Փոխգնդապետի այրին մինչ օրս չի կարողանում ընդունել ամուսնու զոհվելու փաստը, սպասում է նրան |
25.07.2024 23:39 |
Սվետա Ավանեսյանի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կյանքը երկու մասի է բաժանված։ Փոխգնդապետ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Օնիկ Կարոյի Գրիգորյանի այրին մինչ օրս չի կարողանում ընդունել ամուսնու զոհվելու փաստը, սպասում է նրան․․․ «Մեր կյանքն Օնիկից հետո առանց Օնիկի չի, Նա մեզանից բացակա է ֆիզիկապես, հոգեպես միշտ մեզ հետ է, ամեն օր խոսում ենք, վերհիշում դրվագներ նրա հետ ապրած տարիներից։ Դրանք փոքր-ինչ ուժ են տալիս առաջ նայելու։ Ինձ համար ապրելու իմաստ դարձան մեր երեխաները, հանուն նրանց փորձում էի ուժ գտնել իմ մեջ, որպեսզի կարողանայի իրագործել բոլոր այն նպատակներն ու երազանքները, որ միասին էինք պահել»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է տիկին Ավանեսյանը։ Ամուսնու զոհվելուց հետո Սվետան մտածում էր աշխատանք գտնելու ուղղությամբ, սակայն չէր կարողանում տրամադրվել։ Միջնակարգ մասնագիտական կրթությունը ֆինանսներ և բանկային գործ ուղղությամբ էր, ստացել մասնագիտությամբ աշխատել չի հասցրել։ Ամուսնու մասին պատմելիս՝ ասում է՝ ծառայության բերումով հազվադեպ էր տանը լինում։ Երեխաներն էլ միշտ անհամբեր սպասում էին, օրեր հաշվում, թե երբ է հայրիկը գալու։ «2002 թվականին ենք ամուսնացել։ 14 տարի ապրել ենք սիրո և հոգատարության ջերմ մթնոլորտում։ Ընտանիքի և երեխաների հոգսերով էի զբաղվում, աշխատելու մասին կարծես թե չէի էլ մտածում։ Իսկ Օնիկից հետո արդեն հոգեպես ի վիճակի չէի աշխատելու՝ չնայած ջանք էի գործադրում։ Ուղղակի չէի կարողանում մարդկանց հետ երկար շփվել, հաղորդակցվել»։ Օնիկ Գրիգորյանի զավակներն ավարտել են իրենց հոր անունը կրող՝ Իվանյանի միջնակարգ դպրոցը։ Դպրոցի բակում կանգնեցված էր հերոսի կիսանդրին։ «Երեխաներս հիմա այնպիսին են, ինչպիսին իրենց հայրիկը կցանկանար։ Տաթևս այս տարի ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել բակալավրի կոչում։ Ավարտելուց հետո փաստաբանական գրասենյակում աշխատանքի է ընդունվել որպես կրտսեր իրավաբան։ Նպատակ ունի շարունակել ուսումը՝ աշխատանքի հետ համատեղելով: Կարծում եմ հայրիկը հպարտ կլիներ նրա հաջողություններով, ինչպես որ հիմա դրանք ինձ ապրեցնում են»։ Տաթեւն Արցախում ընտանեկան բիզնես էր հիմնել, այն շարունակում է Երևանում։ Տղան՝ Հովհաննեսը, բնավորությամբ շատ նման է հայրիկին՝ ասում է մայրը։ «Հովհաննեսը դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Այժմ Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է։ Նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր ընտրած մասնագիտությանը, գտնում է, որ մեր երկրին լավ դիվանագետներ են պետք, երկրի արտաքին և ներքին հարաբերությունները կայուն պահելու համար, ու իր բնագավառում անելու է հնարավորը՝ պատերազմները բացառելու համար, քանի որ դրանից մեծապես անմեղ մարդիկ են տուժում և երեխաներ։ Նրա համար Արցախում ապրելն ու աշխատելը կյանքի կարևորագույն նպատակ էր ու հայրիկի կորստից հետո երկրորդ դաժան հարվածը Արցախի կորուստը եղավ»։ Սվետա Ավանեսյանը հոգու խաղաղությունն ու անդորրը փոքր-ինչ գտել է տան մի սենյակը ամուսնու հիշատակի թանգարանի վերածելու և նրա շիրմաքարի հետևի մասում իրենց համատեղ լուսանկարը դաջելու մեջ։ Հուլիսի 25-ին լրանում է Օնիկ Գրիգորյանի ծննդյան 46-ամյակը։ Արցախում գտնվող ամուսնու գերեզմանին ծաղիկ խոնարհելու հնարավորությունից զրկված են։ «Եռաբլուր կգնանք, հերոսների քաղաքում մեր ազգի հերոսների ոգին է թևածում։ Այնտեղ մի տեսակ թեթևացած եմ շնչում»,- ասում է Սվետան։
Անահիտ Պետրոսյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։ |