրենդի անվանումը «m.r.m.khandmade» է։ Սրանք ուղղակի տառեր չեն, այլ մեր՝ ամուսնուս, իմ և մեր բալիկների անունների սկզբնատառերն են`Մհեր, Ռուզաննա, Մելիք, Կարինկա։ Մտահաղացումն ամուսնուս է պատկանում»։ Գործելուց զատ Ռուզաննան նաև ստեղծագործում է, փորձում ստեղծել այն, ինչը միայն իր մտքի ու գաղափարի արգասիքն է։ «Շատ եմ սիրում գործել, սիրում եմ ստեղծել իմը։ Գործելուց նաև շատ եմ հանգստանում, այն մեծապես հանում է լարվածությունս։ Հատկապես բռնի տեղահանվելու առաջիկա ամիսներին ձեռագործությամբ զբաղվելը փրկեց հուսալքությունից»։ «Ճիշտ է խանութներում թելեր գտնելը մեծ խնդիր էր, բայց դա պատճառ չէր, որ անգործ նստեի։ Ուղիղ մեկուկես ամիս գիշեր - ցերեկ միայն ծաղիկներ եմ գործել, քանի որ քաղաքում ընդհանրապես ծաղիկներ չկային։ Իսկ երջանկացնել սիրելիներին ու հարազատներին՝ նույնիսկ շրջափակման տաղտկալի ու գորշ թվացող օրերին, բոլորն էին ուզում»։ Բռնագաղթից առաջ Ռուզաննան մտածում էր՝ ի՞նչ վերցնել ծննդավայրից, որը մնայուն կլինի ու հավերժ։ «Մեր բակից մի բուռ հող ենք վերցրել ու հագուստ՝ այնտեղ թողելով մի ամբողջ կյանք, մեր հիշողությունները, մեր հարազատների գերեզմանները։ Ժամանակ ենք թողել, որն այնտեղ կարծես թե այնքան երկար էր ձգվում, իսկ այստեղ ոչնչի համար այն չի հերքում։ Բալիկներիս անհոգ մանկությունն ու խաղերն ենք թողել՝ գուցե անվերադարձ»,- դժվարությամբ արտաբերում է զրուցակիցս ու հավելում՝ փառք Աստծո, որ կյանք ենք բերել… Հարությունյանները հաստատվել են Երևանում՝ վարձակալությամբ են ապրում։ «Շարունակում եմ զբաղվել ձեռագործությամբ, ջանում եմ զարկ տալ նոր տեսականի ունենալուն։ Դժվար է, քանի որ այստեղ չունեմ այնքան հաճախորդ, ինչքան ունեի Արցախում, բայց չեմ հուսահատվում։ Այստեղ ամենամեծ դժվարությունը երևի թե ժամանակի սղությունն է։ Հայաստանում ցուցահանդեսների ու տոնավաճառների եմ մասնակցել։ Մտածում եմ նաև որոշ խանութների հետ համագործակցել»։ Խոսելով նոր իրականության մեջ հաստատվելու դժվարություններից ու խնդիրներից՝ տիկին Հարությունյանն ասում է, որ 9 ամյա տղան միանգամից հարմարվել է նոր դպրոցին՝ շնորհիվ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների հոգատարության։ «Աղջիկս նախակրթարան է հաճախում, մի քիչ ավելի ուշ հարմարվեց, մտածում եմ խնդիրը երևի շփվելու, գրական հայերենի եւ բառբառի միջև է։ Իսկ ամենամեծ խնդիրը՝ կարծում եմ նաև բազմաթիվ արցախցիների համար, բնակարանայինն է։ Քանի որ սկզբնական շրջանում ժամանակ ու բնակարանի ընտրության հնարավորություն չունեինք՝ բնակվեցինք այնտեղ, որտեղ ազատ տուն գտանք։ Աստիճանաբար մտածում էինք, որպեսզի այն ավելի էժան ու մատչելի լինի։ Ու այդպես մի քանի անգամ տնից տուն, թաղամասից թաղամաս ենք տեղափոխվել։ Աղջիկս հրաշալի պարում է, բայց մինչև մշտական բնակության հասցե չունենանք, դժվար կարողանանք որևէ արտաժամյա խմբակի մասնակցել։ Վերջերս էլ առողջական խնդիրներ եմ ունեցել, ու դեռ ապաքինման փուլում եմ»,- մտահոգություն է հայտնում տիկին Ռուզաննան։
Պետական աջակցության ծրագրերից օգտվում են։ Ասում է՝ նոր իրականության մեջ առաջ մղող ուժը եղել և մնում է հետվերադարձի հույսը, որը փայփայում են ինչպես կարողանում են։
Անահիտ Պետրոսյան |