ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
08.06.2012 18:32

 Մայիսի 29-ին շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի 2011-2012 ուսումնական տարվա հաշվետու համերգը եւ շրջանավարտների 15-րդ հոբելյական թողարկումը, որին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Մելորդ Ջհանգիրյանը, Ասկերանի քաղաքապետ

Ալյոշա Գաբրիելյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության արվեստի եւ ժողովրդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ Պավել Կարաբեկովը, հյուրեր, ծնողներ: Այդ գեղեցիկ միջոցառումը մի յուրօրինակ հաշվետվություն էր դպրոցի կատարածի, ձեռքբերումների մասին: Դպրոցի դասատուներին եւ սաներին առաջին անգամ հնարավորություն ընձեռվեց հանդես գալ մեծ եւ լուսավոր դահլիճում, որն այդ օրը լեփ-լեցուն էր երաժշտությունը գնահատող մարդկանցով: Երգին եւ երաժշտությանը սիրակարոտ մեր ժողովուրդն արժանի է ունկնդրելու հայտնի երգահանների ստեղծագործությունները, վայելելու դպրոցի սաների կատարումները, որոնք վարպետությամբ էին ներկայացնում մեկ տարվա ընթացքում իրենց սովորածը: Մշակութային այս օջախի տնօրենն ու դասատուները մեծագույն պատասխանատվությամբ մոտենալով իրենց աշխատանքին` կարողանում են սաներին ավելի մոտեցնել երաժշտությանը եւ նրանց մեջ բացահայտել երաժշտական բնատուր շնորհք: Իրոք, տաղանդաշատ երեխաներ են սովորում երաժշտական դպրոցում: Եվ այսօր 18 սան ավարտում է դպրոցը, սակայն նրանց սերն այնքան մեծ է դպրոցի եւ դասատուների հանդեպ, որ, կարծես, դժվարությամբ են հրաժեշտ տալիս: Նրանց անթերի կատարումներն այս տարիների ընթացքում իրենց յուրացրածի վառ ապացույցն էր: Հմուտ դասատուների ձեռքերում սաները հիմնովին կատարելագործվել եւ անկաշկանդ էին հանդես գալիս: Դպրոցի սաները նվագեցին դաշնամուրի, ակորդեոնի, քանոնի, ջութակի, քյամանչայի եւ կլառնետի վրա: Իսկ դհոլահարների եւ շվիահարների կատարումներն էլ ավելի բարձր տրամադրություն ապահովեցին դահլիճում: Վոկալ բաժնի սաները եւ երգչախումբը երգեցին հայտնի երգահանների երգեր: Համերգին նույն ոգեւորությամբ ու վարպետությամբ հանդես եկան նաեւ Խնապատի, Նորագյուղի եւ Ավետարանոցի մասնաճյուղերի սաները: Հանդիսատեսի համար հիանալի անակնկալ էր Ասկերանից սերված, մոսկվայաբնակ, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Ավետիսյանի ելույթը, որն իր գեղեցիկ կատարումով շնորհավորեց շրջանավարտներին` նաեւ հպարտություն հաղորդելով իր հայրենակիցներին: Իսկ շրջանավարտներ եւ միաժամանակ հաղորդավարներ Անժելա Բադալյանն ու Գառնիկ Հայրապետյանը <<Смуглянка>> զուգերգի անթերի կատարմամբ նոր շունչ հաղորդեցին միջոցառմանը։
 Հանդեսի վերջում շրջանավարտները մեծարանքի, գնահատանքի եւ շնորհակալանքի խոսքեր հղեցին դպրոցի տնօրենին եւ բոլոր դասատուներին: Նրանք իրենց սրտի խոսքն ասացին մեծագույն սիրով եւ քնքշությամբ, քանզի հենց դասատուների շնորհիվ է, որ այսօր իրենց զգում են երաժշտությամբ պարուրված: Իրոք, սաների ելույթները հաճելի անակնկալներ էին դասատուների համար: 
 Դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը շնորհավորելով շրջանավարտներին եւ շնորհակալություն հայտնելով ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար` միաժամանակ քաղաքապետարանի կողմից պատվոգրեր եւ նվերներ հանձնեց տարվա լավագույն դասատուներին եւ սաներին:
 Վերջում շրջանավարտները հանդիսավոր պայմաններում ստացան վկայականներ եւ դպրոցի կողմից արժանացան հուշանվերների:
 Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն իր գոհունակությունն արտահայտելով նշեց.
 -Իրոք, արվեստը եւ հատկապես, երաժշտությունը մարդու հոգին գերող, սիրտը բարիացնող, տրամադրությունը բարձրացնող միջոց է հանդիսանում: Չլիներ երաժշտությունը՝ մարդու կյանքը խավարի կնմանվեր: Ամեն անգամ մասնակցելով այս դպրոցի միջոցառումներին` հոգեկան մեծ բավարարվածություն ենք զգում եւ նոր անակնկալների հանդիպում: Շնորհակալություն ենք հայտնում տնօրենին, բոլոր դասատուներին իրենց քրտնաջան ու հաճելի աշխատանքի համար: Հարկ է նշել, որ վերջերս տնօրեն Անահիտ Բադալյանն իր 15 տարվա բեղմնավոր ստեղծագործական գործունեության համար շրջվարչակազմի կողմից արժանացել է թանկարժեք նվերի:
 Մեծ հպարտություն ենք զգում, որ ունենք տաղանդաշատ Լեոն եւ Տիգրան Սարգսյաններ, Սնեժանա Թամրազյան, Յուլիա Հայրապետյան, Գոռ Դանիելյան եւ շատ ու շատ երեխաներ, որոնք մեր բոլորիս պարծանքն են: Ամեն անգամ նրանց հանդիպելիս մի հատուկ հիացմունք եւ, ինչու չէ, նաեւ պատասխանատվություն ենք զգում: Ուրախ ենք, որ Ասկերանում դաստիարակվում է նման երաժշտասեր սերունդ:
Շրջանավարտների ծնողների անունից խոսք ասաց Գայանե Գաբրիելյանը.
 -Այսօր բոլորիս համար իսկական տոն է: Մենք ականտեսը եղանք մի հրաշալի համերգի, որին առանձնահատուկ սիրով են նախապատրաստվել ե՛ւ դպրոցի սաները, ե՛ւ դասատուները: Այն, ինչ մենք տեսանք, մեր դասատուների աշխատանքի արդյունքն է: Արդյունք, որով հպարտանալ միայն կարելի է: Այսօրվա հանդեսը մեզ կարողացավ կտրել առօրյա բոլոր հոգսերից եւ միառժամանակ մեզ տանել արվեստի աշխարհ: Շնորհավորելով շրջանավարտներին` նաեւ ցանկանում եմ բոլոր ծնողների անունից երախտագիտություն հայտնել դպրոցի տնօրենին եւ դասատուներին եւ հույս հայտնել, որ նրանց սաները բարձր կպահեն դպրոցի անունը եւ միշտ կհիշեն իրենց դասատուներին: 
Իհարկե, ապրեցինք հաճելի եւ ուրախ պահեր, վայելեցինք գեղեցիկ երաժշտություն: Իսկ, որ Ասկերանի երաժշտական դպրոցը կարողանում է կազմակերպել նման հրաշալի միջոցառումներ, գիտեն բոլորը:
 - Օգտվելով առիթից իմ եւ կոլեկտիվի անունից մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, ով մշտական ուշադրության կենտրոնում է պահում դպրոցի գործունեությունը եւ ցանկացած հարցում աջակցում ու ընդառաջում է մեզ։ 
 Ինչպես նաեւ շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանին՝ ուսումնական տարվա լավագույն սաներին եւ դասատուներին նվերներ տրամադրելու, իսկ ՙԲերդ՚ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանին` պատվոգրերի տպագրության հարցում օժանդակելու համար։ 
 Մեկ անգամ եւս ուզում եմ շնորհավորել մեր շրջանավարտներին՝ մաղթելով նրանց Աստվածային խաղաղություն, պարզ մարդկային մտերմություն, հայկական գեղեցիկ ավանդույթների պահպանում, գալիքի նկատմամբ հավատի ամրապնդում։ Ուզում եմ որպես ուղենիշ միշտ հիշեք այս պատգամը՝ երաժշտությունը մտքի հզոր աղբյուր է, առանց երաժշտական դաստիարակության անհնար է լիարժեք մտավոր զարգացում։ 
 Այս գեղեցիկ միջոցառման կազմակերպմանն իրենց մեծ ներդրումն ունեցան նաեւ մեր շրջանավարտների ծնողները, ամենայն պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ եւ համախմբվածությամբ։ 
 Անշուշտ, բոլորս էինք հուզված, թե՛ դասատուները, ե՛ւ թե շրջանավարտները։ Իսկ այս պարզ եւ մաքուր էակների սերն էլ ամենակարեւոր գնահատականն է բոլորիս համար,- վերջում իր սրտի խոսքով եւ տպավորություններով մեզ հետ կիսվեց Անահիտ Բադալյանը։
Հաջողություններ ենք մաղթում դպրոցի անձնակազմին հետագա գործունեության մեջ։ Համոզված ենք, որ առաջիկայում նրանք նորանոր հաջողություններ կարձանագրեն:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ





















 
























 

 

 

 

 

 

 




 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter