Ընկերությունն արտադրում է 12 տեսակի բնական մեղր․ յուրաքանչյուրն ունի սպեցիֆիկ բուժիչ հատկություն․ «Հաթերք ֆուդ»-ի ներկայացուցիչ |
26.07.2024 16:24 |
«Հաթերք ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին՝ Արցախի Հաթերք գյուղում։ Նախաձեռնությունը հաթերքցի երիտասարդ բժիշկ Սամվելի Միրզախանյանն էր։ Նրա նպատակն էր հարազատ գյուղն աշխարհին հայտնի դարձնելուն զուգահեռ Արցախում, ապա նաև Հայաստանում կազմակերպել բժշկական մեղրի արտադրություն։ Մեղվաբուծությունը Միզախանյանների ընտանիքում պապից թոռ է փոխանցվել և ավելի քան 150 տարվա պատմություն ունի։ Աշխատանքում միշտ շեշտադրում են արել բարձրորակ արտադրանք ստանալու վրա ու վերջերս նորարական արտադրանքով են ներկայանում։ Հայաստանի միակ արտադրողն են, որ 25 տեսակի արտադրանք ունեն։ Ունեն մելիլոտուսի միածաղկանի մեղր, որը դասվում է էլիտար բուժիչ մեղրի շարքին։ Այդ նպատակով Հատիսի լեռնային գոտում մելիլոտուսի դաշտ են ցանել, հատուկ աճեցրել։ «Ընկերությունն այժմ արտադրում է 12 տեսակի բնական մեղր, կրեմ մեղր և 12 տեսակի սուֆլե մեղր՝ մրգերով, հատապտուղներով և դեղաբույսերով հագեցած։ Դրանցից յուրաքանչյուրն ունի սպեցիֆիկ բուժիչ հատկություն։ Արվել է ամեն ինչ, որպեսզի մեր սպառողները տեղեկացված լինեն մեր արտադրանքի մասին, մեծ ուշադրություն է դարձված փաթեթավորմանը։ Այն նաև QR կոդ ունի, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն ինֆորմացիա ստանալ տվյալ մեղրի մասին՝ ներառյալ լաբորատոր հետազոտության տվյալները և բուժիչ հատկությունները»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ընկերության ներկայացուցիչ Մարիամ Միրզախանյանը։ Մինչև 2020 թվականը «Հաթերք ֆուդ»-ն ուներ միայն արցախյան արտադրանք ու արտադրությունը ներառել է Մարտակերտի և Քարվաճառի շրջանները։ «2020-ին Քարվաճառի շրջանում մեղվաընտանիքի մեծ մասն ու բազմաթիվ այլ կորուստներ ունենալուց հետո որոշել ենք արտադրություն սկսել Տավուշի մարզում, ու Քարվաճառից ինչ հնարավոր եղավ՝ տեղափոխեցինք Տավուշ։ Տարեցտարի սկսեցինք ընդլայնել արտադրանքի ծավալներն ու աշխարհագրությունը»։ 2021-ից միջազգային տարբեր մրցույթների, փառատոնների են մասնակցում՝ ներկայացնելով իրենց արտադրանքը։ Արտահանում ունեն դեպի Քաթար, ունեն պատվեր Շվեյցարիայից, արտադրանքի նկատմամբ հետաքրքրություններ կան Արաբական Միացյալ Էմիրությունների մի քանի երկրներից, ներկայացված են Եվրոպական մի շարք երկրներում։ Վերջերս լրացավ ընկերության գործունեության 6-ամյակը։ Եվ այն նշանավորվել է նրանով, որ ընկերությունը 16-րդ անգամ արժանացել է միջազգային մրցանակի։ «Միջազգային մրցույթներում բազմաթիվ անգամներ առաջին հորիզոնականն ենք զբաղեցնում, ինչը հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում ևս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի անունը և ցույց տալու աշխարհին, որ հայկական մեղրը լավագույնն է։ Դա իր հերթին օգնում է արտադրողին արտահանման գործում։ 16 անգամ՝ աշխարհի տարբեր երկրներում /Անգլիա, ԱՄՆ, ԱՄԷ, Եվրոպա/ խոշոր մրցույթների ժամանակ «Հաթերք ֆուդ»-ը լավագույնն է ճանաչվել որպես մեղրի բրենդ՝ որակի, բրենդինգի, համի և նորարարության անվանակարգերում։ Մրցանակների մեծ մասը որակի համար են՝ ոսկե ու պլատինե մրցանակներ, և օրեր առաջ Լոնդոնից միջազգային երեք մրցանակ ենք բերել Հայաստան. բրենդիգի համար՝ արծաթե, որակի համար՝ պլատինե և «Global honey star» մրցանակները։ Վերջինս անակնկալ էր մեզ համար, քանի որ 35 երկրներից 500-ից ավելի մասնակից ուներ մրցույթը, ընդ որում նաև Թուրքիայից։ Մենք հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, պատմեցինք Հաթրեքի դարավոր պատմության, մեր արտադրանքի մեկ ու կես դարյա պատմության, խոսեցինք բռնազավթված մեր ծննդավայրից»,- ասում է զրուցակիցս։ Ընկերության հիմնադիրները 2018-ին ձեռնամուխ են եղել «Էկոտուրիզմն Արցախում» հասարակական կազմակերպության ստեղծմանը, որի նախաձեռնությամբ արցախյան ժենգյալով հացի փառատոններ են կազմակերպվել և անցկացվել՝ փորձելով Արցախի զարդ համարվող ժենգյալով հացը ճանաչելի դարձնել աշխարհին։ Եվ «Հաթերք ֆուդ»-ը և «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնության նպատակն իրականում մեկն էր՝ ճանաչելի և հայտնի դարձնել Արցախն ու նրա խոշոր գյուղերից մեկը՝ Հաթերքը, ծանոթացնել նրա մշակույթին ու ավանդույթներին, նպաստել տուրիզմի զարգացման։ Լինում էին դեպքեր, երբ Հաթերքը շփոթում էին Աթենքի հետ, ինչը մեզ մտածելու տեղիք էր տալիս։ Ուստի բրենդի անվան ընտրությունը հենց դրա հետ էր կապված։ Բռնագաղթից հետո ավանդույթները շարունակում են Հայաստանի տարբեր տարածաշրջաններում ակտիվորեն էքսպոների մասնակցելով։ «Ամրագրում ենք տաղավարներ, հրավիրում հաթերքցի կանանց և տեղում թարմ և տաք ժենգյալով հաց թխում, նաև՝ մաստեր կլասներ անցկացնում, մարդկանց հնարավորություն ընձեռում հացի արարման արարողակարգին ներկա գտնվելու»,- ասում է հասարակական կազմակերպության անդամ Մ․ Միրզախանյանը։ Արցախից Հայաստան ամենատարբեր էքսպոների մասնակցության հնարավորություն է ունեցել կազմակերպությունը, որտեղ ներկայացրել է «Հաթերք ֆուդ» տաղավարը, իսկ խոշոր էքսպոների մասնակցելու ժամանակ ժենգյալով հաց արարող բազմաթիվ արցախցիներ՝ ոչ միայն Հաթերքից, ներգրավվում էին փառատոններին։ «Նույնիսկ շրջափակման պատճառով Հայաստանում մնացած մեր հայրենակիցները սիրով մասնակցում էին ժենգյալով հացի փառատոնների»։ Այժմ աշխատանքների ծավալներն ավելի են մեծացել, կրկնապատկվել է պատասխանատվությունն ու պարտավորվածությունը՝ ասում է։ «Հայաստանում կազմակերպվող բոլոր էքսպոներին աշխատում ենք մասնակցել։ Փորձում ենք միշտ ակտիվ մասնակցություն ցուցաբերել։ Միայն այս տարի Haterk Food -ի հետ եղել ենք 10 տարբեր երկրներում, մասնակցել 3 խոշոր միջազգային ցուցահանդեսների, ու մրցանակաբաշխությունների։ Առաջիկայում պլանավորում ենք ևս 2-3 միջազգային ցուցահանդեսների մասնակցել»,- ասում է Մ. Միրզախանյանը։
Անահիտ Պետրոսյան |